Ինչո՞ւ Հայաստանի քաղաքականությունը չի սպասարկում Հայաստանի տնտեսական շահը

Ինչո՞ւ Հայաստանի քաղաքականությունը չի սպասարկում Հայաստանի տնտեսական շահը

Քաղաքականության եւ քաղաքական գործիչների հիմնական խնդիրը երկրի տնտեսական շահերի պաշտպանությունն է. սա քաղաքագիտական աքսիոմատիկ ճշմարտություն է:

Դիվանագիտությունը, պետությունների դաշինքները եւ միմյանց դեմ մղվող պատերազմներն ընդամենը մի նպատակ ունեն՝ պաշտպանել սեփական երկրի տնտեսական շահերը, այդ թվում՝ այլոց հաշվին: Ինչո՞ւ այդ դեպքում Հայաստանում այս ճշմարտությունը չի գործում, եւ Հայաստանի իշխանությունը գործում է ընդդեմ Հայաստանի տնտեսական շահերի: Ամենապարզ օրինակը. Հայաստանի հարյուրավոր եւ հազարավոր գործարարներ հայտարարում են, որ դրամի արժեւորումը վնասում է Հայաստանի տնտեսությանը, ոչնչացնում իրենց բիզնեսը, բայց պետությունն անհաղորդ է այդ բողոքներին ու պահանջներին, եւ դրամը շարունակում է արժեւորվել: Այս հարցի պատասխանը չափազանց պարզ է․ որպեսզի Հայաստանի քաղաքականությունն ու քաղաքական գործիչները սպասարկեն Հայաստանի տնտեսական շահերը, պետք է, որ Հայաստանի քաղաքական օրակարգը ձեւավորեն Հայաստանի տնտեսության ներկայացուցիչները: 

Ավելի պարզ՝ Հայաստանի քաղաքականության եւ քաղաքական գործիչների հետեւում պետք է լինեն Հայաստանի տնտեսվարողները, Հայաստանի տնտեսությունը եւ հայկական շահը: Մինչդեռ իրականությունն այն է, որ, անկախ օրենսդրական սահմանափակումներից ու արգելքներից, Հայաստանի քաղաքականությունը ֆինանսավորվում է դրսից: Արեւմտյան կամ ռուսական հարկատուների հաշվին ֆինանսավորվող քաղաքական գործիչները չեն կարող սպասարկել Հայաստանի շահերը: Նրանք կարող են իրենց եւ հասարակությանը համոզել, որ Հայաստանի եւ իրենց արտաքին ֆինանսավորողների շահերը համընկնում են, բայց դա ինքնախաբեություն է, որը գիտակցում են նաեւ նման արդարացման հեղինակները:

«Քաղաքականությունը պետք է տարանջատվի բիզնեսից» սկզբունքը, որն արդեն 30 տարուց ավելի ներարկվում է հանրային գիտակցության մեջ, իբրեւ թե նպատակ ունի թույլ չտալու, որ գործարար աշխարհի ներկայացուցիչներն իրենց կամքը թելադրեն քաղաքական գործիչներին, որ բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն չունենան հանրային շահերը ստորադասելու անձնական բիզնես շահերին: Նորմալ հասարակություններում հնարավոր է լինում բիզնեսի ու հանրային շահի բալանսի հասնել հակակշիռների միջոցով: Երբ տարբեր բիզնես խմբավորումներ, ունենալով հակադիր շահեր, կարողանում են գալ ինչ-որ ընդհանուր հայտարարի, ձեւավորել խաղի ընդհանուր կանոններ, որը նաեւ արտահայտում է հանրային շահը: Այլ լուծում հնարավոր չէ գտնել, քանի որ չի կարող երկրի քաղաքականությունը գործել երկրի տնտեսական կյանքից անկախ կամ դրան հակառակ, ինչի դրսեւորումն ունենք Հայաստանում:

Բիզնեսի եւ քաղաքականության տարանջատման քարոզը հանգեցրել է նրան, որ, ի տարբերություն նորմալ քաղաքագիտական տրամաբանության, ոչ թե Հայաստանի գործարար շրջանակներն են կանգնած Հայաստանի քաղաքական գործիչների, հետեւաբար եւ՝ քաղաքականության հետեւում, այլ օտարերկրյա պետությունները, դրանց հատուկ ծառայությունները՝ տարբեր ֆոնդերի ու անհատների միջոցով: Նայեք Հայաստանի քաղաքական կուսակցություններին, եւ իրավիճակին քիչ թե շատ ծանոթ մեկը կարող է ասել, որ կուսակցությունների ճնշող մեծամասնությունն ինչ-որ արտաքին տերեր ունի, եւ ըստ այդ արտաքին տերերի՝ բաժանվում են արեւմտամետների կամ ռուսամետների: Ըստ ֆինանսավորման աղբյուրի, նրանց մի մասը Հայաստանի փրկությունը տեսնում է ՆԱՏՕ-ի միջոցով, Եվրամիության կազմում, մյուս մասը՝ Ռուսաստանի հետ հավերժ ու անխախտ բարեկամության, նրա կողմից ձեւավորվող միութենական պետության կազմում: Կան, իհարկե, թուրքամետներ էլ, որոնք Հայաստանի ապագան տեսնում են որպես թուրքական վիլայեթ, որտեղ կարելի կլինի ապահով ու հանգիստ ապրել ու զարգանալ, այսինքն՝ փող աշխատել եւ հարստանալ, բայց նրանք գործում են ավելի զգույշ եւ քողարկված:

Երբ քաղաքական գործիչները չեն սպասարկում երկրի իրական տնտեսական շահերը, սպասարկում են իրենց անձնական տնտեսական շահերը: Նրանց միակ մտահոգությունը դառնում է գործել այնպես, որ բավարարեն իրենց արտաքին հովանավորներին եւ դրա հաշվին հնարավորինս մեծ անձնական շահ ստանան: Դրանով է պայմանավորված, որ արեւմտամետներն առավոտից իրիկուն հայհոյում են Ռուսաստանին ու դրա նախագահ Պուտինին, երազում Ռուսաստանի պարտության եւ ոչնչացման մասին, իսկ ռուսամետները՝ ընդհակառակը, գուժում են աշխարհակուլ ԱՄՆ-ի մոտալուտ վախճանը եւ ռուսական զենքի անհաղթության քարոզ անում: Բայց թե դրա արդյունքում ինչ է շահելու Հայաստանը, որն է Հայաստանի տնտեսական օգուտը՝ ոչ մի բացատրություն եւ հիմնավորում չկա: Այս իմաստով ամենաբացը խաղում են Թուրքիայի հետ ինտեգրման կողմնակիցները՝ համարելով, որ թուրքական տնտեսական տարածքի մաս կազմելը Հայաստանին կբերի տնտեսական զարգացում եւ բարեկեցություն, ինչը խիստ վիճելի է, որովհետեւ չի հիմնավորվում որեւէ տնտեսական հաշվարկով:

Սա վերաբերում է ոչ միայն առանձին քաղաքական կուսակցություններին, այլ նաեւ պետական իշխանությանը՝ ընդհանրապես: Ո՞վ է ֆինանսավորում Հայաստանի բյուջեի պակասուրդը, ի՞նչ միջոցների հաշվին: Հիմնական աղբյուրը միջազգային ֆինանսական կառույցներից` Համաշխարհային բանկ եւ Արժույթի հիմնադրամ, ստացվող վարկերն ու դրամաշնորհներն են: Հենց նրանք են փրկում իշխանությանը ֆինանսական կոլապսից ու ամենածանր վիճակում, այսպես կոչված, օգնության ձեռք մեկնում: Այդ պատճառով էլ Հայաստանի ֆինանսական եւ դրամավարկային քաղաքականությունը որոշվում է այդ կառույցների կողմից․ նրանց պետք է, որ դրամն արժեւորվի՝ արժեւորվում է, պետք լինի, որ արժեզրկվի՝ անպայման կարժեզրկվի: Գործում է «ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը» սկզբունքը: 

Հայաստանի գործարարները, անշուշտ, ավելի շատ գումար են մուծում պետական բյուջե, քան միջազգային կառույցների տված վարկերն են: Նրանք ոչ միայն պահում են իշխանությանը, այլեւ իրենց հարկերով վճարում են միջազգային կառույցներից ստացված վարկերի տոկոսներն ու մայր գումարները: Չնայած դրան, պետական իշխանությունը չի ծառայում նրանց: Չի ծառայում միայն մի պարզ պատճառով. նրանք համախմբված չեն, իսկ առանձին-առանձին անընդունակ են ազդել կամ քաղաքական օրակարգ ձեւավորել, այսպես ասած՝ «երաժշտություն պատվիրել»: Երբ Հայաստանի բիզնեսը դուրս գա ասպարեզից` բիզնեսը եւ քաղաքականությունը պետք է տարանջատված լինեն կործանարար քարոզչության ազդեցության տակից եւ ձեւավորեն իրենց տնտեսական շահերը պաշտպանող քաղաքական միավորներ ու մասնակցեն Հայաստանի քաղաքական կյանքի ձեւավորմանը, այդ դեպքում էլ հնարավոր կլինի խոսել քաղաքականությունը եւ քաղաքական գործիչների կողմից Հայաստանի տնտեսական շահերը սպասարկելու հնարավորության մասին:

Ավետիս Բաբաջանյան