Ամեն ինչ սպասեք Նիկոլից

Ամեն ինչ սպասեք Նիկոլից

Օրերս մի գրառում էի արել իմ ֆեյսբուքյան էջում: Բովանդակությունը սա էր. «Շատ վատ կլինի, եթե պարզվի, որ սա ոչ թե հայաքվե էր, այլ՝ հավաքվե»: Վերջին բառը զայրացրեց շատերին եւ մանավանդ նրանց, ովքեր այս կամ այն կերպ ներգրավված են «ՀայաՔվե» նախաձեռնության մեջ, ստորագրել են համապատասխան տեքստի տակ կամ պատրաստվում են գնալ համայնքապետարաններ, մարզպետարաններ, նոտարական գրասենյակներ եւ միանալ ստորագրահավաքին: Ըստ էության, սա առաջին փորձն է մեզանում՝ քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու եւ իշխանություններին ժողովրդի կամքը թելադրելու ուղղությամբ:

Սա ժողովրդավարության իսկական դրսեւորում է, ես կասեի՝ ամենաբարձր մակարդակի: Այն էլ ասեմ, որ անձամբ, գուցե նաեւ ընկերներիս հետ մեծ խմբով, գնալու եմ եւ ստորագրեմ նախաձեռնության տակ: Այդուհանդերձ, ես վախենում եմ, որ այս նախաձեռնությունն էլ ՀՀ իշխանությունները կծառայեցնեն իրենց նպատակներին, այն է՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գնով Հայաստանի համար ժամանակավոր խաղաղություն ձեռք բերելուն: Պարադո՞քս է: Այո:

Նախաձեռնության կազմակերպիչները վստահ են, որ եթե բանը հասնի հանրաքվեի, իսկ դա միանգամայն ռեալ է, ապա ՀՀ իշխանությունները որեւէ պարագայում չեն կարող մարդկանց բերել քվեարկության եւ ստիպել, որ նրանք «այո» ասեն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն: Ավետիք Չալաբյանի խոսքով ասեմ. «Ո՞նց եք պատկերացնում, ո՞նց է այս իշխանությունը հանրաքվեի բերելու մարդկանց եւ ստիպելու, որ քվեարկեն Արցախի հանձնման օգտին։ Դա անհնար է, չեմ պատկերացնում։ Չի կարող իշխանությունը հանրաքվեն օգտագործել Արցախը հանձնելու համար։ Չի կարող, դա բացառում եմ։ Ընդհակառակը, մենք պետք է հանրաքվեն օգտագործենք, որպեսզի դելեգիտիմացնենք այս իշխանությունը, արգելենք իրենց Արցախը հանձնել»: Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի ինքնավստահությունն ինձ ուղղակի սպանում է… Ոգեւորելու իմաստով: Իսկապես հրաշալի կլինի, եթե մեր ժողովուրդը գա ու 90 տոկոսով «այո» ասի «ՀայաՔվեի» կարեւորագույն պահանջին, այն է՝ Քրեական օրենսգրքում ներառել այսպիսի դրույթ. «Հայաստանի Հանրապետության անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելը պատժվում է ազատագրկմամբ 10-15 տարի ժամկետով»: Իսկ ի՞նչ կլինի, եթե ժողովուրդը չգա, իսկ ի՞նչ կլինի, եթե ժողովուրդը գա եւ ասի՝ «ոչ»: Այս տարբերակը «ՀայաՔվեի կազմակերպիչները եւ ստորագրահավաքի մասնակիցները չեն քննարկում եւ կամ չեն ուզում քննարկել: Ինքս էլ չեմ հավատում, որ մեր ժողովուրդն ընդունակ է այդ աստիճան խայտառակվելու, բայցեւ չմոռանանք հանրահայտ խոսքը՝ երբեք մի ասա «երբեք»:

Մենք չարաչար կսխալվենք, եթե մեկ վայրկյան անգամ մոռանանք, թե ում հետ գործ ունենք եւ ինչ միջավայրում ենք հայտնվել 2018 թվականից հետո: Մենք տեսել ենք ե՛ւ պատերազմ, ե՛ւ կապիտուլյացիա, տվել ենք հազարավոր զոհեր ու տարածքներ, բայցեւ ունեցել ենք 2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններ, որոնցում հաղթել է նույն մարդը, որին մենք այսօր փորձում ենք վախեցնել քրեական պատասխանատվությամբ, եթե նա Արցախը ճանաչի Ադրբեջանի կամ այլ պետության կազմում: Ու չե՞նք անհանգստանում, որ նա կարող է հաղթել նաեւ հանրաքվեում: Բացի այդ, ՀՀ օրվա ղեկավարն արդեն քանիցս Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում:

Ընդ որում՝ նրա այդ դիրքորոշումը պաշտպանության է արժանացել նաեւ եվրոպական կառույցներում եւ հավաքական Արեւմուտքում: ՀՀ իշխանություններից քանի՞ բարձրաստիճան պաշտոնյա է բաց տեքստով հայտարարել՝ տանք Արցախը, պրծնենք, 120 հազարի համար 3 միլիոնի կյանքը չենք վտանգի, քանի՞ առիթով են արդեն ՀՀ իշխանությունները հրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իրենց պարտավորությունից: Եվ ամենացավալին՝ քանի՞ մարդ է մասնակցել ի պաշտպանություն Արցախի երեւանյան հանրահավաքներին ու երթերին, քանի՞ մարդ Եվրամիության, ՄԱԿ-ի գրասենյակների եւ ՄԽ համանախագահ երկրների դեսպանատների մոտ միացավ SOS Artsakh բողոքի ակցիային: Այս խայտառակ բարոյահոգեբանական միջավայրում հնարավոր է ամեն ինչ, ընդհուպ՝ ժողովրդական նախաձեռնությամբ կազմակերպված հանրաքվեով Արցախից պաշտոնապես հրաժարվեու մասին փաստաթուղթ ստանալ:

Մի ուրիշ վտանգ էլ եմ տեսնում՝ այս նախաձեռնության հայրենասիրական նպատակների իրականացումից հետո: Պատկերացրեք իրավիճակ, որ ՀՀ իշխանությունների անգործության ու անկարողության հետեւանքով, Աստված մի արասցե, կորցնում ենք Արցախը, իսկ Փաշինյանը շարունակում է մնալ ՀՀ վարչապետի աթոռին, որովհետեւ դա «իր մեղքով չի եղել»: Մեղավոր են Պողոսը, Պետրոսը, Կիրակոսը, բայց ոչ երբեք ինքը: Ինքն ի՞նչ կարող էր անել, երբ Արցախն իրենից առաջ էին հանձնել: Ծանոթ խոսքեր են՝ այնպես չէ՞: Եվ, ուրեմն, ո՞ւմ ենք դատելու 10-15 տարով՝ Նիկոլի՞ն, որի «անմահական» ստորագրությունը կարող է եւ չլինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող փաստաթղթի տակ, որովհետեւ նրան, հնարավոր է, չհարցնեն էլ:

ՀԳ. Հրեն՝ Արոն վաշինգտոններից տուն չի գալիս, Արցախի հանձնման գործերն է դրստում: Ասում են՝ նոր առաջընթաց կա: Վերջին պահին Արոյին մի հատ կտփենք, կանցնի կգնա: Թե չէ՝ Նիկոլն ուր, օրենքն ուր: