Օգնենք Փաշինյանին` իր մեղքերը ձեւակերպելու կարեւոր գործում

Օգնենք Փաշինյանին` իր մեղքերը ձեւակերպելու կարեւոր գործում

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ շաբաթ-տասն օրում երկու անգամ ժամեր տեւած ճառասացությամբ զբաղվեց 2020-ի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում: Հունիսի 20-ին ելույթի, իսկ 27-ին հարցուպատասխանի ձեւաչափով նա ժամերով խոսում էր, ըստ էության, հայոց բանակի եւ իր մասին` ղարաբաղյան հակամարտության սոուսի ներքո: 

Չեմ կարծում, թե Հայաստանում շատերն են կարողանում Փաշինյանի դեմքը եւ ձայնը հանդուրժել այնքան, որ մի քանի ժամ շարունակ նրան դիտեն, թեկուզեւ լսեն` ինչի մասին էլ խոսելիս լինի: Բարեբախտաբար, քննիչ հանձնաժողովի հունիսի 20-ի նիստում Փաշինյանի ելույթի սղագրությունը հրապարակված է, եւ ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ: Իսկ հարցուպատասխանն առայժմ տեսանյութի տեսքով է, եւ հինգ ժամ տեւող տեսանյութը դիտելն իրական տանջանք է: 

Ես անձամբ դիմացա այդ խմբակային դատարկախոսության մոտ 3,5-4 ժամը լսելուն (մասամբ՝ դիտելուն): Եվ այդ ընթացքում քանի անգամ Ջեյմս Բոնդի Tomorrow Never Dies ֆիլմի այն հատվածն եմ մտաբերել, երբ Բոնդին նրա չինուհի գործընկերուհու հետ Վիետնամում ձերբակալում տանում են մեդիամագնատ Քարվերի կենտրոնը, այնտեղ Քարվերը chakra-torture (չակրաներով տանջամահ անելու) ինչ-որ գործիքներ է ցույց տալիս, թե տեսեք` այսպիսի մահ է ձեզ սպասվում, Բոնդը ռեպլիկ է նետում. “I think whether your TV shows weren’t torture enough?” (Մտածում եմ` քո հեռուստաշոուները բավականաչափ տանջանք չէի՞ն…): Իսկը ԱԺ քննիչ հանձնաժողովի` Փաշինյանի մասնակցությամբ նիստերի մասին էր ասված: 

Ամենից հոգնեցնողն այդ նիստերում ոչինչ չասող կրկնություններն էին` լիներ հանձնաժողովի կիլոմետրանոց հարցերի տեսքով, որտեղ հարցական նշան կրող բառ չկար, թե՝ պատասխանի, մեկնաբանության, միջամտության… Բովանդակության առումով սպանիչը 44-օրյա պատերազմի մատուցվող պատկերն էր, ասես դա մի մեկուսացված մոլորակի վրա է տեղի ունեցել, որտեղ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են եղել: Դժվար է կռահել՝ նման պատկեր էր մատուցվում, որովհետեւ հանձնաժողովի անդամներն ու Փաշինյանը գիտակցության կոգնիտիվ ֆունկցիաների հետ խնդիրնե՞ր ունեն, թե՞ հասարակությանն են հիմարի տեղ դրել: Իսկ կուլմինացիան, երկու նիստերի հանրագումարում, ըստ իս, այն պահն էր, երբ Փաշինյանը հայտարարեց, թե իրեն շատ բաների համար է մեղավոր զգում, սակայն երբ վերցնում է թուղթն ու գրիչը եւ նստում է ինքն իրեն ուղղված մեղադրական եզրակացությունը թղթին հանձնելու, բովանդակությունը չի կարողանում ձեւակերպել` 3-4-րդ ֆրազից փակուղում է հայտնվում:

Ի՜նչ շեքսպիրյան ապրումներ ու դրամա… Թեեւ՝ ինչ Շեքսպիր, Ռասին կամ Կորնել, դա հին հունական ողբերգությունների խորության հետ էլ կմրցի: Եվրիպիդեսը ողջ լիներ, երեւի Փաշինյանի ներքին դրամայի մասին գործ ստեղծեր… Շատերը, սակայն, Փաշինյանի` սեփական մեղքը զգալու, բայց այն փաստարկել չկարողանալու տվայտանքների առնչությամբ կարող են ոչ մի դրամա էլ չտեսնել, այլ հայտնի ասույթը մեջբերել. «Մարդը եթե սեփական ապուշությունը գիտակցի, արդեն ապուշ չի լինի»: Ինչեւէ, Փաշինյանի տվայտանքների պարագայում անձի խորքային ողբերգության հետ գործ ունենանք, թե մակերեսային ապուշության, արժե նրան օգնության ձեռք մեկնել՝ իր բազում մեղքերից գոնե մի քանիսը ձեւակերպելու համար: 

Ժնեւյան չկայացած հանդիպման հանելուկը 

Անձամբ ինձ Փաշինյանի՝ դարի չափ ձգված hունիսի 20-ի ելույթում Ռ. Քոչարյանի նախագահության օրոք Մեղրին ԼՂ-ի դիմաց Ադրբեջանին փոխանցելու խելագարության մասին վկայություններից այն կողմ, հետաքրքրեց հատկապես այն հատվածը, որտեղ Փաշինյանը գլուխ էր ցավեցնում՝ թվարկելով, թե 2020-ի հոկտեմբերի 7-ից հետո քանի անգամ է զանգահարել ՌԴ նախագահին, նա՝ իրեն, ինչ են խոսել եւ այլն: Նախ՝ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու էր այդքան ՌԴ զանգում, կարո՞ղ է առանց հայաստանցիների իմացության Հայաստանը ՌԴ-ի կազմում էր ընդգրկվել: Թե՞ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի անձնական վասալն է, որ քաղաքակիրթ մարդկությանը թողած՝ մի գլուխ Պուտինին էր զանգում: 

Իրականում ես հիշում եմ, որ 44-օրյա պատերազմի օրերին Փարիզից, եվրոպական այլ մայրաքաղաքներից եղած հեռախոսազանգերի մասին քանիցս հաղորդվեց, շաբաթը մեկ Վաշինգտոնից պետքարտուղար Մարկ Պոմպեոյի զանգերի մասին էր լրատվություն լինում եւ այլն: Հետեւաբար, թե ինչու, ինչ հաշվարկով էր Փաշինյանն ԱԺ-ում լռում մնացյալ շփումների մասին ու անվերջ Պուտինի անունը հոլովում, ինքը գիտի: Ամեն պարագայում, այդ երկարաշունչ շաղակրատանքի մեջ Փաշինյանը բառ անգամ չասաց 2020-ի հոկտեմբերի 29-ին ԱՄՆ հովանու ներքո Ժնեւում նախատեսված հանդիպման մասին, որը վերջակետ էր դնելու թե՛ ընթացող ռազմական գործողություններին, թե՛ ղարաբաղյան հակամարտությանն առհասարակ: Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե ինքը լուծում է ղարաբաղյան հարցը, բավականաչափ մարդիկ կհիշեն: Թրամփին կարելի է հավատալ, կարելի է չհավատալ, սակայն ինչ թղթեր էին ժնեւյան հանդիպմանն ընդառաջ համաձայնեցվել եւ ստորագրման նախապատրաստվել, որ Թրամփին հիմք էին տվել նման հայտարարություն անելու, եւ ինչու հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնեւ չմեկնեց; Մեկնեց հաջորդ օրը` արդեն այլ օրակարգով հանդիպման: Անձամբ ինձ 44-օրյա պատերազմի զոհերի իրական եւ վերջնական թվից այն կողմ ոչ մի հարց այնքան չի հետաքրքրել ու հետաքրքրում 2020-ից մինչեւ այսօր, որքան դա: Դրա համար էլ առաջինն այդ հարցն եմ տալիս: 

Կարծում եմ՝ Հայաստանում ոչ թե ազգաբնակչության շրջանում, այլ անգամ քաղաքական-լրատվական-դիվանագիտական շրջանակներում 99%-ն անտեղյակ է, թե ինչ հոկտեմբերի 29-ի ժնեւյան հանդիպման մասին է խոսքը, որտեղից էր դրա մասին հայտնի, այնտեղ ինչ էր սպասվում: Որպեսզի ոմանք հիշողությունը թարմացնեն, այլոք գուցե առաջին անգամ տեղեկանան, ստորեւ մեջբերում եմ այն, ինչ հայտնի էր եւ գրվել է 2020-ի հոկտեմբերի 29-ի նախօրեին: 

Ինչ որոշվեց Վաշինգտոնում

Հոկտեմբերի 25-ին, երբ Վաշինգտոնից տարածվեց ԱՄՆ, Ադրբեջանի ու Հայաստանի կառավարությունների համատեղ հայտարարությունը՝ հրադադար հաստատելու մասին, դա կլանեց բոլորի ուշադրությունը: Այլ կերպ չէր կարող լինել, քանի որ զոհերի, վիրավորների, ավերածությունների, տեղահանվածների, ռմբակոծումների, հրթիռակոծումների լուրերի տարափի ու խելահեղության մեջ բոլորին միայն «հրադադար» բառն էր հետաքրքրում: Բայց հրադադարի մասին վաշինգտոնյան հայտարարությունից անմիջապես հետո Պետդեպի կայքում հրապարակվեց երկրորդ, շատ ավելի էական հայտարարությունը, որ Թրամփին թույլ տվեց ասել, որ ինքը կարգավորում-վերջացնում է ղարաբաղյան խնդիրը:

Որքան էլ հրադադարն օրախնդիր էր ու գերագույն անհրաժեշտություն, եւ խորապես ցավալի է, որ երկու կողմն էլ վաղ կամ ուշ խախտում են հրադադարները, այդուհանդերձ, Վաշինգտոնից տարածված երկրորդ` Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն էր, որ Ղարաբաղի շուրջ զարգացումներն ընդհուպ մոտեցրեց խորը եւ բեկումնային հանգրվանի: Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնից տարածված իրենց հայտարարության վերջին պարբերությամբ ասում էին. “The Co-Chairs and Foreign Ministers agreed to meet again in Geneva on October 29 to discuss, reach agreement on, and begin implementation, in accordance with a timeline to be agreed upon, of all steps necessary to achieve a peaceful settlement of the Nagorno-Karabakh conflict in accordance with the basic principles accepted by the leaders of Azerbaijan and Armenia”. Բառացի թարգմանությամբ դա նշանակում է. «Համանախագահները եւ ԱԳ նախարարները համաձայնեցին նորից հանդիպել Ժնեւում հոկտեմբերի 29-ին, որպեսզի քննարկեն, համաձայնության հասնեն եւ ըստ ժամանակացույցի, որը նույնպես կհամաձայնեցվի, մեկնարկ տան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում խաղաղ հանգուցալուծման հասնելու բոլոր անհրաժեշտ քայլերին` Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների կողմից ընդունված հիմնական սկզբունքներին համապատասխան»:

Պա՞րզ է: Այդ օրը Ժնեւում, ամենայն հավանականությամբ, հայտարարվելու եւ հրապարակայնացվելու էին ե՛ւ ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման հիմնական քայլերը, ե՛ւ դրանց իրականացման ժամանակացույցը: Դժվար է պատկերացնել, թե Մինսկի խումբը կհայտարարի այլ բան, քան բանակցվել է տարիներ շարունակ եւ եղել է ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմքում, այդ թվում՝ ենթադրաբար ԼՂՀ-ի շուրջ գտնվող ադրբեջանական շրջանների վերադարձի կարգավորումները եւ ԼՂՀ-ի կարգավիճակի հանգուցալուծումը: Որքան կարելի է հասկանալ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 25-ի ամբողջական հայտարարությունից, որի եզրափակիչ հատվածը վերը մեջբերեցինք, Վաշինգտոնում գրեթե բանակցային մարաթոն է ընթացել, որի ընթացքում ոչ միայն հրադադարի հաստատման, դրա հանդեպ վերահսկողության պարամետրերն են քննարկվել, այլեւ ԼՂ խնդրի համապարփակ կարգավորման առարկայական տարրերի շուրջ քննարկումներ են ընթացել:

2020թ. հոկտեմբերի 29-ը կարող էր նշանակալից հանգրվան, գուցե ջրբաժան դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման տասնամյակների էպոպեայում, եթե Ժնեւից ի գիտություն Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների եւ մնացյալ աշխարհի հայտարարվեր, թե ինչ ժամանակացույցով եւ ինչ քայլերով է սկսում կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը: Գուցե դրանից թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմում բազմաթիվ իլյուզիաներ խորտակվեին, բայց, դրան զուգահեռ, նաեւ անգիտության մեջ ապրելն ու միֆերին տրվելը կավարտվեր։

Նույն հարցը` երեք տարի անց

Ինչպե՞ս պատահեց, ի՞նչ փաստաթուղթ էր դրված բանակցային սեղանին, որ Մինսկի խմբի համանախագահները 2020թ․ հոկտեմբերի 25-ին հայտարարեցին կոնկրետ օր` 2020թ. հոկտեմբերի 29, երբ համաձայնության մասին կհայտարարվի եւ ըստ ժամանակացույցի մեկնարկ կտրվի ԼՂ հակամարտության հանգուցալուծման բոլոր անհրաժեշտ քայլերին` Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների կողմից ընդունված հիմնական սկզբունքներին համապատասխան։ Ի՞նչ փաստաթղթի մշակում էր Վաշինգտոնում ավարտվել, որին Մինսկի խմբի համանախագահների նման հայտարարություն հետեւեց: Թող Փաշինյանն այդ փաստաթուղթը հրապարակի: Հետո էլ բացատրի` ինչո՞ւ ԱԳ նախարար Զ. Մնացականյանը հոկտեմբերի 29-ին Ժնեւում չէր, ինչո՞ւ հայտարարված համաձայնությունները չհրապարակվեցին, կյանքի չկոչվեցին: Դա, վստահաբար, կօգնի Փաշինյանին` իր գործած մեղքերը կամ ցուցաբերած ապուշությունը թուղթ ու գրիչով ձեւակերպելու գործին: 

Շարունակելի