Մարինա Ցվետաեւա․ բանաստեղծություններ

Մարինա Ցվետաեւա․ բանաստեղծություններ

***

Այնքան հաճելի ձայն էր ինձ տրվել 
Եվ նուրբ ճակատի չքնաղ կորություն։ 
Ճակատագիրն իմ շուրթերն համբուրել, 
Սովորեցրել է լինել առջեւում։ 

Շուրթերին շռայլ վճարեցի, ճո՜խ, 
Դագաղին վարդեր շաղ տվեցի ես... 
Բայց վազքիս պահին իր ծանր ձեռքով 
Ճակատագիրն իմ մազերից բռնեց։

***
Չեմ ասի` եղա, երբ մահս հասնի։ 
Ո՛չ ափսոսանք կա, ո՛չ էլ մեղավոր։ 
Կրքոտ հողմերից ու սիրուց բացի
Աշխարհում գործեր կան շատ կարեւոր։

Դու, որ թեւով ես բախում կուրծքը իմ, 
Դո՛ւ – ներշնչանքի մեղավոր ջահե՛լ –
Ես հրաման եմ տալիս քեզ – եղի՛ր․
Ես – չեմ դադարի հպատակ լինել։

***
Լինել աղմկո՛տ, քնքո՛ւշ, կատաղի՛,– 
Եվ տենչալ ապրե՛լ,– 
Լինել խելացի՛, հմայքներով լի՛, 
– Հիացք պատճառել։ 

Լինել բոլորից նուրբ ու զգայո՛ւն,
Չճանաչել մե՛ղք...
Օ, ի՜նչ վրդովմունք, որ գերեզմանում
Հավասար ենք մենք։

Ո՛չ մեկին հաճո չդառնալ երբեք, –
Օ, դառնալ սառո՛ւյց,– 
Չիմանալով այն, թե ի՛նչ է եղել 
Եվ ի՛նչ է գալու, 

Մոռանալ խոսքն ու ձայնը սեփական, 
Վարսերի ոսկին, 
Ինչպես էր սիրտը կոտրվում անձայն 
Եվ կպչում կրկին։

Ցողունի վրա թեւնոցը կապույտ` 
Հին ու փիրուզյա 
Այս նեղ եւ երկար, այս ճերմակաթույր, 
Նուրբ ձեռքիս վրա...

Ասես թե հեռվից ամպի ծվենիկ 
Նկարելով լուռ` 
Սադափե դարձած ամպիկից էր իմ
Ձեռքը բռնվում, 

Եվ ինչպես էին ցանկապատերից 
Ոտքերս ցատկում 
Մոռանալ` ճամփին ինչպես էր կողքից
Ստվերը վազում։

Մոռանալ, թե ինչ վառ է լազուրում, 
Օրերը` անդորր...–
Ամեն չարություն, հողմե՛րը բազում,
Երգե՛րը բոլոր։ 

Կցրի խինդը հրաշքն իմ հոգու
Իրականացված։ 
Ես` հար վարդագույն, բոլորից դժգույն 
Կլինեմ հանկարծ։ 

Եվ էլ չեն բացվի – այդպես է, ավաղ – 
Օ, ինձ կարեկցի՛ր – 
Ո՛չ մայրամուտի, ո՛չ դաշտի համար 
Ո՛չ էլ հայացքի –

Իմ այս կոպերը խոնարհած հլու։– 
Ո՛չ ծաղկի համար – 
Հար մնաս բարով բոլոր դարերում, 
Հարազատ իմ վայր։

Եվ լուսինները, եւ այդպես` ձյունն էլ 
Կհալչեն էլի, 
Երբ կսլանա այս այնքան ջահել 
Դարը սքանչելի։

***
Ես քեզ կխլեմ բոլոր հողերից ու երկինքներից,
Նրա համար, որ անտառն - օրորոց ու շիրիմ է ինձ, 
Նրա համար, որ կանգնած եմ հողին մեկ ոտքով միայն,
Նրա համար, որ երգելու եմ քեզ – ո՛չ այլոց նման։

Ժամանակներից կխլեմ ես քեզ, գիշերներից բյուր, 
Բոլոր սերերից ու դրոշներից բոլոր ոսկեհուր
Բանալիները նետած` կքշեմ շներին շեմից – 
Նրա համար, որ հավատարիմ եմ գիշերը շնից։ 

Ես քեզ կխլեմ ուրիշ գրկերից – նաեւ այն մեկի՛. 
Ո՛չ մեկի փեսան չես լինի երբեք, ես` ոչ մեկի – կին, 
Եվ վերջին վեճում ես քեզ կվերցնեմ – լո՛ւռ մնա, սո՛ւս կաց – 
Նրանից, ում հետ գիշերվա մթնում Հակոբն էր կանգնած։

Բայց առայժմ քեզ չեմ խաչի կրծքին ճակատագրի – 
Օ, ի՛նչ անեծք է - քեզ մոտ, քեզ հետ ես դու մնում էլի. 
Երկու թեւերդ պատրաստ են սուրալ, ճախրել երկնքով –
Նրա համար, որ աշխարհն օրորոցն ու շիրիմն է քո։

Փարիզում

Տներն՝ աստղահաս, իսկ երկինքը` վար,
Մոտիկ է նրան հողը ծխի մեջ: 
Այս մեծ Փարիզում` աղմկոտ, ուրախ, 
Միեւնույն գաղտնի թախիծն է անվերջ: 

Ծառուղիներն են լի. մարեց ահա
Արեւամուտի վերջին շողքը ալ: 
Ամենուր զույգեր, զույգեր սիրահար, 
Շրթունքների դող եւ աչքերի փայլ: 

Այստեղ մենակ եմ։ Ինձ դուր է գալիս 
Գլխով լուռ հենվել շագանակենո՛ւն: 
Ռոստանի երգն է իմ սրտում լալիս, 
Ինչպես որ այնտեղ` լքված Մոսկվայում: 

Գիշերը Փարիզն ինձ օտա՛ր է, խեղճ,
Նախկին զառանցանքն ինձ համար՝ թանկ հուշ:
Ես տուն եմ գնում. թախիծն է այնտեղ 
Եվ ինչ-որ մեկի նկարը քնքուշ: 

Այնտեղ պատից կախ` նուրբ դիմանկար. 
Եղբայրական մի հայացք է տխրում.
Էդմոն Ռոստանն ու զոհը Ռեյխշտադտյան, 
Սառան – բոլո՛րը կգան երազում։ 

Այս մեծ Փարիզում` ուրախ, աղմկոտ,
Երազիս` խոտ ու ամպեր են միայն, 
Եվ խինդն է հեռու, եւ ստվերն է մոտ,
Եվ խորն է ցավը առաջվա նման:

Տասնհինգ տարեկանում 

Զնգում-երգում են, որ չմոռացվեն 
«Տասնհինգ տարեկան» բառերն իմ հոգում։ 
Օ, ինչո՞ւ եմ ես այսքան մեծացել․ 
Չկա՛ փրկություն։

Դեռ երեկ էի կեչիների տակ 
Վազվզում ազատ, առավոտ կանուխ,
Դեռ երեկ էի, վարսերս արձակ, 
Չարությո՛ւն անում։

Հեռու զանգերի ղողանջը գարնան 
Միշտ ասում էր ինձ․ «Վազի՛ր եւ պառկի՛ր»
Եվ թույլ էր տրվում ամեն-ամեն բա՛ն
Աղջնակին այն ժիր։ 

Ի՞նչ կա առջեւում, ի՞նչ փորձանք ու ցավ,
Ամենն արգելք է ու ստի հանգո՛ւյն․ 
– Ես մանկությունից լացով հեռացա 
Իմ տասնըհինգում։

Թարգմանությունը՝ Ռուզան ՀՈՎԱՍԱՓՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ