ԱՄՆ-ն չի՞ պատրաստվում «մի հատ Սևրի հաշտարար պայմանագիր» տալ Թուրքիային

ԱՄՆ-ն չի՞ պատրաստվում «մի հատ Սևրի հաշտարար պայմանագիր» տալ Թուրքիային

Էրդողանը Թրամփին էր հաթաթա տալիս, հիմա էլ, համարելով, որ Էրդողանի մակարդակն ավելի բարձր է, քան ԱՄՆ նախագահինը, եւ պատասխանելն իրեն պատիվ չի բերում, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն է թատերաբեմ դուրս եկել ու հայտարարել. «Ամերիկացի դեսպանին ասում եմ՝ գիտեմ, թե որ լրագրողներին եք թելադրում, ձեր կեղտոտ ձեռքերը հեռացրեք Թուրքիայից, ես հստակ գիտեմ՝ ինչ եք արել, ինչ քայլեր եք արել, ինչպես։ Դուք ուզում եք Թուրքիային գրգռել։ Հեռացրեք ձեր կեղտոտ ձեռքերը, դիմակներով քմծիծաղող դեմքերը Թուրքիայից։ Ես հնարավորինս բաց եմ խոսում»:

Էս թուրքերի բախտը բերել է, որ Լին Թրեյսին չի եղել ԱՄՆ դեսպանը Թուրքիայում, իսկ ռուսները կարող են չհապաղել եւ անվերապահ կապիտուլյացիայի պայմանագիր կնքել, որով Ռուսաստանի տարածք կճանաչվեն Մոսկվան եւ մերձմոսկովյան որոշ տարածքներ: Եթե ԱՄՆ-ում գեթ մեկ արժանապատիվ պաշտոնյա գոյություն ունի, ապա պետք է մի հատ «Սեւրի հաշտարար պայմանագիր աներ Թուրքիային»: 

Թուրքերը, իրապես, հարգանքի արժանի են: Իսկ ամերիկացինե՞րը: Ինչ էր իրենից ներկայացնում, այսպես կոչված, Սեւրի հաշտության պայմանագիրը: Лапши на уши, на армянские уши. Սեւրի հաշտության պայմանագրի Հայաստան բաժինն ընդգրկում էր Գյուլնազ տատի հեքիաթների 88-93-րդ հոդվածները։ Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջեւ սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը եւ ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես եւ բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու եւ հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։ 

Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով։ Եթե այդ պետություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակից տերությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ՝ տեղում։ Որտե՞ղ է այդ հանձնաժողովը, երբ թուրքի լամուկները «սալյամի» են անում ՀՀ տարածքները, իսկ Հայաստանի մի մեծ հատված հանդիսացող Արցախը շրջափակել են:
Դե արի ու մի ասա՝ ինչպե՞ս կարելի է չհարգել նախարար Սուլեյման Սոյլունին…
Ի դեպ, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն էլ է հարգանքի արժանի: Մարդն ասում է. «Արտաքին ուժերի ազդեցության տակ նրանք երազանքների գիրկն են ընկել, բայց դա տրամաբանական մոտեցում չէ։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանն օգտվի ընձեռված հնարավորությունից»: Այո, երեւակայության գիրկն ընկնելու փոխարեն լավ է ընկնել Թուրքիայի գիրկը. «նաղդ օլսուն, սողան օլսուն»:

Ինչպես ասված է, թուրքն անիծված է, իսկ նրա խոսքը՝ օրհնված…

ՀԳ. Անկարայում ԱՄՆ դեսպանը թույլիկ է, քան Թրեյսին (որոշները զարմացած էին, թե փոքրիկ Հայաստանում ինչու է կառուցվել աշխարհում ԱՄՆ դեսպանատան ամենամեծ համալիրը…): Տեսեք, թե ինչ տավտոլոգիա է արել նա: Թուրքական Anadolu-ի հետ զրույցում Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքն ասել է, որ ԱՄՆ-ն գոհունակություն է հայտնել Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման առիթով։ Դեսպանի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը «հրաշք» զարգացում է։
Այս ի՜նչ հրաշք է. Զանգեզուրի միջանցք՝ իմա Սյունիքի մարզ, իմա Սեւանա լճի հյուսիս-արեւելյան ափ… Կարծես կրկին իրականություն է դառնում Թուրքիայում անցյալ դարասկզբին Գերմանիայի դեսպանի արտահայտած միտքը. «…թուրքերը Սեւանա լիճը տվեցին հայերին՝ լողանալու համար, բայց տարածք չտվեցին՝ չորանալու համար…» (Ալեքսանդրապոլի պայմանագրի մասին է եղել խոսքը):

Դե, եթե նախատեսված է, որ ՌԴ-ն սահմանափակվելու է Մոսկվայի եւ մերձմոսկովյան տարածքներում, ապա Հայաստանին կբավարարի Երեւանը՝ առանց «Բանգլադեշի», Նոր Նորքի… մնացածը՝ ըստ ազերիների ախորժակի:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ