Սպիտակ ու սև զոմբիներ

Սպիտակ ու սև զոմբիներ

Հասարակությունը նախ բաժանեցին սեւ ու սպիտակի՝ հայտարարելով, որ սեւերը նախկին իշխանություններն են, իսկ սպիտակները՝ հեղափոխություն իրականացրած հերոսներն ու նրանց աջակիցները։ Ապա եկավ հանրության մյուս խավերին սեւ ու սպիտակի բաժանելու ժամանակը՝ մտավորականներ, լրագրողներ, գիտնականներ, քաղաքագետներ, դասախոսներ, ընդդիմություն։ Բոլորին։

Բոլոր նրանք, ովքեր իրենց քննադատում են, սեւ են կամ սեւերից են ֆինանսավորվում, սեւերն են նրանց հրահրում ու օգտագործում։ Եվ բոլոր նրանք, ովքեր գովերգում են իրենց, սպիտակ են, առաջադեմ են, հեղափոխական են։ Այս սեւ- սպիտակի բաժանումը հատկապես տխուր է, երբ խոսքը վերաբերում է քաղաքացիական հասարակությանը՝ իրավապաշտպաններ, մամուլի եւ տարբեր խմբերի իրավունքներով զբաղվող ՀԿ-ներ, բնապահպաններ։ Այս դաշտում առհասարակ հեղափոխությունից հետո կարծես ռումբ ընկած լինի՝ հատուկենտ ՀԿ-ներ են համարձակվում առարկել, հակադրվել իշխանություններին, խոսել նրանց սխալների մասին։ Հիմա նոր-նոր սկսել են ինչ-որ անհատներ խոսել, արտահայտվել եւ միանգամից հայտնվել են սեւերի դաշտում։ Իսկ «սպիտակ» քաղաքագետների, իրավապաշտպանների, լրագրողական կազմակերպությունների պակաս մեզանում չկա՝ նրանց համար երկիրը մի օրում դարձավ դրախտավայր, եւ բոլոր հոռի երեւույթները միանգամից վերացան։ Իրենք էլ կցվեցին իշխանության նավին՝ դառնալով սայլի հինգերորդ անիվը։
Բայց երբ հանրությանը բաժանում ես հակամարտող բանակների եւ այդ հակամարտությունը, թշնամանքն ամեն կերպ խրախուսում ու ողջունում, ինչ-որ պահի այն նաեւ դառնում է անկառավարելի։ Եվ շատ հնարավոր է սեւերի բանակի մեծացում, տրանսֆորմացիաներ սպիտակների ճամբարում, թշնամանքի հողի վրա բախումներ, ապա նաեւ թշնամանքը կարող է ուղղվել սպիտակների դեմ եւ այլն։

Հիմա եկել-հասել ենք մի հանգրվանի, երբ պառակտումն ու սեւ-սպիտակի բաժանումը տեղի են ունենում նաեւ, պատկերավոր ասած, զոմբիների ճամբարում։

Այսօր արդեն կան «սպիտակ զոմբիներ», որոնք Նիկոլ Փաշինյանի «լայվերի» տակ գրում են «Kece mer xeros varcapet», եւ որոնց գրածներին վարչապետն ու իր թիմը մեղմ ժպիտով են արձագանքում՝ դա համարում «ձայն բազմաց», հպարտանում լատինատառ գրողների սիրով ու կարծիքով։ Համարում են, որ իրենք ժողովրդական են, սիրված, լեգիտիմ եւ ընտրյալ։ Եվ կան զոմբիներ, որոնք արդեն զայրացնում են վարչապետին ու նրա թիմին եւ համալրել են սեւերի ճամբարը։ Օրինակ՝ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարողները, Մել Դալուզյանի ֆիլմին 20 միլիոն, «Հուզանք ու զանգ» ներկայացմանը 2,7 միլիոն տրամադրելու դեմ ընդվզողները։ Օրինակ՝ դատավոր Աննա Դանիբեկյանին «վնգստացող» անվանողները։ Օրինակ՝ հայոց պատմությունը՝ բուհերից, հայ եկեղեցու պատմությունը դպրոցներից հանելու դեմ պայքարողները։ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները։ Իշխանության բարձր «պրեմյաների» դեմ բողոքողները։ Սրանք «սեւ զոմբիներն» են, որոնք, ըստ իշխանությունների, չեն հասկանում, թե որն է առաջադիմությունը, որն է զարգացումը, չեն գնահատում հեղափոխության բերած բարիքները եւ խանգարում են ՀՀ երիտասարդ իշխանություններին աշխատել եւ այդ աշխատանքին համարժեք վարձատրություն ստանալ։ Ի՞նչ է 1,2 միլիոն դրամը․ չնչին մի գումար։ Միթե իրենց տաղանդավոր նախարարներն ու փոխնախարարներն արժանի չեն այդ չնչին վարձատրությանը։ Պետք է ամբողջությամբ սեւ լինես, հետն էլ՝ զոմբի, որ դիմադրես դրան, հայհոյես, հիասթափվես, մտածում են իշխանական կաբինետներում նստածները։

Առհասարակ, հիասթափության ու դժգոհության ցանկացած դրսեւորում սեւ լինելու նշան է։ Եթե ուզում ես սպիտակ լինել, ապա պետք է միայն հիանաս հերոս վարչապետով ու նրա հոյակապ թիմով, գովես նրա յուրաքանչյուր անդամին՝ սկսած սուպերնախարար Արայիկ Հարությունյանից, մինչեւ առողջապահության համակարգում կադրային ջարդ անող Արսեն Թորոսյան։ Միայն սեւ զոմբին կարող է հետաքրքրվել, թե ովքեր են փող տալիս, եւ ուր են գնում Աննա Հակոբյանի ֆոնդի գումարները։ Միայն սեւ զոմբին կարող է հիշել Սամվել Ալեքսանյանի «Լֆիկ» մականունն ու նրան օլիգարխ կոչել կամ Ալեքսանյանի անունը դնել, ասենք, Գագիկ Բեգլարյանի, Բարսեղ Բեգլարյանի կամ Գագիկ Խաչատրյանի կողքին։ Սպիտակ զոմբին պետք է հասկանա, թե որ օլիգարխն այլեւս օլիգարխ չէ, որը օլիգարխ է եւ դատվելու արժանի։

Ափսոս, որ իշխանության մեջ գտնվողները չհասկացան, որ զոմբին զոմբի է, անկախ նրանից՝ իրենց կողմի՞ց է, թե՞ ոչ։ Հանրության մեջ միշտ կան ցածր գիտակցության եւ ցածր ինտելեկտի տեր, անկիրթ մարդիկ, որոնք առաջնորդվում են իրենց կրքերով ու զգացմունքներով։ Եթե այսօր նրանք Փաշինյանին պաշտում են, պետք չէ զմայլվել այդ պաշտամունքով եւ խրախուսել այլ հանրային խմբերի վրա նրանց ագրեսիան։ Որովհետեւ այդ ագրեսիան մի օր ուղղվում է իրենց թշնամիների, մյուս օրը՝ հենց իրենց դեմ։


Հակոբ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ