Եթե Երևանի քաղաքապետը միայն վերելակ նորոգող է, դրա համար ընտրություններ անել պետք չէ

Եթե Երևանի քաղաքապետը միայն վերելակ նորոգող է, դրա համար ընտրություններ անել պետք չէ

«Արդար Հայաստան» կուսակցության համագումարը կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանին որոշել է առաջադրել քաղաքապետի թեկնածու: «Հրապարակը» մի քանի հարց է ուղղել Նորիկյանին:

- Ինչպե՞ս ծագեց Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու գաղափարը: Դուք փաստաբանական ակտիվ գործունեությամբ եք զբաղվում: Ինչպե՞ս որոշեցիք քաղաքական պայքարի մեջ մտնել:

- Մենք վերջին երեք տարվա ընթացքում ակտիվ քաղաքական գործունեություն ենք ծավալում, որը ոչ մի կապ չունի իմ փաստաբանական գործունեության հետ: Ես քաղաքական գործիչ եմ և ընտրություններին մասնակցելը շատ նորմալ է: Մեր անելիքներից մեկն էլ ընտրական գործընթացներին մասնակցելն ու իր գաղափարները ներկայացնելն է: Երևանի ավագանու ընտրությունները մենք դիտարկում ենք որպես կարևորագույն գործընթաց, հաշվի առնելով, որ Երևանում բնակեցված է բնակչության մեկ երրորդից ավելին, որտեղ գտնվում է երկրի տնտեսական և արդյունաբերական կորիզը, որտեղ գեներացբում է քաղաքական միտքը: Այժմ այդ ընտրություններին չմասնակցելը մի քիչ անհասկանալի կլինի քաղաքական կուսակցության համար, հետևաբար մեր քաղաքական թիմով որոշում ենք կայացրել այս կարևոր միջոցառմանը մասնակցելու, հակառակ պարագայում կառաջանար հակառակ հարցադրումը, թե ինչու քաղաքական կուսակցությունը չի մասնակցում ընտրություններին: Անկարելի է նման մեծ քաղաքական միջոցառմանը չմասնակցելը: Քաղաքական առումով լինելու է առանցքային ընտրություն և վերջապես մեր հայտարարության մեջ հստակ նշել ենք, որ նկատի ունենալով, որ ՀՀ-ում խախտվել է քաղաքական հավասարակշռությունը և որ ամենուր արտահայտվում է ՔՊ-ի միանձնյա կամքը, իսկ խորհրդարանական ընդդիմությունը կորցրել է իր քաղաքական գրավչությունը, այն կենսունակ չէ և այլևս չի կարողանում գործող իշխանություններին համարժեք ազդեցություն ցույց տալ, մենք հարկ ենք համարում, որ գոնե Երևանում վերականգնվի հավասարակշռությունը: Տիգրան Ավինյանի ու նախկին իշխանությունների կողմից որևէ հովանավորյալի ընտրությունը պետք է բացառենք` մեծացնելով մեր ազդեցությունը:

- Ընտրություններին մասնակցելը Ձեզ համար ավելի շատ քաղաքական պայքա՞ր է, թե քաղաքի մենեջերի ընտրության հարց:

- Կարծում եմ, սխալ է Երևանի քաղաքապետի պաշտոնը զուտ քաղաքի մենեջեր ընկալելը: Չեմ կարծում, թե մայրաքաղաքի ընտրությունները պետք է իջեցնել կենցաղային մակարդակի: Եթե կուսակցություններ են մասնակցում, ապա սա հենց քաղաքական պրոցես է: Կուսակցություններն ընտրություններով պետք է հասարակությանն ապացուցեն, որ Երևանն ավելի ֆունդամենտալ զարգացում կարող է ունենալ: Եթե Երևանի քաղաքապետն ու ավագանին վերելակ նորոգելու և այլ տեխնիկական խնդիրների համար է միայն, ապա հավաստիացնում եմ, որ դրա համար ընտրություններ անել պետք չէ: Կան կազմակերպչական փորձառություն ունեցող մասնագետներ, եթե խնդիրը տեխնիկական հարցերի մեջ է, ապա կարող ենք նրանցից մեկին պարզապես նշանակել քաղաքապետ և վերջ: Մենք չպետք է քաղաքական մակարդակն իջեցնենք տեխնիկական աշխատողի մակարդակի: Այն լուրջ քաղաքական պրոցես է: Երևանի քաղաքապետի ընտրությունը մինի վարչապետի խնդիր է, պետք է այս մշակույթն առաջ բերենք` քաղաքականացնելով առաջիկա ընտրությունները: Երևանի քաղաքապետը լիֆտ փոխող չէ: Երևանի քաղաքապետը ճանապարհային փոսեր լցնող չէ: Սա պետք է հասկանանք: Պետք է քաղաքաշինությամբ զբաղվել:

- Ի՞նչ ծրագրեր ունեք: Ի՞նչ խնդիրներ կան մայրաքաղաքում այս պահին:

- Առաջիկայում, երբ մեր ծրագիրը հրապարակենք, առանձին դետալներով կանդրադառնամ: