Արշակյանը՝ քավության նոխա՞զ, թե՞ նրանից ազատվելու ժամանակն էր եկել

Արշակյանը՝ քավության նոխա՞զ, թե՞ նրանից ազատվելու ժամանակն էր եկել

ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, որի նախարարությունն ամենաանիմաստն է, նախարարն էլ՝ պարապ գործերի մինիստր, երեկ հրաժարական ներկայացրեց։ Որպես հրաժարականի պատճառ՝ նա իր երկար-բարակ հրաժեշտի հաղորդագրության մեջ նշել է լրագրող Փայլակ Ֆահրադյանի հանդեպ օրեր առաջ իր կողմից կիրառված բռնությունը, երբ ռեստորանում հարձակվել էր լրագրողի վրա, հարվածել նրան, վնասել համակարգիչը։

«Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ անընդունելի եմ համարում պաշտոնյայի կողմից որեւէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումը, մենք պարտավոր ենք շարժվել առանց բռնության հասարակություն ունենալու ճանապարհով»,- ինքն իր մասին գրել է Արշակյանը։ «Որպես բարձրաստիճան պաշտոնյա, Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ներկայացնող անձ՝ առավել եւս, պարտավոր եմ սեփական փորձով ծառայել հանրությանը որպես օրինակ։ Այսպիսով իմ անհանդուրժողականությունն եմ հայտնում բռնությանը՝ թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական»,- հայտարարել է նա՝ կարծես բռնությունը ոչ թե ինքն էր կիրառել, այլ, ասենք, Սուրեն Պապիկյանը։ Մնացած էմոցիոնալ զեղումներին չանդրադառնանք։

Իհարկե, Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից սա միակ դեպքը չէ՝ մամուլին ու լրագրողներին նրանք պատերազմ են հայտարարել անմիջապես իշխանության գալուց հետո։ Է՛լ ֆեյսբուքյան արշավներ, է՛լ լրատվամիջոցներին պախարակող ստատուսներ, է՛լ լրագրողներին կոպտել ու սորտավորել, է՛լ բարձրախոսը խլել եւ հրապարակավ վիրավորել, է՛լ մամուլի դեմ օրենքներ ընդունել։ Հարց է ծագում՝ հանկարծ ի՞նչ պատահեց՝ լրագրողին հարվածած, հետո ներողություն խնդրած նախարարին պաշտոնանկ անելու իմաստը ո՞րն է։ Ակնհայտ է, որ պատճառներն ավելի խորն են, սա լոկ պատրվակ էր նրանից ազատվելու համար։ Գուցե բուն պատճառը Դուբայի միջազգային կոնֆերանսում երկիրը խայտառակե՞լն էր կամ այլ պատճառ, որի մասին մենք չգիտենք։ 
Փաստ է, որ ընտրությունների շեմին որոշել են լրագրողի հանդեպ բռնության պատճառաբանությամբ հնչեղ ազատում անել եւ թոզ փչել հասարակության աչքին, թե, տեսեք՝ ինչ դեմոկրատ իշխանություն ենք։

Մինչդեռ Փաշինյանն ու իր թիմակիցները մոռանում են մինչեւ Արշակյանը իրենց կատարած քայլերը լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ, որոնք աննկատ մնացին։ Օրինակ այն, որ իմքայլական պատգամավորները պարբերաբար թիրախավորում են իրենց քննադատող լրատվամիջոցների ներկայացուցիչներին, հարձակվում նրանց վրա, հոխորտում, բղավում, վիրավորում, «հոսանքազրկում», լրագրողի ձեռքից խլում միկրոֆոնը, ցուցադրաբար մերժում կոնկրետ լրագրողների հարցերին պատասխանելը՝ հընթացս պիտակավորելով նրանց եւ լրատվամիջոցը։ Հիշենք բոլորովին վերջերս «Իմ քայլի» պատգամավորներից մեկի՝ Քոչարյան Անդրանիկ կոչեցյալ օրենսդիրի վարքը «Արմնյուզի» լրագրող Անի Գեւորգյանի ու մյուս լրագրողների նկատմամբ։ Նա, ճիշտ է, բռունցքներ չի կիրառում, բայց ոչ պակաս ագրեսիվ պահվածք է դրսեւորում՝ սպառնում «հոսանքազրկել», գոռգոռում, բղավում։ Անին այս հարցով դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողով։ Բայց իշխանական խմբակցության կամ ղեկավարների կողմից անգամ մի չնչին պարսավանքի չարժանացավ Քոչարյանի լկտի վարքագիծը։ Եվ սա նրա ագրեսիայի առաջին դեպքը չէ՝ նույնը Քոչարյանը ցուցաբերել էր նաեւ 5-րդ ալիքի լրագրող Կարինե Մանգասարյանի նկատմամբ։ Դարձյալ արարքը մնաց անհետեւանք։

Դրանից որոշ ժամանակ առաջ էլ հայտնի իմքայլական Հայկ Սարգսյանն էր հարձակվել «Yerevan. Today» կայքի լրագրող Սյուզի Բադոյանի վրա՝ խլելով նրա միկրոֆոնն ու հետը տանելով։ Ալեն Սիմոնյանն էր բրիֆինգի ժամանակ հրաժարվել պատասխանել «Հրապարակի» լրագրողի հարցերին։ Քրիստինե Պողոսյանն էլ սպառնում էր լրագրողներին պատերազմի ավարտից հետո իրենց տեղը ցույց տալ։ Այս պահվածքը որեւէ կերպ չի դատապարտվում իշխանությունների կողմից։ Եթե անգամ մանդատից չեն զրկում, գոնե դիտողություն անեն, փոխարենը՝ լրագրողին են զրկում հավատարմագրից։

Իսկ այսօր հանկարծ իմանում ենք, որ Հակոբ Արշակյանն ազատվել է նախարարի պաշտոնից լրագրողի հանդեպ կիրառած բռնության պատճառով։ Իսկ գուցե Արշակյանն ընդամենը քավության նոխա՞զ էր այս պահի համար։