Այդ պատերազմական գործողությունները եթե լինեն, ձեռնտու են միայն Հայաստանին 

Այդ պատերազմական գործողությունները եթե լինեն, ձեռնտու են միայն Հայաստանին 

Ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ դրան հաջորդած ամիսներին հայ հասարակությունը սովորեց պաշտոնական լրատվությանը չհավատալ։ Եվ որքան էլ բոլոր մակարդակներից՝ մարզպետական, համայնքային նշանակության պաշտոնյաները, պետական կառավարման մարմինները հերքեն, թե Տավուշում խաղաղ է, առաջիկայում ոչ մի սրացում չի սպասվում, խուճապի կարիք չկա, մարդկանց հիմնական մասը դրան չի հավատում։ Մարդիկ իրենց աչքով տեսնում են, որ այնտեղ իրավիճակը հեղհեղուկ է, սահմանի մյուս կողմում թուրք-ադրբեջանական ԶՈւ կուտակումներ են, եւ ինչ-ինչ նպատակներով Տավուշ են տեղափոխվել Գյումրիի 102-րդ ռազմաբազայի ծառայողները։ Ավելին՝  կենցաղային մակարդակի տարբեր զրույցներում ակտիվ շրջանառվում են խոսակցություններ, թե նորից պատերազմ է սկսվելու։ Անգամ ամսաթվեր են նշվում՝ մարտի 13, մարտի 16 (խորհրդային Ռուսաստանի եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջեւ 1921-ի մարտի 16-ին կնքված պայմանագրի օրը, որով Ռուսաստանը ճանաչել է Թուրքիայի ինքնիշխանությունը՝ Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվել էր Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը։ Պայմանագիր, որով հաստատվեց առայսօր գործող Թուրքիայի հյուսիս-արեւելյան սահմանը)։

Ռազմական հավանական սրացումների մասին զրուցել ենք ռուսաստանցի ռազմական ու քաղաքական փորձագետների հետ, որոնք երկուսն էլ, ի դեպ, տեղյակ չէին տավուշյան զարգացումներից։ Ալեքսանդր Խրամչիխինը, օրինակ, չբացառելով թե՛ զորքերի տեղաշարժի, թե՛ 102-րդ ռազմաբազայի զինվորականների տեղաշարժերը, կտրուկ բացառեց նոր պատերազմի վերսկսման հնարավորությունը։ «Դե, ինձ համար շատ բարդ է պատկերացնել պատերազմի վերսկսումը, չգիտեմ, որովհետեւ, այնուամենայնիվ, կա ռուսական գործոն»,- ասաց Խրամչիխինը։ Ինչ վերաբերում է 102-րդ  ռազմաբազայի զինծառայողներին, ապա ռազմական փորձագետն ասաց, որ եթե ամեն ինչ կատարվում է ՀՀ տարածքում, ապա բազայի զինծառայողներն «ինչպես ուզեն, այնպես էլ կարող են տեղաշարժվել»։ Մի՞թե։ Ի պատախան՝ պարոն Խրամչիխինն ասաց․

«Դե, իհարկե, նրանք ունեն որոշակի դիսլոկացիա, պարզապես ինձ համար տարօրինակ է պատկերացնել, որ Հայաստանը կընդդիմանա իր տարածքով նրանց տեղափոխությանը»։
Ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը եւս բացառում է պատերազմի վերսկսման հավանականությունը։ Ասում է․ եթե անգամ նման բան կա էլ, ապա դա կարող է հրահրվել ոչ թե ադրբեջանական, այլ հայկական կողմից։ «Հաշվի առնելով այն, ինչ կատարվում է ձեզ մոտ, չեմ կարծում, որ պետք է այս ամենի հետեւում փնտրել Ադրբեջանին, քանի դեռ իրեն ամեն ինչ ձեռնտու կերպով է հանգուցալուծվել»։ Բայց ինչո՞ւ է Տարասովը ակունքները փնտրում հայերիս մոտ, մեզ ձե՞ռք է տալիս պատերազմելը։ Ասաց․ «Չէ, հարցն այն չէ, որ պատրաստվում եք պատերազմել, դուք հիմա չեք կարող պատերազմել՝ հաղթել։ Բայց, այ, Փաշինյանին պատերազմի պատրվակով կարող են հեռացնել։ Ի դեպ, պատերազմը կարող է հեռացնել, կարող է նաեւ ամրացնել նրա իշխանությունը»։

Այսինքն՝ ռուսաստանցի փորձագետը հասկացնել է տալիս, որ նոր պատերազմը, եթե այն լինի, ձեռնտու է ոչ թե Փաշինյանին, այլ այն քաղաքական ուժերին, որոնք այսօր ուզում են հեռացնել նրան։ Նաեւ ավելացնում է՝ գուցե նման ուժեր գտնվեն նաեւ Ադրբեջանում՝ Ալիեւին հեռացնելու նպատակով նոր պատերազմ հրահրեն։  

Իսկ ինչո՞ւ չի կարող պաշտոնական Ադրբեջանը պատերազմ սկսել, չէ՞ որ, չնայած իրեն միանգամայն ձեռնտու կերպով է հանգուցալուծվել նախորդ կոնֆլիկտը, բայց ախորժակն ուտելիս է բացվում։ Ակնհայտորեն, իրենց ահավոր դուր է գալիս հաղթողի կարգավիճակը։ Ուրեմն ինչո՞ւ այն չծառայեցնել հայկական տարածքներից էլի ինչ-որ բաներ պոկելու նպատակին։ Այս հարցն ուղղեցինք Տարասովին։ «Դե լավ, Ալիեւն ամեն ինչ վերցրել է, մնացել են միայն տարածքներ, որոնք ղեկավարում են ռուս խաղաղապահները։ Նա ինչո՞ւ պետք է պատերազմի, ինչի՞ համար։ Պետք չէ նրա վրա ամեն ինչ բարդել։ Նա ամեն ինչ վերադարձրեց»։  Ամեն ի՞նչ, թե՞ էլի «վերադարձնելիք» ունի, օրինակ՝ Սյունիքը, որը նա անվանում է «պատմական Ադրբեջան»։

Նման  հարցերը, ըստ ռուսաստանցի փորձագետի, պետք է լուծեն միջկառավարական հանձնաժողովները, իսկ դրանց պատճառով «չեն պատերազմում»։