Անգրագետը իրեն արդարացնելով՝ փորձում է մեղավոր կարգել բանակին. Ավետիսյան

Անգրագետը իրեն արդարացնելով՝ փորձում է մեղավոր կարգել բանակին. Ավետիսյան

Իշխանության որեւէ խոստում չի կատարվել, ամեն ինչ ձախողվել է։Մինչև պատերազմը անգամ մենք աղետի շեմին էինք գտնվում, իսկ պատերազմից, մասնավորապես նման խայտառակ ջախջախիչ պարտությունից հետո, երբ շարունակում են մեզ պարտադրել պետականության քայքայում, այսպիսի պայմաններում այս կառավարությունը որևէ իրավունք չունի մնալու և պետք է ժամ առաջ հեռանա։ Այս մասին քիչ առաջ Մատենադարանի մոտ ընթացող «Ազգային ժողովրդավարական բևեռի» հավաքի ժամանակ իր ելույթում ասաց Վարուժան Ավետիսյանը։

«Գումարած այս ամենին, այս կառավարությունը նման հարվածներ հասցնելով ժողովրդին ու պետականությանը, շարունակում է չարաշահել իր իշխանությունը և էլ ավելի է խորացնում բռնապետական նկրտումները ու արդեն մենք ականատես ենք, որ հազարավոր մարդկանց ուղղակի բերման են ենթարկում, ինչպես «Հին և բարի» ժամանակներում։ Հիմա եթե արդեն սրանով են զբաղվում, հասկանալի է, որ գործ ունենք պետության յուրացման և իշխանության զավթման հետ»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։

Ըստ նրա՝ գործող իշխանությունը ոչ միայն այլևս լեգիտիմ չէ, այլև հանցավոր է։

«Ինչ մնում է բանակի մասով։ Փաշինյանը իրեն արդարացնելով՝ փորձում է մեղավոր կարգել բանակին։ Բայց ոչ մեկ չի ասում, որ իրականում բանակը որևէ մեղք չունի։ Անգրագետը իր հերթական ելույթն էր վերջերս ունենում ու հարց տալիս՝ արդյո՞ք ես եմ մարտական գործողություններ վարել։ Ակնհայտ է, որ նա կառավարումից ընդհանրապես ոչինչ չի հասկանում։ Ինքը պիտի կարողանար պատերազմ վարեր, բայց չի արել»,- հավելեց Ավետիսյանը։