Ինչո՞ւ ենք սխալվել

Ինչո՞ւ ենք սխալվել

Թեկուզ սպանեք, բայց ես ինչ-որ բան չեմ հասկանում: Չէ, այնպես չէ, որ մտածողության և տրամաբանության առումով որևէ խնդիր ունեմ: Բայց, այնուամենայնիվ, ինչ որ բան կա, որ կամ սխալ է կամ էլ իմ հասկացողությունից դուրս է: Ավելի քան մեկ ու կես տասնամյակ Լ. Տեր-Պետրոսյանի կողմից քրեաօլիգարխիկ բնութագրված իշխանության դեմ կռիվ տաս, այնուհետև մերժես դրա վերջին ներկայացուցչին ու իշխանության բերես մեկին, որը երեք ու կես տարում արեց այն ամենի հակառակը, ինչ պետք է որ արվեր քո և քո նման մտածողների կարծիքով: Եթե մենք 2018-ի մայիսից ունենայինք այն իշխանություն, որի համար կռիվ էինք տվել 15-20 տարի, ապա պետք է որ չծագեին անհասկանալի հարցեր: Որովհետև այդ իշխանությունը բաղկացած կլիներ պետական մտածողության տեր խելացի անձանցից՝ իր ղեկավարով հանդերձ: Այդ իշխանությունն ադեկվատ ձևով կգնահատեր Հայաստան պետության շահը և երկիրը կտաներ ոչ թե պարտության, այլ զարգացման, բարգավաճման և հզորացման ճանապարհով: Եվ հարևանների հետ փոխհարաբերություններում ոչ թե խաղաղություն կմուրար, այլ կպարտադրեր արժանապատիվ խաղաղություն:

Բայց 2018-ի գարնանը մեզ ինչ-որ ուժերի կողմից (տեղական կա՛մ օտար և կամ երկուսը միասին) պարտադրվեց Նիկոլ անունով մեկը՝ որին կարծես թե ճանաչում էինք: Հետո պետք է պարզվեր, որ հեչ էլ չէինք ճանաչել, և դա էլ բավարար չէր, իրեն շրջապատել էր անփորձ, անուղեղ և անկամ երիտասարդների ինչ-որ խմբավորմամբ: Ու երբ երկրի զարգացման համար անհրաժեշտ արմատական բարեփոխումների փոխարեն Նիկոլի կողմից կյանքի կոչվեց անձնական վրեժխնդրությունը՝ հասկացանք, որ ընկել ենք էն բանի (որի անունը սովորաբար չի տրվում) մեջ: Սակայն եթե իշխանություն կորցրած նախկիններին հանենք, ապա կարելի էր մատների վրա հաշվել այն անձանց թիվը, ովքեր դա ընկալեցին: Շատ-շատերին պահանջվեց ժամանակային առումով երեք ու կես տարի, սակայն մեր ժողովրդի պատմության տեսակետից՝ մի ողջ դարաշրջան, որպեսզի հասկանային, թե ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը: Դժբախտաբար, դրանց հետ միասին մենք կրկին մնացինք որպես փոքրամասնություն: 

Դժբախտաբար, հայաստանցիներին դաս չեղան արաբական աշխարհի 19 երկրում 2010 թվականի դեկտեմբերից 2011 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում քաղաքական վայրիվերումները, որոնց արդյունքում 400-ից մինչև 650 հազար մարդ զոհվեց: Հետագա տարիներին զոհերի, վիրավորների, անտուն մնացածների քանակը հաշվվում է միլիոններով, այդ երկրներից մի քանիսին հասցված նյութական վնասը՝ դրանց տարեկան պետական բյուջեն մի քանի հարյուր անգամ գերազանցող գումարով: Ինչպես երևում է,  մարդկային պատմության հիմնական դասն այն է, որ ոչ մի ժողովուրդ չի սովորում ուրիշների հետ պատահած դժբախտության հիման վրա: Եթե այդպես չլիներ, ապա «արաբական գարունը» մեզ համար ուսուցանող դաս կլիներ, ու մենք 2018-ին կմերժեինք ոչ թե Սերժին, այլ հենց Նիկոլին: Ու չէինք ունենա 2020 թվականի աշնանային պատերազմը և դրանում մեր խայտառակ պարտությունը:

Ինչևէ, եղածն արդեն եղած է, ու շատ հարցերում արդեն ոչինչ փոխել հնարավոր չէ: Ուղղակի եթե մենք կարողանանք դուրս գալ էն բանի միջից, ապա դրանից հետո մեր երկրում պետք է արգելվի քաղաքական որևէ ընդվզում: Չենթարկվողների համար պետք է նախատեսվի առնվազն ցկյանս ազատազրկում՝ առանց ներման իրավունքի: Որովհետև մի քանի հազար զոհերը, դրանից կրկնակի վիրավորվածները, մի քանի հարյուր գերիներն ու մի քանի տասնյակ հազար անտունները՝ այդ ամենին գումարած Արցախի հսկայական տարածքային կորուստները բավարար են, որպեսզի յուրաքանչյուր նման դեպք արմատախիլ արվի էն գլխից: Այնպես որ, իսկապես չեմ հասկանում, թե այդ ինչ կախարդանք էր, որին համարյա թե ազգովի տրվեցինք երեք ու կես տարի առաջ, ու արդյունքում կանգնեցինք մեր պետականությունը կորցնելու վտանգի առջև: