Սորոսին «քցել» ենք, սուս...

Սորոսին «քցել» ենք, սուս...

ԱԱԾ-ն Աֆրիկայում էլ ԱԱԾ է: Վանեցյանը կլինի տնօրեն, թե մեկ ուրիշը, ոչ մի նշանակություն չունի: Ամբողջ հարցն այն է, որ ԱԱԾ-ն, ինչպես շատ այլ հատուկ ծառայություններ, իր ուրույն կյանքն ունի: Այնպես որ՝ մեծամտություն ենք դրսևորում, երբ հայտարարում ենք, թե չկա այնպիսի տեղեկություն, որ ԱԱԾ-ն ունենա, ու Նիկոլ Փաշինյանը չունենա: Գիգանտոմանիան կերել է Փաշինյանի լաքեյներին: 
«Արթուր Վանեցյանն էդ քաշը չունի, որ ինձ հետ բանավիճի»,- սրանք Դավիթ Սանասարյանի խոսքերն են ԱԱԾ-ի մասին: Ոչ, ոչ, այստեղ սխալ չկա, ոչ թե Արթուր Վանեցյանի մասին, այլ հենց՝ ԱԱԾ-ի: Պարզապես Դավիթ Սանասարյանը դեռ այնքան չի մեծացել, որ հասկանա՝ Արթուր Վանեցյանն ու ԱԱԾ-ն ոչ թե հակադրելի, այլ բացառապես համադրելի երևույթներ են:

Հիշեցնեմ. «Երբ ասում ենք Լենին, հասկանում ենք կուսակցություն, երբ ասում ենք կուսակցություն, հասկանում ենք Լենին»: Արթուր Վանեցյանը չէ ԱԱԾ-ի հիմնադիրը, բայց դա էական չէ: Եթե նա անգամ մեկ ժամ ղեկավարած լիներ այդ կառույցը, միևնույն է, ընկալվելու էր որպես նրա անբաժանելի մասնիկը: Սա է, որ Դավիթ Սանասարյանը չի հասկացել, և ամեն անգամ, երբ Վանեցյանը հայտնվում է իրադարձությունների կենտրոնում, փորձում է շահարկել իր դեմ հարուցված քրեական գործը՝ իբր Վանեցյանից հալածված մարդու գործ: Մինչդեռ գործը հարուցել է ԱԱԾ-ն և, վստահաբար, ոչ առանց հիմքերի: Ես Դավիթ Սանասարյանին խորհուրդ կտայի՝ հարգանքով խոսել Վանեցյանի մասին և պատրաստվել տղամարդավարի ընդունել ապագա դատավճիռը:

Դա այսօր նաև հեղափոխությանն է պետք: Մարդիկ պետք է իմանան, որ կոռուպցիայի դեմ պայքարը միայն նախկինների շրջանակով չի սահմանափակվում:

Վանեցյանի դեմ «կատաղած» է նաև «Ժամանակ» թերթը: Արդեն քանի օր է՝ ԱԱԾ նախկին տնօրենի դիմանկարն այդ թերթի էջերում է, ընդ որում՝ առաջին էջից մինչև 8-րդ: Հոդված չկա, որի մեջ առնվազն մի քանի անգամ չնշվի նրա անունը: Եթե ասեմ՝ որևէ ցնցող բացահայտում է աչքովս ընկել այդ հրապարակումներում, սուտ կլինի, բայց Վանեցյանի մասին մի նորություն, այնուամենայնիվ, գտա: Պարզվում է, որ Արթուր Վանեցյանը ռուսական համարանիշներով ավտոմեքենա է վարում: Եվ այս նորությունը ես պարտավոր էի մարսել Արթուր Վանեցյանի՝ ռուսամետ քաղաքական կուսակցություն հիմնելու մտադրությունների մասին պատմող «շեդևրի» համատեքստում: Բնականաբար, դա ինձ ոչ մի կերպ չհաջողվեց, բայց փոխարենը աչքիս առաջով անցան «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի և Դավիթ Սանասարյանի դեմքերը, ու մտքիս մեջ կարճ միացումն արդեն պատրաստ էր: Երկու սրսուռ սորոսական փորձում են վնասել Վանեցյանին՝ ի՞նչ կարող է դա նշանակել…

Այս կարճ միացումը դեռ չէի մարսել, հետևեց երկրորդը՝ վայ քու, արա, սրանք երկուսն էլ գործ տվող են՝ մեկն ի պաշտոնե, որպես ՊՎԾ նախկին պետ, մյուսը՝ ինքնաբուխ… Չէ, եղբայր, ես օրինապաշտ քաղաքացի եմ, բայց հարգում եմ քրեական մշակույթն ու այն իրենց մեջ կրող մարդկանց: Ի՞նչ իմանաս, թե վաղը որտեղ կհայտնվես: Այնպես որ, ես չեմ պատրաստվում արդարացնել վերոնշյալ, երկու նախկին երիտասարդներին, որոնք փորձում են հեղափոխությունն օգտագործել՝ իրենցից ուժեղներից ազատվելու համար: Ես նրանց նույնիսկ հայրենասեր չեմ համարի, որովհետև մատնություն են անում ոչ թե հայրենասիրական մղումներով, այլ՝ քաղաքական նպատակներով: Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ինչ տեղի կունենա Արման Բաբաջանյանի և Դավիթ Սանասարյանի հետ, երբ նրանք հայտնվեն քրեական ենթամշակույթին հատուկ հաստատություններում (իսկ նրանք հաստատ հայտնվելու են), ապա կարող եմ ասել հետևյալը՝ առանձնապես լավատես չեմ:

Եվ ուրեմն՝ ինչո՞ւ են սորոսականներն ընկել Վանեցյանի հետևից, ավելի ճիշտ՝ ինչո՞ւ հենց Վանեցյանի հետևից: Իմ կարծիքով՝ պատճառը Նիկոլ Փաշինյանն է և նրա իշխանությունը: Փաշինյանն ու այս թափթփված իշխանությունն իսկական գյուտ են սորոսականների համար, որոնք այսօր իրենց զգում են ինչպես ձուկը ջրում: ՀՀ նախկին և ոչ մի իշխանություն նրանց հանդեպ այսքան լոյալ չի եղել, ինչպես Փաշինյանի իշխանությունը: Նրանք չեն ուզում կորցնել Նիկոլ Փաշինյանին, որն իրենց մանդատներ ու պաշտոններ է բաժանել, ընդլայնել իրավունքներն ու ազդեցության շրջանակները: Բայց տեսեք՝ Փաշինյանն այլևս ամեն առիթով չի հայտարարում, որ թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունն իրականացվել է բացառապես հայաստանյան ռեսուրսով: Դա այլևս անիմաստ է, որովհետև սորոսականներն են այլևս ամեն առիթով նրան հիշեցնում, թե ում միջոցներով ու աջակցությամբ է եկել իշխանության:

Բավական է Փաշինյանը նրանցից մեկի ոտքը տրորի՝ այնպիսի վայնասուն կբարձրացնեն, որ կմնանք զարմացած: Դե հիմա ասեք ինձ, եթե կարող եք․ այդ ի՞նչ սև կատու անցավ Փաշինյանի և Վանեցյանի միջով, որ Փաշինյանը չի կարողանում ԱԱԾ նախկին տնօրենին, իր երեկվա համախոհին ու աջակցին պաշտպանել սորոսական հարձակումներից: Մի՞թե պատճառը Փաշինյանի վիրավորված ինքնասիրությունն է, Վանեցյանի հրաժարականի աղմկոտ տեսարանները: Հազիվ թե…
Արման Բաբաջանյանի սորոսական պիսրներից մեկն իր հոդվածում գյուտ է արել՝ գրելով, թե Վանեցյանը թող իր «գաղտնի թղթապանակով» մեզ չվախեցնի, որովհետև Նիկոլն էլ իր մասին «գաղտնի թղթապանակ» ունի: Շատ ներողություն, հարգելի պիսր, իսկ որտեղի՞ց քեզ այն վստահությունը, որ Վանեցյանի թղթապանակում կոմպրոմատներ կան հենց Նիկոլ Փաշինյանի կամ նրա մերձավորագույն շրջապատի մասին: Ժամանակավրեպ չէ՞ քո այս ինքնավստահությունը, մանավանդ որ թե՛ Փաշինյանը և թե՛ Վանեցյանը տարբեր ժամանակներում խոսել են Հայաստանում «օտար ուժերի» գոյության մասին: Հետևաբար՝ Վանեցյանի այն հայտարարությունները, որ հանրությունը մոլորության մեջ է, որ առանձին քաղաքական ուժեր սնվում են օտար աղբյուրներից, իմ կարծիքով, այնքան էլ Փաշինյանի մասին չէ, ինչպես փորձում են մեզ հավատացնել սորոսական սեկտորից: Եվ ես սորոսականներին հարց եմ ուզում տալ՝ ինչո՞ւ եք հակադրում Փաշինյանին և Վանեցյանին, մեջն ի՞նչ ունեք:

Քանի ԱԱԾ-ն քնած է, մի երկու բան էլ հետգրությամբ ասեմ:

ՀԳ 1․ Արթուր Վանեցյանը կարող է Փաշինյանին փրկել սորոսականներից: Ինձ նույնիսկ թվում է, որ նա այս պահին հենց դրանով է զբաղված: Իսկ փրկել Փաշինյանին, մանավանդ այսօր, նշանակում է փրկել երկիրը խորը և անդառնալի ախտահարումից: Սա նույնպես հայրենիքին ծառայելու ձև է, նույնիսկ՝ ճիշտ ձև: Եվ հիմա ամբողջ հարցն այն է, թե ինչպես իրեն կպահի Փաշինյանը՝ կդիմադրի՞ սեփական փրկությանը, թե՞ կմնա սորոսական գործիչների ճիրաններում:

ՀԳ 2․ Պարոն Վանեցյան, միևնույն է, սորոսականները Ձեզ արդեն մեղադրում են առևտրականի հոգեբանություն ունենալու մեջ, և, ուրեմն, չե՞ք կարծում, որ ժամանակն է նրանց հասկացնելու, որ «թղթապանակը» վաճառվում է, և արժե, ենթադրենք, մեկ միլիարդ սորոս, ներողություն, դոլար: