Մի լուսանկարի արժեքը

Մի լուսանկարի արժեքը

Մարզական լրագրողի հուշերից

Նրան ճանաչում էր ամբողջ մարզական Վրաստանը, ծանոթ էր, հարկ է ասել, նախ այն բանի համար, որ, լինելով ամենափորձառու, նրբանկատ լուսանկարիչներից մեկը, բնականաբար, ուներ եւ ամենահարուստ հավաքածուն, բացառիկ պատկերներ «անմահացրած» ամենատարբեր մակարդակի հեղինակավոր մրցումներում արված` մասնագիտական նուրբ ճաշակով։

Խոսքը, իհարկե, պատվավոր, բարձր տիտղոսների արժանացած մարզիկների մասին է։ Կարճ ասած, մարզական խոշոր իրադարձությունների ամենահիշարժան պահերն իսկապես անմահացնում էր նա` «Լելո» մարզական թերթի լուսանկարիչ Միքայել Զարգարյանը։ Նրա հետ անձամբ ծանոթացա 1967-ին, երբ առաջին անգամ մեկնում էի արտասահման` Ֆինլանդիա, բասկետբոլի Եվրոպայի առաջնությունը լուսաբանելու, իսկ հանդիպեցինք գնացքի նույն կուպեում։ Տարօրինակն այն էր, որ միանգամից հետաքրքրվեց`

• Բան-ման տանո՞ւմ ես հետդ։
• Այսինքն` ի՞նչ,- չհասկացա նրան։
• Ոնց թե` ինչ, ասենք` սեւ իկրա։
Իսկ երբ իմացավ, որ նման բան չեմ տանում, խիստ զարմացավ, նաեւ ժամանակ չկորցրեց՝ առաջարկելով իր հետ գնալ վագոն-ռեստորան ու գնել գոնե մի բանկա...

Հետո էլ «պրոֆեսորը», այսպես էին կես կատակ-կես լուրջ նրան դիմում շատ թե քիչ ծանոթ լրագրողները, պատմեց մի դեպքի մասին, թե ինչպես է անհրաժեշտ առօրյա կյանքում որսալ, գտնել հարմարավետ պահերը` «չոր աշխատավարձով» չապրելու համար։ Եվ նման ամենահարմարավետ պահը, ինչպես պատմեց, նրան ներկայացել էր երկու տարի առաջ, 1965 թվականին, ֆուտբոլի ԽՍՀՄ-Բրազիլիա հավաքականների մոսկովյան ընկերական հանդիպման ժամանակ։ Տարեց մարդիկ գուցե հիշեն, խոսքը խորհրդային ֆուտբոլիստների` 0-3 հաշվով կրած խայտառակ պարտության մասին է, այդ օրը փայլուն խաղ ցուցադրեց Պելեն։ 

Հատուկ այդ մրցամարտի ամենատպավորիչ ակնթարթները լուսանկարելն էր գլխավոր նպատակը, որ նրան գործուղել էին Մոսկվա։ Սակայն ոչ պակաս կարեւոր առիթ էր եւ այն, որ հանդիպմանը մասնակցելու էին հրավիրված միանգամից երեք վրացի ֆուտբոլիստներ` Միխայիլ Մեսխին, Սլավա Մետրեւելին եւ Գեորգի Սիճինավան։ Հարմար առիթից չօգտվել նա պարզապես չէր կարող եւ խաղից անմիջապես հետո թարգմանչի օգնությամբ համոզեց Պելեին՝ լուսանկարվել, ընդամենը մի քանի ակնթարթ նվիրել իրեն, իհարկե, մինչ այդ էլ նույն տեղում հավաքվելու խնդրանքով դիմել էր վրացի խաղացողների եռյակին։

Հարկ է խոստովանել, որ անզուգական, պատկերավոր լուսանկար ստացվեց (այն ներկայացված է նաեւ ձեզ)։ Պրոֆեսորը հասավ իր նպատակին` ընդամենը մի քանի օրում այս հրաշալի, ինչու չէ, պատմական լուսանկարի հազարավոր օրինակները, առանց չափազանցության, տարածվեցին Վրաստանով մեկ։ 

• Այո, այդ լուսանկարի թիվն անչափ էր, վաճառեցի հատը տասը թումանով, ստացված գումարով էլ գնեցի «Վոլգա» ավտոմեքենա...
Փորձառու լուսանկարիչն այս անսովոր պատմությամբ չբավարարվեց, հիշեց եւս մի քանի միջադեպ․
• Տո, էդ վրացիք զարմանալի մարդիկ են, կարծես երազներում միայն իրենց մարզական նվաճումներն են տեսնում։ Եվ հենց սրա հետ կապված, մի անգամ լավ դաս տվեցի նրանց,- եւ հիշեց, երբ թերթի խմբագրի գլխին խաղ խաղաց...
Թբիլիսիում սեղանի թենիսի ԽՍՀՄ առաջնությունն էր։ Մրցումների ավարտին նա լուսանկարեց մի խումբ չեմպիոնների եւ, միտումնավոր կերպով, առանց անունները նշելու, երկու լուսանկար դրեց խմբագրի սեղանին։ Դա խիստ զարմացրեց վերջինիս․
• Էս ի՞նչ բան է, չհասկացա, դու նորե՞կ ես, ինչ է՝ չեմպիոնների լուսանկարներ ես ներկայացնում, առանց անունները նշելո՞ւ...

Պարզ է, լուսանկարները ետ տարավ իր փոքրիկ սենյակ եւ մակագրություններն ավելացրեց, նշելով անունները` տղամարդկանց մենախաղերում բոլորի նկատմամբ առավելության հասած եւ չեմպիոնի ոսկե մեդալը նվաճած բաթումցի Սարգիս Սարխոյանը, մյուս նկարի տակ էլ ավելացրեց` խառը զուգախաղերում իրենց հավասարը չունեցած երեւանցիներ Էլմիրա Անտոնյանն ու Գեղամ Վարդանյանը։

Կարդալով ավելացրած տողերը՝ խմբագիրը մի տեսակ անակնկալի եկավ ու կարծես գլխի ընկավ, թե ինչ ազգային խաղ է խաղում պրոֆեսորը... Ամեն դեպքում, հաջորդ օրը լույս տեսավ «Լելո»-ի հերթական համարը հենց այդ մակագրություններով՝ ակամա հաստատելով, որ չեմպիոններ են դառնում ոչ միայն վրացիները։

Միսակ ՆԱԶԱՐՅԱՆ