Ինչ եղան կորտերը    

Ինչ եղան կորտերը    

Ամիսներ առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ օղակաձեւ զբոսայգում իրականացվելու է նոր նախագիծ` թենիսի կորտերը տեղափոխվելու են այլ վայր։ Քաղաքապետի այս հայտարարությունը հասարակական մեծ դժգոհությունների և աղմուկի պատճառ դարձավ, և դեմ արտահայտվեցին բազմաթիվ երեւանցիներ, Երևանի ավագանու ընդդիմադիր ուժերը։ Այդ դժգոհություններից հետո Երևանի քաղաքապետարանը հանդես եկավ հայտարարությամբ, որ նոր նախագիծը պատրաստ լինելու դեպքում` կներկայացնեն հանրության դատին։ Հետագայում, մամուլում շրջանառեցին լուրեր, որ 1950-ականներից գործող «Արարատ» ակումբին պատկանող թենիսի կորտերի մասնավոր տարածքը կճանաչվի հանրային գերակա շահ, ապա «GreenRock Management Group» ընկերությունն այդտեղ կառուցապատում կիրականացնի՝ առանց մրցույթի, մեկ անձից գնման սկզբունքով եւ բացօթյա կինոթատրոն կկառուցվի` այլ շինությունների հետ համակցված։ 

Անցել են ամիսներ, մենք փորձեցինք հասկանալ, արդյոք կա՞ արդեն նախագիծ, ինչ փուլում է գտնվում այս նախաձեռնությունը եւ երբ է մեկնարկելու նոր աշխատանքները։ Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից մեզ տեղեկացրեցին, որ այս պահին դեռ չկա վերջնական որոշում, երբ լինի վերջնական որոշում քաղաքապետարանը կիրազեկի հանրությանը նոր նախագծի մասին, և կներկայացվի նաև, թե ինչպես է լուծվելու կորտերի  հետագա ճակատագիրը։