Ի՞նչ կտան ԵԽԽՎ-ի ուշացած որոշումները 

Ի՞նչ կտան ԵԽԽՎ-ի ուշացած որոշումները 

Վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները նոր ձու ածած հավի նման կչկչում ու աղմկում են, թե տեսեք՝ մեր փայլուն դիվանագիտությունն ինչ հաղթանակ արձանագրեց` ԵԽԽՎ-ն Ադրբեջանի պատվիրակությանն առնվազն 1 տարով հեռացրեց ԵԽԽՎ-ից, եւ վերջինս կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։ 

Վերջին շրջանում սրտացավ են դարձել եվրոպացի պատգամավորները, նրանց ելույթները լցված են Արցախի մասին մտահոգություններով, հուզիչ վերլուծություններով, թե ինչպես Լաչինի միջանցքը փակ պահելով ու էթնիկ զտմամբ, Ադրբեջանը հայաթափեց Արցախը: Եվրապատգամավորները հանկարծ հիշել են, որ Ադրբեջանի իշխանությունը բռնակալ է, կոռումպացված, ագրեսոր, պայմանավորվածությունները չկատարող: Թվում է, թե ԵԽԽՎ-ի աչքերը մինչ հիմա փակել էին՝ չէին թողնում տեսնել, թե ինչ է ընդհանրապես կատարվում Ադրբեջանում, եւ ինչ կատարվեց Արցախում: Իհարկե, մինչ այդ էլ ԵԽԽՎ ամբիոնից հնչել են «մտահոգված» հայտարարություններ, երբեմն իսկապես անկեղծ ու սրտացավ զեկույցներ, բայց քանի որ ԵԽԽՎ-ն միատարր կառույց չէ, եւ անդամ երկրներն ունեն իրենց աշխարհաքաղաքական շահերը, լուրջ քայլ չէր կատարվում Ադրբեջանի եւ նրա պատվիրակության դեմ: Ո՞վ բացեց ԵԽԽՎ-ի աչքերը. Ալիեւը, ով չարդարացրեց եվրակառույցի սպասումներն ու չվերադարձրեց նրա հասանելիքը: ԵԽԽՎ-ն հիմա իրեն զգում է օգտագործված ու դեն նետվածի կարգավիճակում:

Կառույցը տասնամյակներով թե՛ ֆինանսական, թե՛ ռազմական, թե՛ «քաղաքական» հսկայական ներդրումներ է արել Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելու համար, աչք է փակել Ադրբեջանի բոլոր հանցագործությունների առաջ: Այդ ամենն արել են՝ հույս ունենալով, որ երբ Արցախի հարցը լուծվի հօգուտ Ադրբեջանի, Ռուսաստանը դուրս կգա տարածաշրջանից՝ տեղը զիջելով Արեւմուտքին: Իսկ Հայաստանին ու Ադրբեջանին կապող օղակը, հարցեր որոշողն ու սահմաններ գծողը կլինի ոչ թե Կրեմլը, այլ՝ Բրյուսելը: Բայց ի՞նչ կատարվեց. գերտերությունների հովանավորչությունը վայելող Ադրբեջանը շռնդալից հաղթանակ տարավ ու գրավեց Արցախը: Ալիեւն արդեն իրեն զգում է Ալեքսանդր Մակեդոնացի: Ինքն է որոշում, թե ում հետ ընկերություն անի, ում ուղարկի գրողի ծոցը: Ու քանի որ արդեն Ադրբեջանի տարածաշրջանային խնդիրներն ու շահերը փոխվեցին, Անդրկովկասի «Մակեդոնացին» ԵԽԽՎ-ին ուղարկեց գրողի ծոցն ու «բռնեց Իվանի պոչը». Թուրքիայից հետո իր մեծ եղբայրը Ռուսաստանն է, ով չխանգարեց գրավել Արցախը, ինչպես ժամանակին Պուտինին շնորհակալություն հայտնելիս ակնարկում էր Ալիեւը: Հիմա նա պատրաստ է Հայաստանի հետ հարցերը կարգավորել, խաղաղության պայմանագիր ստորագրել միայն Ռուսաստանի միջնորդությամբ, այլ ոչ թե Եվրոպայի: Ինքնասիրությունն ու արժանապատվությունը խոցված եւ խաբված ԵԽԽՎ-ն նոր է զգում, թե ինչպիսի վատ պետություն է Ադրբեջանը, եւ ինչպիսի գործիչ է Ալիեւը՝ է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն…

Այնուամենայնիվ, ԵԽԽՎ-ի դռներն Ադրբեջանի առջեւ վերջնական չի փակում, թողնում է վերաբացելու հնարավորություն. որոշմամբ  «մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը կարող է վերադառնալ կառույց՝ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում»։ Իսկ այդ կանոնակարգային պարտավորություններից է 2023թ․ հունիսին ընդունված ու Վեհաժողովի կողմից հաստատված «Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձեւը: Ենթադրենք՝ Ադրբեջանը վաղը կատարեց այդ պարտավորությունը եւ ապահովեց Լաչինի միջանցքով ազատ ելումուտը: Ո՞վ է մտնելու միջանցք՝ եվրադիտորդնե՞րը: Մտնելու են, որ ո՞ւմ տեսնեն հայաթափված Արցախում: Ի՞նչ են անելու այնտեղ: 

ԵԽԽՎ այս որոշումները ոչինչ չտվող որոշումներ են, եթե Ադրբեջանի դեմ չկիրառվեն հստակ տնտեսական սանկցիաներ, եւ չպարտադրեն արցախցիների համար անվտանգ կյանքի պայմաններ ապահովել Արցախում: Ինչպես տեսնում ենք, Ալիեւին չի մտահոգում, թե իր կամ Ադրբեջանի մասին ինչ են մտածում եվրոպացիները, այսօր նա ունի Թուրքիայի եւ Ռուսաստանի նման դաշնակիցներ, ուստի կարող է պատռել ու մի կողմ գցել միջազգային դատարանների՝ Հաագայի որոշումները, ԵԽԽՎ-ի դուռը շրխկացնելով դուրս գալ կառույցից: Նրան այսքան երես տվողներից մեկն էլ հենց ԵԽԽՎ-ն է: