Ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը պաշտպանության տակ վերցնում Նիկոլ Փաշինյանին

Ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը պաշտպանության տակ վերցնում Նիկոլ Փաշինյանին

1993 թվականն էր: Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի էր ունենում Երկրապահ կամավորականների միության հիմնադիր համագումարը: Համագումարում ելույթ ունեցավ այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Բոլորը սպասում էին, թե ինչ կասի Լեռնային Ղարաբաղի մասին, ինչպես է պատկերացնում հարցի լուծումը: Տեր-Պետրոսյանն իր տեսակետը ներկայացրեց համեմատության միջոցով. Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա երկրորդ Հյուսիսային Կիպրոս, որ չնայած միջազգային հանրությունը Թուրքիայից պահանջում է իր զինված ուժերը դուրս բերել Հյուսիսային Կիպրոսից, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում, եւ թուրքական բանակը մոտ 20 տարի շարունակում է մնալ այն տարածքում, որը գրավել է 1974 թվականին: Երկրապահները խիստ հուզված ծափահարեցին՝ համարելով, որ դա այն է, հանուն ինչի իրենք դրել են իրենց կյանքը: Ես այդ տեսարանը երբեք չեմ մոռանա:

Այս պատմությունը չէի հիշի, եթե չկարդայի մի քանի տասնյակ քաղաքական եւ հասարակական գործիչների՝ արցախյան հակամարտության կարգավորման առիթով արված հայտարարությանը տերպետրոսյանական անդրադարձը, որտեղ վերջինս, փորձելով հեգնել հայտարարության հեղինակներին, ասում է, թե դրանում կա ամեն ինչ, բացի քաղաքական մտքից, եւ այն ողորմելի մանիֆեստ է անվանել: 

Տեր-Պետրոսյանը 1988 թվականին դարձավ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, որի հիմնական կարգախոսը «Միացումն» էր, Հայաստանի եւ Արցախի վերամիավորումը: Օգտագործելով այդ ալիքը՝ նա եկավ իշխանության: Հետո այդ նույն Ղարաբաղի միավորման համար պայքարած մարդկանց, երկրապահներին օգտագործեց իր իշխանությունը պահելու եւ երկարաձգելու համար: Ինչո՞ւ հիշեցի ԵԿՄ առաջին համագումարը. «Երկրապահը» Տեր-Պետրոսյանին պետք էր այն ժամանակվա ընդդիմությանը ճնշելու եւ եւս մեկ անգամ իշխանությանը տիրանալու համար, դրա համար էլ նա ԵԿՄ հիմնադիր համագումարում չխոսեց Արցախը կամ ազատագրված տարածքները հանձնելու անհրաժեշտության մասին, այլ խոսեց կիպրոսացումից: Հաշվարկը շատ ճիշտ աշխատեց․ նախ՝ 1995 թվականի խորհրդարանական, ապա 1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանը եւ իր ղեկավարած ՀՀՇ-ն իշխանությունը պահեցին երկրապահական ավտոմատների միջոցով:

Բայց նախագահի պաշտոնը երկրորդ անգամ զբաղեցնելուց հետո Տեր-Պետրոսյանը որոշեց ազատվել «Երկրապահից» էլ, Արցախից էլ: 1997 թվականին, երբ նա գրեց իր «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը, որով, ըստ էության, առաջարկում էր մեկ աստիճանով իջեցնել Արցախի կարգավիճակի հարցը, ցավոք, ոչ ոք նրան չհիշեցրեց, որ նա խոստացել է Արցախը վերածել երկրորդ Հյուսիսային Կիպրոսի: Ինքն էլ չհիշեց, որովհետեւ «Երկրապահն» արդեն ոչ թե օգնում, այլ խանգարում էր, որից պետք էր ազատվել: Մինչդեռ տեղի ունեցավ հակառակը. խորհրդարանի «Երկրապահ» խումբը 1998 թվականին իշխանությունից հեռացրեց ինչպես Տեր-Պետրոսյանին, այնպես էլ նրա ղեկավարած ՀՀՇ կուսակցությանը: Տեր-Պետրոսյանը հեռացվեց իշխանությունից, եւ Արցախը փրկվեց: Բայց ընդամենը 20 տարով:

Ուղիղ 20 տարի անց Տեր-Պետրոսյանը փաստացի վերադարձավ իշխանության: Ինչո՞վ այսօրվա իշխանությունը տերպետրոսյանական չէ. նախագահի պաշտոնը զբաղեցնում է նրա կադրը, վարչապետի պաշտոնում մի մարդ է, ում խորհրդարան եւ, մեծ հաշվով՝ քաղաքականություն է մտցրել Տեր-Պետրոսյանը, դատական համակարգը տնօրինում է մի մարդ, ով դա անում էր նաեւ Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, երկրի թիվ մեկ օլիգարխը նույն մարդն է, ով այդ կարգավիճակն ուներ մինչեւ 1998 թվականը, արտաքին քաղաքականությունն էլ տնօրինում են Տեր-Պետրոսյանի ամենամերձավոր թիմակիցները: Հա, մի կարեւոր դիտարկում էլ. այն, ինչ չհաջողվեց Տեր-Պետրոսյանին 1997-98 թվականներին, հաջողությամբ իրականացվեց 20 տարի անց, երբ փաստացի վերացվեց «Երկրապահը», իսկ նրա առաջնորդը կեղծ ու շինծու մեղադրանքներով կալանավորվեց ու առանց դատ ու դատավարության, փաստացի, մահվան դատապարտվեց:

Փաշինյանական իշխանությունը հանձնեց Ղարաբաղը՝ մարգարեացնելով Տեր-Պետրոսյանին, ում կյանքի նպատակն էր դարձել՝ ապացուցել, որ 1997 թվականին իր առաջարկած տարբերակն առավելագույնն է, որ կարող է ստանալ հայկական կողմը, եւ ժամանակն աշխատում է մեր դեմ:
 Այնպես որ, պետք չէ զարմանալ՝ Տեր-Պետրոսյանը երբեք չի զլանում իր պաշտպանության տակ վերցնել Նիկոլ Փաշինյանին, Արցախը պաշտպանելուն ուղղված հայտարարությունն էլ, ըստ այդմ, համարում է քաղաքական միտք չպարունակող, քանի որ այդ տեքստում գրված է, որ Արցախը չի կարող լինել սակարկության առարկա: Եթե քաղաքական մտքի միակ արգասիքը քաղաքական իշխանություն զավթելն ու այն ամեն գնով պահելն է, ապա այդ իմաստով Տեր-Պետրոսյանն ու նրա հոգեզավակ Նիկոլ Փաշինյանն իսկապես անգերազանցելի են: 

ՀԳ. Եթե հայտարարությանը միացած Րաֆֆի Հովհաննիսյանը կամ Վարդան Օսկանյանն անընդունակ են քաղաքական միտք գեներացնել, ինչո՞ւ էր Տեր-Պետրոսյանը նրանցից մեկին նշանակել իր կառավարության արտգործնախարար, իսկ մյուսին՝ փոխարտգործնախարար:

Ավետիս Բաբաջանյան