Եթե պետականությունը կորցնենք, սերունդների աչքին գրող ենք դառնալու

Եթե պետականությունը կորցնենք, սերունդների աչքին գրող ենք դառնալու

Ապրիլի 25-ից ընդդիմությունը սկսել է բողոքի գործողություններ՝ Արցախի փրկության եւ իշխանափոխության պահանջով: Եթե ընդդիմության մի խումբը Հայաստանի 4 մարզերից քայլերթով շարժվում է դեպի Երեւան, Երեւանում արդեն մի քանի օր է՝ իրականացվում են ակտիվ բողոքի ակցիաներ, ամենօրյա իրազեկման երթեր։

Գրող Շանթ Մկրտչյանն ասում է՝ Հայաստանը վերջին 30 տարիների ընթացքում կարծես մշտապես հրաբուխների վրա է եղել․ «Անընդհատ ցնցումներ, ու միշտ մեզ հետապնդում է այն միտքը, որ մենք՝ ինքներս, չենք կարող կառավարվել, եւ մեր երկիրն անընդհատ լինելու է վատ, անկայուն վիճակում։ Իսկ սա դրսից էլ է թելադրվում, եւ ժողովրդի գիտակցության վրա աշխատանք է կատարվում, որպեսզի մենք մեր ինքնավստահությունը կորցնենք մեր նկատմամբ։ Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ մեզ նման երկիրն իր ներսում իրավունք չունի ճակատ ճակատի խփել, ով ուզում է լինի երկրի ղեկավարն ու ընդդիմությունը․․․»։  

Եթե անգամ այդ ղեկավարն ուզում է Արցախի «նշաձողն իջեցնել» ու Արցախը հանձնե՞լ։ «Ասում են մի արտահայտություն, ու դրա շուրջ կարծիքներ են պտտվում, Արցախի հարցը լուծողը մենք չենք, այլ՝ Արցախը, Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, բայց պետք է հետեւել, հետաքրքրվել, թե Արցախի ժողովուրդն ինչ է ուզում։ Ինչ կորոշի Արցախի ժողովուրդը, դա էլ կլինի»։
Ի պատասխան նշաձող իջեցնելու հարցին, Արցախը ՀՀ իշխանություններին հորդորեց՝ հետ կանգնել իրենց աղետալի դիրքորոշումից, Արցախի ձայնն այս պահին լսելի չէ՞։ «Արցախի ձայնը լսելի չէ այն իմաստով, որ միջազգային քննարկումների ժամանակ Արցախը չի մասնակցում բանակցություններին, բայց հիմա բուն իրողության մեջ Արցախի ղեկավարությունը, ժողովուրդն ի՞նչ են ուզում»։

Նկատեցինք՝ Արցախի ժողովուրդը բազմիցս ասել է, որ իրենց անկախությունը սակարկելի չէ, եւ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ «Իսկ Ռուսաստանի կազմում ուզո՞ւմ են լինել, թե՞ չէ․․․․, այսինքն՝ կարծիքների սպեկտրը շատ տարբեր է։ Ինձ համար խորագույն ցավ է, որ այս տարիների պայքարի ընթացքում փոխանակ ավելի միաձույլ դառնանք, պառակտումն ավելի շատ ճաքեր է տալիս, ու հիմա՝ ավելի, քան առաջ։ Ժողովուրդը հստակ պետք է իմանա ամեն ինչ, թեթեւ, 2 խոսքով «քյոլմստրելով» չի կարելի ոչ մի բան անել։ Իհարկե, ժողովուրդը հիմա Արցախի համար է ոտքի կանգնել, ու դա էն գլխից՝ այդքան ուժերի դեմ, եւ այսքան զրկանքն էլ որ տարավ մեր ժողովուրդը, հենց Արցախի համար էր։ Այս ամբողջ պայքարը, տառապանքը եթե հանկարծ ջուրը լցվեն, ամենաամոթալի բանը կլինի, եթե հանկարծ մեր պետականությունը կորցնենք, սերունդների աչքին գրող ենք դառնալու»։     

Գրողն ընդգծում է՝ թե՛ գործող իշխանությունը, թե՛ ընդդիմությունը պետք է ասեն՝ ո՞ւր են տանում ժողովրդին․ ընդդիմությունը՝ ժողովրդին ոտքի հանելով, իշխանությունն էլ՝ խաղաղության քարոզ անելով․ «Իսկ եթե չեն տանում, դա էլ պետք է կարողանան խոստովանել, որի համար էլ է մեծ ուժ պետք»։ Ինքն անձամբ հավատո՞ւմ է խաղաղության դարաշրջանին։ «Ես այդքան պարզունակ չեմ, որ հավատամ, որովհետեւ թշնամին դարավոր է, մենք շատ բան ենք տեսել, եւ մեր կենսափորձը մեզ լրիվ ուրիշ բաներ է հուշում, բայց դեռ Սերժի ժամանակից սկսեցին ֆոտբոլային դիվանագիտություն զարգացնել։ Այսինքն՝ որոշակի հարաբերություններ պետք է կարգավորվեն, դա չի կարող հավերժորեն տեւել, բայց դա դիվանագետների գործն է, եւ, ինչպես տեսաք, մեզ համար որեւէ երկիր կռիվ չտվեց, մեր ժողովուրդն է կորուստներ տալու, հյուծվելու, հետո՝ ոչնչանալու»։ Սահմանները բացելով ավելի արագ տեղի չի՞ ունենա այդ հյուծումը։ «Սահմաններ բացելը չի նշանակում, թե ով ուզի եւ ինչ ուզի, կգա կանի, դրանք առեւտրային հարաբերություններ պետք է լինեն, ոնց որ մնացած երկրներում է»։

Մկրտչյանն ասում է՝ այս մտահոգություններն ունեցել են թե 10-20 տարի առաջ, թե հիմա․ «Մենք պատասխանատվություն ունենք մեր ապագա եւ այսօրվա սերունդների առաջ, իսկ թշնամության այս աստիճանը մեր ներսում ահավոր բան է, ես ասում եմ «մեր», որովհետեւ ընդդիմություն էլ է քոնը, իշխանությունն էլ։ Ես կուսակցական չեմ, որ միակողմանի նայեմ հարցերին, այդ ճաքերը գնում են մեր սրտի ներսով»։