Մեղադրանքը շատ թույլ է, և նման պայմաններում այն երկար կյանք չի կարող ունենալ․15 զոհված զինծառայողների գործով մեղադրյալի պաշտպան

Մեղադրանքը շատ թույլ է, և նման պայմաններում այն երկար կյանք չի կարող ունենալ․15 զոհված զինծառայողների գործով մեղադրյալի պաշտպան

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների մահվան գործով կալանավորվել է զորամասի թիկունքի պետ, հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։ Նա մեղադրվում է ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորած անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար, որն առաջացրել է մարդու մահ։ Գոռ Աղեկյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։

«Հրապարակի» հետ զրույցում Աղեկյանի պաշտպան Ժորա Համբարձումյանը նշեց, որ, ըստ էության, իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն ունի որոշակիության խնդիր։
«Իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն ընդհանրական է, և դրանում չի կոնկրետացվում, թե Գոռ Աղեկյանի կողմից կոնկրետ ինչ անգործություն է ցուցաբերվել, արդյոք վերջինս անմիջական պատասխանատվությու՞ն է կրում վրա հասած ծանր հետևանքի համար: Պաշտպանական կողմի դիտարկմամբ, վարույթն իրականացնող մարմինը մեղադրանքը ձևակերպելիս պետք է պարզեր, թե արդյոք առկա՞ է պատճառահետևանքային կապը Աղեկյանի անգործության և տեղի ունեցած դժբախտ պատահարի միջև, այսինքն` հրդեհի բռնկումը և արդյունքում զինվորների մահն արդյո՞ք Աղեկյանի անգործության հետևանքն են, թե՞ ոչ: Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանքը ձևակերպելիս շեշտադրումը դրել է այն հանգամանքի վրա, որ կրակմարիչներ տեղադրված չեն եղել՝ ըստ էության հիմք ընդունելով քրեական վարույթով ձեռք բերված որոշ տվյալներ, որոնք իբրև թե վկայում են այն մասին, որ կրակմարիչներ առկա չեն եղել, սակայն նույն քրեական վարույթով ձեռք բերված մի շարք օբյեկտիվ տվյալներ հաստատվում են, որ կրակմարիչներ, այնուամենայնիվ, առկա են եղել, ինչն անհասկանալի կերպով վարույթն իրականացնող մարմինը հաշվի չի առել և պատշաճ գնահատականի չի արժանացրել»,-ասաց Համբարձումյանը։

Աղեկյանի պաշտպանը նշում է, որ պետք չէ մոռանալ, որ այլ անձի անմիջական գործողության հետևանքով է հրդեհն առաջացել՝ տվյալ դեպքում այդ անձը, օգտագործելով դյուրավառ չթույլատրված վառելիք, փորձել է վառել վառարանը, ինչի արդյունքում բռնկվել է հրդեհ: «Պաշտպանական կողմի խորին համոզմամբ, այդ շինության, մեղմ ասած, ոչ բարվոք պայմանները՝ երկրորդ մուտք ու ելքի բացակայություն, ճաղավանդակների առկայություն, հատակի և առաստաղի փայտյա լինելու հանգամանքն ինքնին օբյեկտիվորեն վկայում է այն մասին, որ կրակմարիչներ տեղադրված լինեին, թե ոչ, դրանք չէին կարող չեզոքացնել հրդեհը և կասեցնել վրա հասնող դժբախտ պատահարը: Ինչպես երևում է, այդ շինությունն այնպիսի անբերանպաստ և հրդեհավտանգ պայմաններ է ունեցել, որը հենց նպաստել է հրդեհի արագ բռնկմանը»,- շեշտում է պաշտպանը։

Մեր հարցին, թե արդյոք քննությունը տանող մարմինների կողմից նախատրամադրվածություն չի՞ տեսնում, փաստաբանը նշեց, որ պաշտպանական կողմն այս պահին այդպիսի միտում չի տեսնում։

Փաստաբան Ժորա Համբարձումյանը տեղեկացրեց նաև, որ Աղեկյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշման դեմ արդեն իսկ ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ վիճարկելով թե հիմնավոր կասկածի առկայությունը, թե կալանքի հիմքերը:

Հարցին, թե արդյոք հավատո՞ւմ է, որ քննությունն արդարադատության լավագույն ավանդույթներով կընթանա, վերջինս ասաց․ «Քրեական վարույթը դեռևս գտնվում է նախնական փուլում, գործում առկա փաստական տվյալների շրջանակներում դեռևս կարող ենք ձևավորել նախնական կարծիք մեղադրանքի հիմնավորվածության շուրջ։ Գտնում ենք, որ այս պահի եղած տվյալների շրջանակներում մեղադրանքը շատ թույլ է, և նման պայմաններում այն երկար կյանք չի կարող ունենալ: Արդար դատավարության կամ արդարադատության շուրջ հետագայում կխոսենք անպայման՝ տեսնենք, թե դեռ ինչ հավելյալ ապացույցներ են ձեռք բերում»։