Կոմունիստական ժամանակներից մեզ հասած «մասունքը»

Կոմունիստական ժամանակներից մեզ հասած «մասունքը»

Հետաքրքիր ժամանակներ ենք ապրում: Մարդու ինչ տեսակի ասես, որ չես հանդիպի մեր օրերում: Թավշյա հեղափոխությունը տակնուվրա է արել ողջ հասարակությունը, ինչից ի հայտ են եկել մարդկային այնպիսի որակներ, որոնք նախկինում չեն եղել կամ եթե եղել են, ապա չեն նկատվել ինչ-ինչ պատճառներով: Տոտալ դեգրադացիան իր ալիքի մեջ է առել ամեն ինչ եւ ամենքին: Բացառություն է կազմում թերեւս մեկ մարդ՝ Վիգեն Խաչատրյանը, որ դույզն-ինչ չի փոխվել Բրեժնեւի ժամանակներից մինչեւ մեր օրերը:

Երբեմնի կոմերիտական ու կուսակցական գործիչը, շատ արագ ադապտացվելով անկախ Հայաստանի իշխանություններին, հարմար պաշտոններ է ձեռք գցել, մանդատ, ընդհուպ Լոռու մարզպետ դարձել, աշխատանքներից ազատ ժամերին իր ուժերն է փորձել կուսակցաշինության եւ ֆուտբոլի ասպարեզներում: Վիգեն Խաչատրյանի հանրայնացված կենսագրությունը, ճիշտ է, ավարտվում է 2010 թվականով, բայց, ըստ մեր դիտարկումների, նա իրեն ամենեւին վատ չի զգացել նաեւ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում: Քաղաքական զբոսանքները նրան տարբեր կուսակցություններով տարել-հասցրել են ՄԱԿ կուսակցության հիմնադիր նախագահ Գուրգեն Արսենյանի մոտ, որի թեւի տակ էլ, կարելի է ասել, դիմավորել է Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխությունը: Վիգեն Խաչատրյանն այդ ընթացքում որեւէ բառ չի արտաբերել օրվա իշխանության դեմ, չի եղել դեպք, որ նա մատնացույց աներ նախկին իշխանությունների համատարած թալանն ու կոռումպացվածությունը: Այսպիսին էր Վիգեն Խաչատրյանը մինչեւ հեղափոխությունը:

Երբ Նիկոլ Փաշինյանը մեր հասարակությունը բաժանեց սեւի եւ սպիտակի, թվում էր, որ, ի դեմս Վիգեն Խաչատրյանի, «սեւ» խաղացող էր հայտնվելու քաղաքական դաշտում, բայց Վիգեն Խաչատրյանը շատ ավելի «խելացի» գտնվեց, քան կանցներ որեւէ մեկի մտքով: Նա դարձյալ ամուր կառչեց իշխանությունից եւ շատ արագ դարձավ թավշյա հեղափոխությունը խնկարկողներից մեկը:

Վիգեն Խաչատրյանի մասին թերեւս այսքան չծավալվեի, եթե չնկատեի նրա գրառումներից մեկը, որ քիչ է ասել՝ ցնցեց ինձ: Վիգեն Խաչատրյանը, այո, չի փոխվել, մնացել է ընդդիմության եւ իշխանություններից դժգոհող քաղաքացիների հակառակորդը: Թերեւս մի քիչ բառապաշարն է հարստացրել՝  «վնգստալ», «անհույս ողորմելիներ» եւ այլն: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ բոլոր իշխանությունների օրոք հարմար «տեղավորվող» Վիգեն Խաչատրյանն այսօր ազատ խոսքի ու արժանապատվության մասին է փիլիսոփայում եւ անգամ հանդիմանում պայքարող ու քննադատող մարդկանց. «Էս անհույս ողորմելիներն իրենց այդպես էլ չեն կարողանում կողքից տեսնել… ախր դուք ուր - պետությունը ուր, դուք ուր - ժողովուրդը ուր, դուք ուր - ազատ խոսքն ու արժանապատվությունը ուր»:

Ինչ ուզում եք՝ ասեք, Վիգեն Խաչատրյանն իսկապես ֆենոմենալ երեւույթ է: Ուր էր՝ Փաշինյանը մի քիչ «նյուխ» ունենար ու նրան, որպես հազվագյուտ էքսպոնատի, տեղավորեր հեղափոխության թանգարանում: