Ի պաշտպանություն Հայաստանի գիտության
Հայաստանում գիտնականների վարկն այնքան է ընկել, որ ոչ միայն հասարակ մարդիկ, այլեւ վարչապետը, որը երկար տարիներ լրագրող, գլխավոր խմբագիր, պատգամավոր է եղել, չի պատկերացնում գիտնականի առօրյան: Օրերս, Մխիթարյան միաբանության վանահայրերի հետ հանդիպման ժամանակ, նա այսպես ներկայացրեց հայաստանցի գիտնականների մեծամասնության առօրյան. «Ցավոք սրտի, Հայաստանում շատ մեծ չափով, շատ մեծ չափով, ոչ ամբողջությամբ, բնականաբար, Հայաստանում գիտական գործունեություն վարել՝ նշանակել է ամեն առավոտ գնալ մի շենք, որի ճակատին գրված է՝ գիտահետազոտական ինստիտուտ, սուրճ խմել օրվա առաջին կեսը եւ վերադառնալ տուն»:
Սովետմիությունում, որտեղ գիտնականը հարգված էր, միջինից 2-3 անգամ բարձր աշխատավարձ էր ստանում եւ ուներ լուրջ արտոնություններ, նրա աշխատանքին լրատվամիջոցները հաճախ էին անդրադառնում: Այդ պատճառով էլ մարդիկ տեղյակ էին, որ գիտնականի աշխատանքային օրը նորմավորված չէ: Նրա ուղեղը, որը նրա հիմնական աշխատանքային գործիքն է, աշխատում է 24 ժամ շարունակ: Այո, այո, նույնիսկ քնի մեջ գիտնականը մտածում է այն խնդրի մասին, որով ինքն զբաղվում է: Եվ շատ անգամներ են եղել, որ հենց քնի ընթացքում է գիտնականը գտել իրեն հուզող-տանջող խնդրի լուծումը: Որպես գիտնական, ֆիզմաթգիտությունների թեկնածու՝ կարող եմ վկայել, որ դա այդպես է:
Ուրեմն գիտնականը, նրա ուղեղն աշխատում են ամենուրեք` տանը, տրանսպորտում, աշխատատեղում, որտեղ շատերն ինքնամոռաց աշխատում են ոչ միայն մինչեւ ուշ երեկո, ինչքան որ թույլ են տալիս հիմնարկի պահակները, այլեւ՝ հանգստյան օրերին: Այդ ընթացքում նրանք սուրճ կամ թեյ են խմում, որպեսզի խթանեն իրենց ուղեղների աշխատանքը եւ... մոռացնել տան սովի զգացումը: Որովհետեւ անկախ Հայաստանի «հպարտ» գիտնականն այնքան չնչին աշխատավարձ է ստանում, որ կուշտ սնվելու հնարավորություն չունի: Նրա աշխատավարձը մինիմալ է կամ դրանից մի քիչ բարձր՝ 80-100 հազար դրամ: Ինչը 2-2,5 անգամ ցածր է ՀՀ միջին աշխատավարձից:
Նրա դրամները հազիվ հերիքում են, որ նա խցկվի խայտառակ վիճակում գտնվող տրանսպորտի մեջ եւ գնա մի շենք, որի ճակատին գրված է՝ գիտահետազոտական ինստիտուտ: Իսկ մեր երկրի ղեկավարները եւ չինովնիկները, որոնք պատասխանատու են նաեւ այդ տրանսպորտի աշխատանքի համար, դրանից չեն օգտվում, այլ երթեւեկում են «պադավատներով» կամ տաքսիներով: «Լավ» աշխատանքի համար նրանց տրվող բարձր աշխատավարձերն ու պարգեւավճարները տալիս են այդ հնարավորությունը:
Ի՞նչ է անհրաժեշտ գիտնականին՝ բարձր արդյունքներ ստանալու համար
Գիտնականներին, բացի օրվա հացից, անհրաժեշտ են նաեւ արդի սարքավորումներ ունեցող լաբորատորիաներ, գիտափորձեր կատարելու համար անհրաժեշտ նյութեր, լավ գրադարան, որտեղ կլինեն աշխարհի լավագույն գիտական ամսագրերն ու մենագրությունները: Նաեւ գործուղումներ՝ ոչ միայն գիտական համաժողովներին մասնակցելու համար, այլեւ՝ արտերկրի գիտական հաստատություններ, որտեղ նրանք կկարողանան ծանոթանալ իրենց գործընկերների ստացած վերջին արդյունքներին, հաստատել կապեր նրանց հետ:
Անկախ Հայաստանի բոլոր կառավարություններն այնպես են արել, որ հայաստանցի գիտնականների ճնշող մեծամասնությունը չունենա վերը նշվածից եւ ոչ մեկը: Դա դեռ հերիք չէ, մեր իշխանությունները գիտնականներին զրկել են ՀԽՍՀ կառավարության կողմից նրանց տրամադրված շենք-շինությունները տնօրինելու իրավունքից, ինչը նրանց զրկում է արտասահմանյան գիտական հաստատությունների հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունից: Այդ ծրագրերը կարելի կլիներ իրականացնել հետեւյալ սխեմայով. հայաստանյան կողմը տրամադրում է տարածք, իսկ արտերկրացիները՝ ֆինանսավորում եւ սարքավորումներ: Ավելին, երբ մեր գիտնականները կարողանում են միջազգային համագործակցության կամ գրանտների շնորհիվ ստանալ ֆինանսական միջոցներ, իրավունք չունեն 10 հազար եվրոյից ավելի արժեցող սարքավորում գնել՝ առանց կառավարության հատուկ թույլտվության:
Ընթերցողին կթվա, թե համարյա 30 տարի այսպիսի անելանելի վիճակի մեջ հայտնված հայաստանցի գիտնականները գլորված պետք է լինեին Աֆրիկայի ամենահետամնաց երկրների մակարդակին: Բայց դա այդպես չէ:
Հայաստանի եվ ոչ մի բնագավառ չունի այն հաջողությունը, որին հասել է ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը
Հայաստանի եւ ոչ մի ոլորտ տարածաշրջանի երկրների կողմից պաշտոնապես չի ճանաչվել որպես տարածաշրջանային կենտրոն, բացի ԳԱԱ ԲԱ-ից: Եվրոպայի սահմանից մինչեւ Կենտրոնական Ասիան ընկած բոլոր երկրները՝ ներառյալ Թուրքիան եւ Իրանը, նույնիսկ հպարտ Վրաստանը, որն ունի Աբասթումանի աստղադիտարան, պաշտոնապես ճանաչել են Հայաստանը՝ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը, որպես տարածաշրջանային կենտրոն: Բացի այդ, նույն հիանալի գիտնական եւ հմուտ մենեջեր Արեգ Միքայելյանի ջանքերի շնորհիվ աստղագետ Բենիամին Մարգարյանի շրջահայացության ֆոտոթիթեղները ճանաչվել են որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակի մեջ ընդգրկված արժեք: Հուշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում Հայաստանն ունի ընդամենը 11 արժեք: Հուշենք նաեւ, որ որպես գիտության արժեք՝ աշխարհում շատ քիչ բան է համարվել արժանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկվելու համար: Այդ հրաշալի ֆոտոթիթեղների վրա պատկերված են աստղերի ու գալակտիկաների շուրջ 20 միլիոն օբյեկտների սպեկտրները:
Հայաստանի գիտությունը տարածաշրջանի 16 երկրների մեջ 4-րդ տեղում է
Մեր կիսասոված գիտնականները զիջում են միայն գիտությանն ահռելի ֆինանսական միջոցներ տրամադրող Իսրայելին, Թուրքիային եւ Իրանին:
Աշխարհի լավագույն 10 հազար գիտական կազմակերպությունների ցանկում Հայաստանից ընդգրկված է 14-ը, որից 12-ը՝ ԳԱԱ-ից: Համեմատության համար ասենք, որ այդ ցանկում Վրաստանից եւ Ադրբեջանից ընդգրկված է մեկական կազմակերպություն: Եվ դա այն դեպքում, երբ Իլհամ Ալիեւը, հասկանալով գիտության կարեւորությունը, ահռելի ֆինանսական միջոցներ է տրամադրում այդ բնագավառին:
Ոչ լիրիկական զեղում
Մի քանի տարի առաջ Ռուսաստանի ԳԱ մի խումբ ղեկավարներ հյուր էին եկել՝ ծանոթանալու ՀՀ ԳԱԱ ինստիտուտների աշխատանքին: Այցի վերջում, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի դահլիճում, նրանք հանդիպեցին լրագրողներին եւ պատմեցին իրենց տպավորությունների մասին: ՌԳԱ քիմիական ինստիտուտներից մեկի տնօրինուհին հիացմունքով պատմեց, որ երեւանյան իր գործընկերներին հաջողվում է ստանալ հիանալի արդյունքներ՝ բարոյապես հնացած ու մաշված այնպիսի սարքավորումներով, որոնք իր ղեկավարած հիմնարկը վաղուց արդեն որպես թափոն դուրս է գրել: Նա ասաց, որ կվերադառնա Մոսկվա, կպատմի այդ մասին իր աշխատակիցներին, որոնք, ստանալով շատ ավելի բարձր աշխատավարձեր եւ ունենալով ավելի արդիական սարքավորումներ, զիջում են իրենց հայ գործընկերներին:
Հուսանք, որ վարչապետը կփոխի կարծիքը
Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ, որ ճիշտ պատկերացում չունի մեր գիտնականների առօրյայի մասին: Մեղավորը լրագրողներն ու համեստ գիտնականներն են, որոնք չեն տարփողում իրենց հաջողությունների մասին:
Հուսանք, որ երբ վարչապետը ծանոթանա իրերի իրական վիճակին, կփոխի կարծիքը հայաստանցի գիտնականների մասին: Ինչպես որ փոխեց «հայկական ԿԳԲ»-ի, հայաստանցի օլիգարխների, թանգարանների պահուստներում պահվող թանկարժեք նմուշները գյուղական դպրոցներում ցուցադրելու պարագաներում:
Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ
Կարծիքներ