Ո՞ւմ կարող եմ վստահել այդ ծրագրերը, եթե ոչ իմ կնոջը

Ո՞ւմ կարող եմ վստահել այդ ծրագրերը, եթե ոչ իմ կնոջը

Վարդենիսի սպորտսմեն քաղաքապետ Արամ Մելքոնյանն օրերս հետաքրքիր նշանակում է արել․ ԽԾԲ-ի դեմ պայքարող իշխանության քաղաքապետը Վարդենիսի համայնքապետարանում պաշտոն է տվել, ոչ ավել-ոչ պակաս, սեփական կնոջը՝ Աստղիկ Մովսիսյանին։
Վերջինս «Էկոկաթ»-ի սեփականատիրոջ դուստրն է, 29 տարեկան է, մասնագիտությամբ՝ մարքեթոլոգ։ Ամուսնացել են մարտին։ Մեզ՝ լրագրողներիս վրա մշտապես զայրացած եւ շփվել չսիրող քաղաքապետից փորձեցինք այս նշանակման վերաբերյալ մեկնաբանություն ստանալ։ Լսելով հարցը՝ քաղաքապետը նշեց․ «Աստղիկ Մովսիսյանը վերջերս ընդունվել է աշխատանքի՝ որպես համայնքային ծառայող, ծրագրի գծով։ Այո, նա իմ կինն է, իմ ենթակայության տակ չէ, ծրագրերի գծով համայնքային ծառայող է։ Մրցույթը կայանալու է, եթե հաղթի՝ կաշխատի, եթե ուրիշ մեկը հաղթի՝ ուրիշ մեկը կաշխատի»։

Ապա քաղաքապետը մեզ հարց ուղղեց, թե որն է խնդիրը։ Ոչ մի խնդիր, եթե համարենք, որ մեզանում ավելի ու ավելի սովորական է դառնում ընտանյոք հանդերձ պաշտոնավարելը։ Քաղաքապետը նաեւ նշեց՝ մրցույթը դեռեւս չի հայտարարվել․ «Թափուր պաշտոն ունենք, մարդն ազատվել է գործից, համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարն իրավունք ունի մարդ նշանակել։ Ինքը հիմնադիր, բաժնետեր է «Էկոկաթ» ընկերության, միլիոնավոր դոլարների շրջանառություն ունեցող գործարանի բաժնետեր է, բայց իմ խնդրանքով․․․ իր գաղափարներն օգտագործում եմ համայնքի համար, ունի արդեն այդ փորձը։ Շուտով կառուցվելու է խաղահրապարակ երեխաների համար, տուրիզմի զարգացման գծով մեծ ծրագրեր պետք է իրականացնենք, եւ այդ ծրագրերով զբաղվում է ինքը»։

Հարցին, թե ուրիշ թեկնածու չկա՞ր, քաղաքապետը վստահ պնդեց՝ ոչ․ «Ուրիշ թեկնածուի ո՞նց վստահեմ նման ծրագրեր, ես վստահորեն ասում եմ, որ ուրիշ թեկնածուն չի իրականացնի այդ ծրագրերը, որովհետեւ այս մարդն արդեն իրականացրել է մեծ-մեծ ծրագրեր, հիմա էլ կարա նույնն անի մեր համայնքի համար․․․ ինքն իրավունք ունի աշխատի 3 ամիս, բայց կաշխատի 2 ամիս։ Մինչեւ արտակարգ դրությունն անցնի, կհայտարարենք մրցույթ։ Նենց չի, որ ինքն աշխատանքի խնդիր ունի, բավականին լուրջ ծանրաբեռնվածություն ուներ։ Մանավանդ վերջին 2 ամսում ինքն ամբողջովին գործարանով․․․ հնարավոր չէր, որ ախպերը գար, հերը գար, ամբողջովին այդ ծանրաբեռնվածությունը մնացել էր իր վրա, եւ այդ երկու գործարանները եւ ամբողջ արտահանումն իր կազմակերպածն ա»։

Այս հարցուպատասխանից հետո Վարդենիսի քաղաքապետը երկու անգամ նորից զանգահարեց մեզ՝ կրկին ու կրկին պատմելով կնոջն աշխատանքի տեղավորվելու մասին։
Մի անգամ հայտնեց, որ Աստղիկ Մովսիսյանը դեռ իր օրինական կինը չէ․ «Նախ՝ ինքը երրորդ օրն ա աշխատում, իրավաբանորեն էլ մենք զագսավորված չենք, ճիշտ է՝ կինս է, բայց ոչ էլ իմ ենթակայության տակ է աշխատում, մենք զագսի մեջ չենք»։

Իսկ վերջին անգամ զանգահարելիս ավետեց բաց եւ թափանցիկ մրցույթի մասին․ «Ասեմ, որ մեր մոտ ամեն ինչ թափանցիկ ա։ Եթե կան ծանոթներ Վարդենիսից, տվյալների համար, մասնակիցներ, որ կուզենան մասնակցեն, խնդիր չկա։ Եվ հետո՝ քանի որ իրա հերը հետ եկավ Մոսկվայից, հիմա իրա հերը կարողանում ա իրենց աշխատանքները կազմակերպի, ինքը ժամանակավոր ա, նենց չի, որ ես ուզում եմ ինքը նավսեգդա մնա էս գործին, իրեն մեծ ապագա ա սպասվում էն բնագավառում, որովհետեւ ինքը շատ լավ մասնագետ ա։ Ժամանակավոր մեզ լուրջ ծրագրեր էր պետք իրականացնել։ Բայց մրցույթին ցանկացած լավ կադր կարող է գա, մասնակցի, որովհետեւ համայնքապետարանին, մեզ մասնագետներ պետք են»։

Նշենք, որ Արամ Մելքոնյանը 2018-ի դեկտեմբերին նշանակվեց Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ փետրվարի 17-ին տեղի ունեցած ընտրություններում ձայների զգալի առավելությամբ հաղթեց: Պաշտոնավարումից մեկ տարի հետո Մելքոնյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով (պաշտոնեական անփութություն)։