Կանգնած ենք միջուկային պատերազմի ռեալ վտանգի առջեւ

Կանգնած ենք միջուկային պատերազմի ռեալ վտանգի առջեւ

Եթե ուշադիր հետեւում ես Ռուսաստանի կողմից 2022-ի փետրվարի 24-ին ձեռնարկված հատուկ օպերացիայի ընթացքին, ապա փաստացի ականատես ես լինում երրորդ համաշխարհային պատերազմին: ճիշտ է, դրա մասին դեռեւս չի բարձրաձայնվել, այլ ընդամենը ասվում է, որ իրադարձությունների հետագա ընթացքը կտանի երրորդ համաշխարհային պատերազմի, սակայն իրականում այն արդեն փաստացի սկսվել է, քանզի այս օպերացիային այլ անուն, քան երրորդ համաշխարհային պատերազմ, չի կարելի տալ: Համաշխարհային պատերազմի, որին մանակցում են աշխարհի բազմաթիվ երկրներ: 

Ցավոք, հակամարտող երկու կողմերն էլ ետ չկանգնեցին այդ վտանգից, չնայած Ռուսաստանը միշտ էլ միայնակ է վարում պատերազմը, իսկ հակառակորդ կողմը մի ողջ համախմբով էր մասնակցում. ԱՄՆ, եվրոպական եւ ՆԱՏՕ-ի երկրներ, որոնք համարում են, որ սա ոչ թե համաշխարհային, այլ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ ընթացող պատերազմ է: Որ Ռուսաստանի հակառակորդ կողմը նաեւ անմարդկային քայլեր է իրականացնում` մշտապես խոսելով դեմոկրատիայից՝ մարդու իրավունքների պաշտպանությունից, դրանք չոտնահարելուց, դա շատ հարիր է նրանց (դե, նրանք իսկական «դեմոկրատիայի» հայրեր են): Սակայն ամբողջ աշխարհը հենց առաջին օրից պարզորոշ տեսնում է, որ Ռուսաստանի դեմ փաստացի պատերազմում է համարյա աշխարհի կեսը, ու դա բացահայտորեն նենգափոխում են` հայտարարելով, թե դա ընդամենը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ընթացող պատերազմ է: Իհարկե, չնայած դա ԱՄՆ-ի ձեռագիրն է, սակայն անհասկանալի է, թե ինչպես կարելի է աշխարհի աչքի առջեւ օրը ցերեկով բացահայտ իրականացվող գործողություններն այդպես նենգափոխել եւ կեղծել: Ինչպես կարելի է ամբողջ աշխարհին կույրի տեղ դնել եւ շարունակաբար բարձրաձայնել, որ իրենք գործում են՝ ելնելով դեմոկրատիայի շահերից ու աշխարհում խաղաղություն պահպանելուց: Եվ սա՝ այն դեպքում, երբ պատերազմի հենց սկզբից նրանք վարում են սրբապիղծ, վախկոտի պատերազմ՝ թաքնվում են խաղաղ բնակչության փեշի տակ եւ նպատակադրված հարվածում խաղաղ բնակչությանը, ոչնչի առջեւ չկանգնելով: Նրանց հետ չի պահում նաեւ այն, որ իրենց թիրախը քաղաքացիական օբյեկտներն են ու խաղաղ բնակչությունը: Տարբերություն չեն դնում` գիշեր է, թե ցերեկ: Դիմացը ծերեր են, երեխաներ, հիվանդներ, կանայք: 

Պատերազմների ժամանակ եւս կողմերը պետք է որոշակի արժանապատվություն ցուցաբերեն, իսկ այդ համախումբն այս պատերազմում իրեն պահում է ոչ արժանապատիվ՝ թիրախ ընտրելով մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները, խաղաղ բնակավայրերը, մարդկանց կուտակումները: Նրանք տղամարդկային կռիվ չեն մղում, այն է՝ դուրս գալ ռուսական զորքին դեմառդեմ եւ փորձել ոչնչացնել նրանց ռազմական եւ զինվորական կառույցները: Ամոթ է, գոնե ձեր երկրների բնակիչներից ամաչեք: Բավական է մսխեք ձեր երկրների բյուջեները եւ խաղաղ բնակավայրերը մոխրի վերածեք: Եթե կռիվ եք ուզում,  փորձեք արժանապատիվ կռիվ վարել կամ հայտարարեք ձեր անվերապահ պարտության մասին, որն անխուսափելի է, եւ վայր դրեք ձեր զենքերը: Դուք չեք հասկանում, որ ձեր անմակարդակ պահվածքով այս պահին ընթացող համաշխարհային պատերազմը տանում եք դեպի միջուկային պատերազմի, որի արդյունքում կկործանվեն ու կվերանան ողջ աշխարհն ու նրա բնակչությունը: Սա՞ է ձեր դեմոկրատիայից մարդկության ակնկալիքը...

Եթե ունակ եք, փորձեք մարդկության համար մի լավ բան անել, եթե չեք կարող` վայր դրեք ձեր ամբիցիաներն ու հեռացեք այս սուր  հակամարտությունից: Փորձեք ձեր երկրների տնտեսությունները զարգացնել, քանզի դա կարծես ավելի լավ է ստացվում ձեզ մոտ... աշխարհը մի տարեք կործանման:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ