Մեհրիբանին հրավիրիր ձեր տուն

Մեհրիբանին հրավիրիր ձեր տուն

ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ասում է, որ  իրենք խոսում են խաղաղությունից, ինչը  արժանանում է Ադրբեջանի նախագահի տիկնոջ՝ Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ագրեսիվ արձագանքին․ «Մասնավորապես, վերջերս Ալիևան խոսել է իր երազանքի մասին, ու այդ երազանքը, ինչպես հայտնի է՝ Արցախում մուղամ լսելն է»։

Ի՞նչ է նշանակում երազանք․  բաղձալի ապագայի երևակայական պատկեր, որտեղ իրենց արտահայտությունն են գտնում մարդու ցանկությունները։ Առաջացնում է մտածածը իրականացնելու բուռն ցանկություն։ Երազանքը բաղձալի ապագայի և այն իրականություն դարձնելու զգացողությունն է։ Նշեմ նաև, որ երազանքը իր ազդեցությունն է թողնում անձի ձևավորման վրա։

Եթե դա Ալիևայի երազանքն է, որը շարքային ադրբեջանուհի չէ, այլ Ադրբեջանի փոխնախագահն է և արտահայտածը պետական քաղաքականության դրսևորում է, այդ մակարդակով էլ պիտի պատասխանը տրվեր։ Բայց եթե պետական այրերը լռում են, մնում է զարմանալ՝ ոչ մի պաշտոն չզբաղեցնող, Հայաստանի ժողովրդի վստահության քվեարկությանը չարժանացած տիկինը զուտ ամուսնական իրավունքո՞վ է Ալիևային հրավիրում Արցախ։ Եթե հրավիրում է, ու դա անձնական հրավեր է, ինչու՞ է Արցախ հրավիրում, ի՞նչ իրավունքով, թող հրավիրի իր տուն և միասին մուղամ լսեն։ Զուտ անձնական հրավերի դեպքում սեփական տուն են հրավիրում։ Խոսքս կառավարական առանձնատան մասին չէ, այլ այն տան, ուր մինչ այդ բնակվում էին։ Հանդիպեք ու մուղամ լսեք։ Եվ եթե ուզում եք, ինչպես դուք եք գրում․ «Մեր ընդունված կանոններից է նաև հյուրին պատվել իր երաժշտությամբ, մենք կարող ենք ապահովել մուղամը»: Դա էլ արեք։

Ի վերջո մենք պետական քաղաքականություն ունե՞նք, թե  մեր հարցերը պիտի Աննան լուծի։ Հասկացանք, խաղաղասեր ենք, բայց դա չի նշանակում, որ ագրեսիվ արձագանք (Աննայի բառերն են) ունեցող Ալիևայի կոչին պիտի սրտաճմլիկ հրավերներով պատասխանենք՝ արի, երազանքդ կիրագործենք, մուղամ կլսենք, բայց ոչ թե պատերազմի, այլ խաղաղության միջոցով։ Օդում անորոշ պտտվող խաղաղության գինը ո՞րն է, տիկին Աննա։ Դուք խոսում եք ձե՞ր անունից, թե՞ Հայաստանի և Արցախի անունից։ Եթե ձեր անունից, դա այլ հարց է, եթե Հայաստանի և Արցախի անունից, բարի եղեք ցույց տալ այն վկայագիրը, որ ունեք Հայաստանի և Արցախի կողմից։ Եթե մայրերի անունից, խոսե՞լ եք զոհվածների մայրերի հետ, նրանք պատրա՞ստ են լսելու Մեհրիբանի մուղամը, այն Մեհրիբանի, որ ուզում է այլ իմաստով, մուղամ երգի Արցախում։