Դոփում ենք տեղում

Դոփում ենք տեղում

Վերջին 2 տարվա ընթացքում հաճախ են իրադարձությունները ստիպում հիշել 90-ականները, երբ նոր-նոր հրաժեշտ էինք տվել խորհրդային տոտալիտար պետությանը, բաժանվել Ռուսաստանից ու ԽՍՀՄ 14 հանրապետություններից եւ նոր պետություն էինք կառուցում՝ անկախ Հայաստան։ Ինչպիսի՜ վառ հույսեր եւ երազանքներ ունեինք այն ժամանակ։ Անգամ մեզ բաժին հասած դժվարությունները մեր աչքին չէին երեւում։ Չէինք նկատում, որ երկիրը հայտնվել է քաոտիկ վիճակում։ Ժամացույցի պես աշխատող հասարակությունը մի օր արթնացավ ու տեսավ, որ տնտեսական հզորությունները չեն գործում, եւ հազարավոր գործազուրկներ հայտնվեցին փողոցում՝ զրկվելով ապրուստի տարրական միջոցներից։ Հողի ու ձեռնարկությունների սեփականաշնորհումը դժգոհների բանակ ձեւավորեց երկրում։

Բանկերն էին «պայթում»՝ մարդկանց տարիների վաստակը մի օրում ոչնչացնելով։ Կրթական ռեֆորմներ էին իրականացվում՝ դժգոհության ալիք առաջացնելով։ Ընդունելության յուրաքանչյուր քննությունից հետո օրեր շարունակ դիմորդները փողոցից տուն չէին գնում, եւ պայքարը երբեմն «արդյունք» էր տալիս։ Իշխանությունը՝ ի դեմս ՀՀՇ-ի, աչքի առաջ մեծամտանում եւ հեռանում էր ժողովրդից։ Իսկ 1994-ի վերջին երկրի նախագահը որոշեց մի ամբողջ կուսակցություն փակել․ թեւերը քշտեց եւ հեռուստաէկրանի առաջ մի բոցաշունչ ելույթ ունեցավ՝ ՀՅԴ-ի գործունեությունն ամբողջ 4 տարով՝ մինչեւ 1998-ը կասեցնելով։ Արտաքին ֆրոնտում էլ ամեն ինչ հարթ չէր․ մե՛կ դեպի Արեւմուտք, մե՛կ դեպի Արեւելք տարուբերվող մեր երկիրը դաշնակիցների փնտրտուքի մեջ էր եւ 92-94 թթ․ ռազմական հաղթանակները չէր կարողանում կապիտալիզացնել ու դիվանագիտական ասպարեզում հաջողություններ գրանցել։ Բայց դա 90-ականներն էին՝ ներելի էր, հիմա 2020-ն է։ Չի կարելի 30 տարի դոփել նույն տեղում։