Տարօրինակ անակնկալներ

Տարօրինակ անակնկալներ

Այս օրերի մարզական մեգա իրադարձությունը 50 երկրի շուրջ 7 հազար մարզիկների մասնակցությամբ Լեհաստանի 12 քաղաքներում անցկացված Եվրոպական ամառային 3-րդ խաղերն էին: Հայաստանն այս պատկառելի ստուգատեսում հանդես եկավ 57 մարզիկով, որոնք առաջնությունը վիճարկեցին 9 մարզաձեւում: Սա, ըստ էության, փոքր թիվ չէ, ուստի սպասելիքներն էլ բավականին լուրջ ու հիմնավոր էին: Սակայն, ավաղ, գրանցված ցուցանիշներն ավելի քան համեստ են, ինչը չի կարող չանհանգստացնել: Առավել շատ հիասթափություն պատճառեցին մեծ հույսեր ներշնչող մեր բռնցքամարտիկները:

Լավ սկսելով մենամարտերը՝ նրանք, անսպասելիորեն, շուտով մի տեսակ կերպարանափոխվեցին, կրելով պարտություն՝ պարտության հետեւից: Եվ ի՞նչ ստացվեց` կաշվե ձեռնոցի վարպետներ համարվողներից ոչ մեկին չհաջողվեց հարազատ մնալ բարի ավանդույթներին, եւ նրանք, փաստորեն, անկարող եղան գոնե մեկ անգամ տեղ զբաղեցնելու պատվո պատվանդանին: Նման ակներեւ ձախողում ոչ մեկի մտքով չէր անցնում: Առավել հիասթափեցրին կանայք` նրանցից ոչ մեկն ի վիճակի չեղավ թեկուզ մեկ հաղթանակ տանել ռինգում:
Ահա նրանք, ովքեր տուն վերադարձան որպես եվրոպական խաղերի մրցանակակիրներ. Էլմիրա Կարապետյան եւ Բենիկ Խլղաթյան` հրաձգության մրցումների (30+30 կրակոց՝ 10 մետրից) փոխչեմպիոններ, կարատեիստ Անիտա Մակյան (63 կգ) եւ Նարեկ Խաչիկյան (60 կգ)` «թայ» անունը կրող բռնցքամարտ` բրոնզե մեդալակիրներ: Հայաստանը ներկայացնող 57 մասնակցից լոկ այս չորսն էին, որ շատ թե քիչ արդարացրին իրենց: 

Ինչի՞ մասին է խոսքը, երբ մեր մյուս մարզաձեւերի ներկայացուցիչներն էլ, ըստ էության, ոչնչով չփայլեցին, եւ ստացվեց այնպես, որ Հայաստանի պատվիրակությունը ստիպված էր բավարարվել ավելի քան համեստ ցուցանիշներով: Մրցումների արդյունքների հետ առնչվող նյուանսների ընկալումներն ու հետեւությունները թողնենք գործի համար պատասխանատուներին...

Ճիշտ է, Կրակովում, այնուամենայնիվ, հրճվանքի պահ գրանցվեց: Այստեղ անցկացված կայծակնային շախմատի զույգ ու բացառիկ առաջնությունում բոլոր մրցակիցների նկատմամբ առավելության հասնելով՝ ներկաներին հիացրին երեւանցիներ Էլինա Դանիելյանը եւ Շանթ Սարգսյանը, որոնք հռչակվեցին Եվրոպայի չեմպիոններ:
Վատ չէին նաեւ Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում անցած կիրակի ավարտված ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության ցուցանիշները: Ինքներդ դատեք` հունահռոմեական ոճի ըմբիշների մրցավեճում մենք ոչ միայն չեմպիոն ունեցանք (63 կգ քաշային Յուրիկ Հովեյան), այլեւ երկուական արծաթե եւ բրոնզե մեդալակիր ու թիմային 4-րդ տեղ: Մեր դափնեկիր Հովեյանը հիանալի անցկացրեց իր բոլոր գոտեմարտերը՝ մեկը մյուսի ետեւից պարտության մատնելով չեխ Մատու Ջանկովիչին, ադրբեջանցի Ֆարայիմ Մուստաֆաեւին, թուրք Ֆուրկաս Էրկենին եւ մոլդովացի Վիտալի Յերյոմենկոյին: 

Սպասելիքներն ավելի մեծ էին ազատ ոճի մեր ըմբիշներից, եթե նկատի ունենանք առաջատար քառյակի` Լեւիկ Միքայելյանի (61 կգ), Հայկ Պապիկյանի (70 կգ), Մուշեղ Մկրտչյանի (86 կգ) եւ Կնյազ Իբոյանի (92 կգ) հրաշալի հաղթարշավը․ բոլորն իրավունք ստացան հանդես գալու եզրափակչում: Ափսոս միայն, որ ամենադժվարին արգելքն անկարող եղան հաղթահարել Լեւիկը, Հայկն ու Մուշեղը՝ բավարարվելով արծաթե մեդալներով: Իսկ ահա Կնյազ Իբոյանը հռչակվեց աշխարհամասի չեմպիոն՝ որոշիչ գոտեմարտում պարտության մատնելով թուրք Մուհամեդ Ջիմրիին:

Ֆուտբոլային կյանքում թեեւ ծանոթ աշխուժությունը մի փոքր թուլացել է, բայց նորությունները շարունակում են լայն արձագանք ստանալ: Այս առումով առանձին ուշադրության է արժանացել այն փաստը, որ ՖՒՖԱ-ի վարկանիշային ցուցակում նկատելի առաջընթաց է գրանցել մեր ազգային հավաքականը, որը 7 աստիճանով վեր է բարձրացել՝ զբաղեցնելով 90-րդ տեղը՝ շուրջ 200 ազգային թիմերի մրցակցությունում: Իսկ այդ ցուցակի առաջին եռյակը կազմել են Արգենտինայի, Ֆրանսիայի եւ Բրազիլիայի ընտրանիները:

Հայտնի են դարձել նաեւ եվրոպական երկրների առաջատար ակումբային թիմերի գավաթային հերթական խաղարկումների անդրանիկ մրցակիցները: Չեմպիոնների լիգայում Հայաստանի թիվ մեկ թիմը` «Ուրարտուն», մեկնարկային հանդիպումներում մրցելու է Բոսնիայի «Ժրինսկի» ակումբի թիմի հետ: Ախոյանների առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 11-ին` Երեւանում, պատասխան մրցամարտը կանցկացվի մեկ շաբաթ անց:
Մի փոքր տարօրինակ խաղացանկ է կազմվել Կոնֆերենցիաների լիգայում ընդգրկված մեր մյուս երեք ակումբային թիմերի` «Փյունիկի», «Արարատ-Արմենիայի» եւ «Ալաշկերտի» ֆուտբոլիստների համար: Ըստ այդ օրացույցի, որքան էլ տարօրինակ է, վերոհիշյալ բոլոր երեք երեւանյան թիմերը նույն օրը` հուլիսի 13-ին, պետք է հանդես գան իրենց հարազատ հարկի տակ` «Փյունիկն» ընդունելու է Էստոնիայի «Տրանսին», «Արարատ-Արմենիան»` Ալբանիայի «Էգնատիային», «Ալաշկերտը»` Չեռնոգորիայի «Արսենալին»: Համաձայնեք, որ նման բան պարզապես անկանխատեսելի, նույնիսկ շատ զարմանալի է: Ճիշտ է, ՈւԵՖԱ-ն «ուղղում» է կատարել՝ որոշելով «Փյունիկի» մեկնարկային խաղն անցկացնել Աբովյանում, իսկ մյուս թիմերը ժամը 19-ին եւ 21- ին հանդես են գալու Երեւանում...
Մի ոչ սովորական որոշում էլ կայացրել է Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ բռնցքամարտը զրկելով միջազգային ասոցիացիայի կարգավիճակից: Փաստորեն, սրանով լուրջ հարցականի տակ է դրվել բռնցքամարտի մրցումների անցկացումն օլիմպիական ծրագրով: Հավատալո՞ւ բան է:

Միսակ Նազարյան