Նախարարը 4-րդ հարկից 8-րդ է տեղափոխվել

Նախարարը 4-րդ հարկից 8-րդ է տեղափոխվել

ԿԳՄՍ նախարարությունը՝ գիտեք, 4 ոլորտ է ընդգրկում՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտները։ Դրանցից երկուսը՝ կրթությունն ու մշակույթը ժամանակին առանձին նախարարություններ էին եւ կառավարական սպիտակ մասնաշենքում երկու տարբեր հարկաբաժին էին զբաղեցնում։

Կրթությունն ու գիտությունը 4-րդ հարկում, մշակույթը՝ 8-րդ։ Նախարար Արայիկ Հարությունյանը նստում էր 4-րդ հարկում։ Եւ դա ճիշտ էր, քանի որ կրթության ոլորտն է այդ նախարարության անկյունաքարային ոլորտը եւ հանրային ավելի լայն շրջանակների հետ գործ ունի։ Հարությունյանի հեռանալուց հետո նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը որոշել է չնստել Արայիկ Հարությունյանի աշխատասենյակում՝ կրթության հարկաբաժնում՝ 4-րդ հարկում, բարձրացել է 8-րդ հարկ եւ տեղավորվել ժամանակին մշակույթի նախարարին պատկանող սենյակում։ 4-րդ հարկում, իհարկե, ուրախ են՝ աշխատակազմը սիրում է նախարարի աչքից ու ականջից հեռու լինել։

Բայց նախարարն էլ կտրվում է կրթական իրականությունից։ Նախարարի խոսնակին հարցրինք՝ ինչո՞վ է պայմանավորված, որ նախարարը փոխել է կաբինետը, չէ՞ որ այդ նախարարության ամենակարևոր գործառույթը կրթության և գիտության գործառույթն է, խոսնակ Գեղամ Մելքբեկյանը պատասխանեց․ «Այդ փոփոխությունը պայմանավորված է աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելով։ Այդ հարկերի տարբերությունից բնավ ոչինչ չի փոխվում և բոլոր ոլորտներն էլ կարևոր են, այդ հարկերում տեղավերվելը որևէ նշանակություն չունի, դրանից ոչինչ չի փոխվում»։