Տաթեւիկ Ռևազյանն ազատվում է բանիմաց կադրերից՝ քաղաքացիական ավիացիան քանդվում է

Տաթեւիկ Ռևազյանն ազատվում է բանիմաց կադրերից՝ քաղաքացիական ավիացիան քանդվում է

Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործող ընկերություններից փաստացի միայն «Արմենիա» ավիաընկերությունն է Հայաստանում գործունեություն ծավալում, որը, սակայն, վերջին շրջանում հաճախակի բախվում է տեխնիկական խնդիրների: Նոյեմբերի 26-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) տեղեկացրեց, որ հայկական «Արմենիա» ավիաընկերությունը Երեւան-Մոսկվա չվերթն իրականացնելիս տեխնիկական խնդիրների պատճառով հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում: 

Պետք է նկատել, որ սա առաջին դեպքը չէ Տաթեւիկ Ռեւազյանի պաշտոնավարման ընթացքում: Նմանատիպ դեպք գրանցվել էր նաեւ հոկտեմբերի 11-ին, երբ նույն ավիաընկերությունը՝ Սանկտ Պետերբուրգ-Երեւան չվերթն իրականացնելիս, կրկին տեխնիկական պատճառներով, վայրէջք էր կատարել Թբիլիսիի օդանավակայանում, իսկ սեպտեմբերի 1-ին Երեւան-Մոսկվա չվերթն էլ, էլեկտրականության անսարքության պատճառով, վայրէջք էր կատարել Թբիլիսիի օդանավակայանում: Նույն չվերթի հետ կապված՝ մամուլում տարածվեց նաեւ տեղեկատվություն, թե չվերթն իրականացնելիս եղել են կանգնած ուղեւորներ, որի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքներն այդպես էլ չհրապարակվեցին: Թեեւ Տաթեւիկ Ռեւազյանը շարունակաբար խոսում է, որ ՔԱԿ-ն ապահովում է թռիչքային անվտանգությունը, սակայն վերոնշյալ դեպքերը լրիվ հակառակ պատկերն են ցույց տալիս:

Ռեւազյանն իր հիմնական գործառույթով զբաղվելու փոխարեն լծվել է low-cost ավիաընկերություններ բերելուն՝ անտերության մատնելով հայկական ավիաընկերությանը եւ հայ ուղեւորների անվտանգությունը: Քաղավիացիայի պետը, ով պաշտոնավարում է շուրջ մեկուկես տարի, հասցրել է անել անհնարինը՝ քանդել քաղաքացիական ավիացիան: Փոխանակ ավիացիայում նոր եւ ավելի բարեկեցիկ պայմաններ ստեղծելու, նոր մասնագետներ պատրաստելու՝ չխնայելով ո՛չ գումար եւ ո՛չ էլ ռեսուրս, ճամփորդում է՝ վատնելով բյուջեի գումարները: Իսկ մասնագետներ պատրաստելու կարիք վերջինս չունի եւ, առհասարակ՝ մասնագետների կարիք: 

Մեր տեղեկություններով, Տաթեւիկի պաշտոնավարման ընթացքում կոմիտեից դուրս են եկել ոլորտի, բառի բուն իմաստով, անփոխարինելի մասնագետներ: Դուրս եկած մասնագետներից է, օրինակ, Վահրամ Սայադյանը՝ Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետը, ով թռիչքային անվտանգության ապահովման առումով ոլորտի գիտակներից էր եւ առանձնանում էր բազմամյա փորձով ու նեղ մասնագիտական գիտելիքներով։ Իրավաբանական վարչության պետ Լեւոն Ջանիբեկյանը, ով ոլորտի օրենքների, իրավական ակտերի, միջպետական համաձայնագրերի հեղինակն է եղել եւ  ոլորտի ամենաբանիմացներից է։

Իսկ վերջերս աշխատանքից ազատվեց նաեւ կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանը, ով վերահսկում էր ավիացիոն անվտանգությունը եւ ՔԱԿ-ի շարժիչ ուժն էր: Կոմիտեից հեռացողների շարքը, ցավոք, այսքանով չի սահմանափակվում, նշվածները միայն հեռացած ղեկավարներն են: Քաղավիացիայի կոմիտեն դատարկվում է, ոլորտի նվիրյալները հեռանում են, իսկ աշխատանքից ազատված մասնագետների փոխարեն նոր մասնագետներով կոմիտեն չի էլ համալրվում: Թերեւս, սա՛ պետք է անհանգստության տեղիք տար ոլորտի ղեկավարների մոտ, սակայն Տաթեւիկ Ռեւազյանը բոլորովին չի անհանգստանում, քանի որ չի էլ պատկերացնում այդ կադրերի արժեքը: Կոպենհագենից ժամանած աղջկան ինչո՞ւ պետք է հետաքրքրեն հայաստանցիների եւ առհասարակ՝ ուղեւորների անվտանգության հարցերը, եթե նրա ուղեղը զբաղված է միայն մեկ հարցով՝ լոուքոստեր Հայաստան բերելով։ Իսկ թե ով պետք է կոմիտեի գործառույթներն իրականացնի, եթե կոմիտեում համապատասխան մասնագետներ այլեւս չեն մնացել,  մնում է առկախ։ Ցավալի է, բայց Քաղաքացիական ավիացիայի դատարկման պրոցեսն ընթացքի մեջ է, իսկ անվտանգության խնդիրները՝ վտանգված։

Հակոբ ՇԱՀԲԱԶՅԱՆ