Մենք գալիս ենք․ ի՞նչ է փոխվել Վահագն Հարությունյանի մոտ

Մենք գալիս ենք․ ի՞նչ է փոխվել Վահագն Հարությունյանի մոտ

ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը հայտնել է, որ ՀՔԾ-ն մերժել է  Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումը վերացնելու հարցով պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումը՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումը վերացնելու հարցով։ Նա հայտնել էր, որ տեխնիկական խնդիրները լուծելու պարագայում իր պաշտպանյալը պատրաստակամ է վարույթն իրականանցող մարմնին ներկայանալու համար վերադառնալ Հայաստան։

Հարցին, թե ի՞նչ տեխնիկական հարցեր, չէ՞, որ նախկինում Վահագն Հարությունյանի պաշտպանը միշտ ասում էր, որ նա ՌԴ-ում է առողջական խնդիրներով, այսինքն՝ առողջական խնդիրնե՞րն են տեխնիկական, Միհրան Պողոսյանը պատասխանեց․«Դա էլ է տեխնիկական հարց։ Այսինքն՝ եթե վերադառնալու պատրաստակամությունը կար, մենք էդ հարցերը կլուծեինք։ Այն իմաստով տեխնիկական, որ մենք ասում ենք՝ հետախուզումը վերացրեք, մենք գալիս ենք»։

Մի հարց ևս Միհրան Պողոսյանին․ ի՞նչ է փոխվել նախկինի համեմատ, որ ասում են՝ մենք գալիս ենք, քանի որ նախկինում այդքան պարզորոշ հայտարարություններ չէին արվում։ Ի պատասխան՝ պաշտպանը թարգմանեց․․«Բան չի փոխվել էդ առումով, ինքը միշտ էլ ասում էր, որ ես գալու եմ, իմ հարցերը լուծեմ, գալու եմ։ Հիմա ասում է՝ էս պահին իմ հարցերը կարող եմ անգամ կիսատ թողնեմ, գամ»։

Միհրան Պողոսյանը նշեց, որ դեռևս ՀՔԾ-ից չեն ստացել պաշտոնական պատասխան և այդ ամեն ինչին մանրամասն կանդրադառնան պատասխանը ստանալուց հետո։