Կլաարը «ազնվորեն» հասկացնում է՝ ԵՄ-ի վրա հույս չդնեք

Կլաարը «ազնվորեն» հասկացնում է՝ ԵՄ-ի վրա հույս չդնեք

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Ազատությանը» տված հարցազրույցում հերթական անգամ չհուսադրեց ՀՀ իշխանություններին եւ արեւմտամետ ուժերին, որ ԵՄ-ն իր դռները լայնորեն բացել է կամ առաջիկա տասը տարում կբացի Հայաստանի առջեւ: Հարցին` Հայաստանը կարո՞ղ է տեսանելի ապագայում տեղ գտնել ԵՄ համայքնում, Կլաարը պատասխանեց՝ «չգիտեմ», սակայն Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդումը համապատասխանում է թե՛ Եվրամիության, թե՛ Հայաստանի շահերին։ Երևանն ու Բրյուսելը դեռ հետ են շահում 10 տարի առաջ կորսված ժամանակը»: Ասել է թե, ըստ Կլաարի, ՀՀ-ն ու ԵՄ-ն դեռ տասը տարի պետք է միասին ճանապարհ անցնեն, որպեսզի հասնեն մեկնարկային կետին:

«Թե ինչպես կզարգանան այս հարաբերությունները, դեռ պետք է տեսնենք: Կրկին, կարծում եմ, որ համեմատած ընդամենը մի քանի տարի առաջվա հետ, ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները զգալիորեն զարգացել են։ Բայց թե որտեղ կհայտնվենք մեր հարաբերություններում, կարծում եմ, դեռ վաղ է ասել: Դա կախված է Երևանում կայացվող քաղաքական որոշումներից։ Դա կախված է Բրյուսելում, անդամ երկրներում ընդունվող քաղաքական որոշումներից։ Եվ այս ամենը մի գործընթաց է, որում Հայաստանը նոր-նոր է սկսել հասնել որոշ տարրերի, որտեղ մենք կարող էինք մի փոքր ավելի հեռու լինել դեռ 10 տարի առաջ, բայց այդ ժամանակ, իհարկե, Հայաստանն այլ կերպ որոշեց: Եվ այսպես, մենք թերևս ետ ենք շահում մեր հարաբերություններում կորցրած ժամանակը», - հավելում է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:

Կլաարը հստակ պատասխան չտվեց հարցին, թե արդյոք ՀԱՊԿ անդամակցությունը խոչընդո՞տ է ՀՀ-ի` ԵՄ անդամակցությանը․ «Կարծում եմ՝ հենց հիմա մենք պետք է նայենք, թե ինչ է ուզում անել Հայաստանի իշխանությունը և հայ ժողովուրդը, ուր են ուզում գնալ և ինչպես են լավագույնս տեսնում մեր հարաբերությունների զարգացումը։ Եվ կրկին, կարծում եմ, լավն այն է, որ մենք տեսնում ենք նաև անցյալ շաբաթ կայացած հանդիպման ընթացքում ԵՄ-Հայաստան հարաբերությունների իրական ամրապնդում, և Միացյալ Նահանգներն այնտեղ է, որպեսզի օգնի աջակցելու Հայաստանի դիմացկունությանը։ Դա շատ կարևոր ուղերձ էր, որը, իմ կարծիքով, նախագահ ֆոն դեր Լայենը փոխանցեց վարչապետ Փաշինյանին»։ 

Մինչ ԵՄ պաշտոնյաները խուսափողական պատասխաններ են տալիս` չհստակեցնելով Հայաստանի հնարավոր դերը եվրոպական ընտանիքում, ՀՀ իշխանությունները շարունակում են հարաբերություններ փչացնել ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ՝ Հայաստանը դնելով քաղաքական մեկուսացման մեջ: 

Իրինա Վանյան