Շատ լուրջ պաշտոնում նշանակվել է մի մարդ, որն ԱԱԾ-ի հետ բացարձակ կապ չունի

Շատ լուրջ պաշտոնում նշանակվել է մի մարդ, որն ԱԱԾ-ի հետ բացարձակ կապ չունի

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը դեռ չի ազատվել պաշտոնից, չնայած մամուլով նրան արդեն պաշտոնանկ են արել։ Բայց ակնհայտ է, որ իշխանությունն արդեն նրան փոխարինող է պատրաստում։ Խոսքը նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանի մասին է, որին ընդամենը 5-6 օր առաջ «իրավունքի ուժով» նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ինչպես Արգիշտի Քյարամյանի դեպքում էին արել, իսկ երեկ արդեն ազատեցին այս պաշտոնից ու նշանակեցին ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Հայաստանում վերջին տարիներին կեղծ եւ անօրինական ավանդույթների մի ամբողջ փունջ է ձեւավորվել․ հետեւելով ժանրի կանոններին՝ արդեն պարզ է, որ նրան նախապատրաստում են ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակման, թեպետ Աբազյանը դեռ պաշտոնանկ չի արվել։ Հիշեցնենք․ Անդրանիկ Սիմոնյանը դատական համակարգից է գալիս ուժային կառույց, այն էլ՝ ԱԱԾ-ի պես լուրջ կամ երբեմնի լուրջ կառույց․ նա մինչ այդ եղել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում այս նշանակմանն ու տեղափոխություններին։  
«Անկեղծ ասեմ՝ ես հասկանում եմ Քննչական կոմիտե տանելու, էնտեղից ԱԱԾ բերելու իմաստը, քանի որ, էսպես ասած, իրավաբանական ֆինտ կա, որը գործադրում են ԱԱԾ բարձր պաշտոնի նշանակելու համար, որովհետեւ օրենքը թույլ չի տալիս ցանկացած մարդու կամայական բերեն ու էդ պաշտոնում նշանակեն։ Եվ, ճիշտն ասած, ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքը, որն այդ սահմանափակումը մտցրել է, սրանով իմաստազրկվում է։ Կամ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնողը՝ դեպարտամենտի պետեր, վարչության պետեր, ովքեր բավականին արժանիքներ ունեցող փորձառու մարդիկ են եւ, բնականաբար, սպասում են ծառայողական առաջընթացի, հիմա, երբ որ էս հնարքը, ֆինտն օգտագործվում է, նման պաշտոններում հայտնվում են ԱԱԾ աշխատակիցներին անծանոթ, իրենց որակական հատկանիշների մասին որեւէ տեղեկություն չունեցող մարդիկ։ Եվ, բնականաբար, կարծում եմ՝ սա իր բացասական ազդեցությունն է ունենում նաեւ հոգեբանական իմաստով ներսում»,- ասաց պարոն Համբարձումյանը։

- Բայց եթե այդ մեխանիզմից վերանանք, ապա զուտ քաղաքական իմաստով մի տեսակ արդեն ծաղրի է վերածվում երեւույթը, ամբողջ համացանցը հիմա նորից այս նշանակումն է հեգնում ու քննարկում։

- Դա ես չասացի, Դուք եք ասում։

- Ասում են՝ Քյարամյանի մեթոդն է սա, նա էլ այս ճանապարհով դարձավ ԱԱԾ տնօրեն։

- Դե, ես համարում եմ, որ չի կարելի էդպես անել։ Եթե կան ներսում արժանավոր մարդիկ, սպաներ, ովքեր տարիներ շարունակ աշխատում են, իսկ դա բնականոն ընթացք է, երբ որ ներսից մարդն աշխատելով՝ ծառայողական առաջընթաց է գրանցում։ Բայց հիմա դրսից են մարդ բերում։ Պատկերացրեք՝ ձեր կոլեկտիվում, երբ Դուք «Հրապարակ» օրաթերթում աշխատում եք, արդյունքներ եք գրանցում, մեկ էլ հետո մի հատ տեղ է ազատվում, ու Դուք տեսնում եք, որ բերում են ինչ-որ մարդու, որի արժանիքների մասին Դուք ոչինչ չգիտեք։

- Ի՞նչ եք կարծում, սրանով իշխանություններն ի՞նչ նպատակ են հետապնդում։

- Չեմ կարող ասել, նշանակողները կասեն։ Ես ընդամենը կարող եմ ենթադրել, ենթադրություններով էլ չեմ ուզում խոսել։

- Փաստորեն, հիմքերը դրվեցին Արգիշտի Քյարամյանի նշանակմամբ։

- Չէ, մի քիչ ավելի վաղ։ Էն ժամանակ Գեորգի Կուտոյանին էլ էդպես արեցին։

- Ստացվում է՝ նախկինների՞ց են ընդօրինակել։

- Կուտոյանի ժամանակ, ուղղակի, մի տարբերություն կար․ Կուտոյանը, որ նախագահի օգնականն էր, թե խորհրդականն էր, լավ չեմ հիշում հիմա, ի պաշտոնե իրավապահ մարմինների հետ առնչվում էր, եւ ի պաշտոնե նա տիրապետում էր իրավապահ մարմինների աշխատանքի բավականին շատ նրբությունների։ Եվ իր համար այդ ոլորտը նոր չէր, ես իրեն շատ լավ ճանաչում էի ու իր որակական հատկանիշների մասին գիտեի։

- Հիմա մենք, փաստորեն, եթե Սիմոնյանն էլ նշանակվի, իհարկե, կունենանք ԱԱԾ արդեն վեցերորդ տնօրենը՝ վերջին երկուսուկես տարում։ Սա ազգային անվտանգության սպառնալի՞ք չէ։

- Ես դրա հետ կապված ասել եմ իմ կարծիքը, ոչ թե սպառնալիք է, այլ ուղղակի անթույլատրելի է նման մոտեցումը։ Անվտանգության ծառայության ղեկավարը շատ լուրջ պաշտոն է, եւ նաեւ կառույցի ղեկավարը չի կարող կամայական կերպով ամեն չնչին առիթով փոփոխվել ու անհասկանալի ձեւով, ընդ որում։

- Փաստորեն, կարող ենք արդեն հավատալ այն լուրերին, որ Արմեն Աբազյանը եւս կազատվի պաշտոնից։

- Չեմ կարող ասել։ Ունենք փաստ, որ տնօրենի տեղակալ է նշանակվել, իսկ դա պակաս կարեւոր պաշտոն չէ, հավատա ինձ։

- Պարզապես, հաշվի առնելով ավանդույթը, մեխանիզմը, ենթադրելի է, որ Աբազյանին հանելու են, որ Սիմոնյանին նշանակեն։

- Էլի եմ ասում՝ Դուք էդպես մի նայեք հարցին, Դուք նայեք կատարված փաստին։ Շատ լուրջ պաշտոնում նշանակվել է մի մարդ, որն ԱԱԾ-ի հետ բացարձակ կապ չունի, համենայնդեպս, որքանով ես եմ տեղյակ։