Պետք է հարցնել` ե՞րբ եք դուրս գալու ձեր վարդագույն երազանքներից

Պետք է հարցնել` ե՞րբ եք դուրս գալու ձեր վարդագույն երազանքներից

«Այն ցավալի գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում, շատ հստակ ցույց են տալիս, որ Հայաստանի դեմ պատերազմը չի դադարել․ խոսքը գնում է, մասնավորապես այն տեղեկատվական ահաբեկչության մասին, որի զոհ ենք դառնում մենք՝ բոլորս։ Այո, ես չսխալվեցի` դրանք տեղեկատվական ահաբեկչական  գործընթացներ են, որոնք բնորոշ են այն պետություններին, որոնց առջև բավականին լուրջ վտանգներ են գեներացվում։ Իսկ եթե ավելի տեսականորեն, ապա վտանգներն այս պարագայում միտում ունեն ձևավորվել և վերաձևավորվել ավելի հստակ գործընթացների, որոնց մասին մենք բազմաթիվ անգամ զգուշացրել ենք։ Խոսքը, մասնավորապես, թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակի՝ անդադար հակահայկական գործընթացների մասին է, որոնք ավելի ուժգնացան և ավելի թափ ստացան, երբ որ այս իշխանությունները սկսեցին իբր թե խաղաղությանը միտված գործընթացներ, ինչը իրականում բերեց լրիվ հակառակ էֆեկտի։ Այսինքն, ավելի գեներացվեց պատերազմի և մասնատման վտանգը։ Միտումնավոր է դա արվում, թե պարզապես անգիտության և տկարության արդյունքում՝ չեմ կարող ասել»,- «Հրապարակին» ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

Նա նկատում է, որ այսօր ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանի սահմանային ծառայությունը, որը նույնպես մասնակցում է տխրահռչակ, թրքահաճո, ադրբեջանամետ դելիմիտացիա, դեմարկացիա գործընթացին, հայտարարում է, որ իրենք նաև քննարկելու են Հայաստանում՝ Տավուշում յոթ ինչ-որ անհայտ բնակավայրերի հարցը, իբր այդ բնակավայրերը պիտի փոխանցվեն Ադրբեջանին։

Աբովյանն ասում է․ «Պատկերացնում եք չէ՞ Հայաստանի զավեշտը։ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի բնակավայրերի մասին Ադրբեջանի սահմանային ծառայությունն իրեն իրավունք է վերապահում արդեն իսկ խոսել՝ որ  այդ բնակավայրերը կարող է իրենց փոխանցվեն։ Դրա հետ մեկտեղ հիշեցնեմ, որ Ադրբեջանը պաշտոնապես պետական մակարդակով հավակնություններ  է հայտնում Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, ինչու ոչ` հենց Երևանի հանդեպ։ Եվ այստեղ մի աբսուրդային իրավիճակ է ձևավորվում, որը մի կողմից վերահաստատում է այն թեզը, որ տխրահռչակ խաղաղության դարաշրջան կոչեցյալը բերեց, բերում է և բերելու է անխուսափելի արհավիրքներ, և Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մասնատման, առավել քան մեծ վտանգների։ Եվ դրա հետ մեկտեղ հիշենք, որ կարծես թե շուրջբոլորը հասկանում են ծանրությունը իրավիճակի։ Զուր չէ, որ  Իրանը ամեն շաբաթ իր բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով հայտարարում է, որ թույլ չի տա՝ սահմանների փոփոխություն տարածաշրջանում, իհարկե, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության սահմանների փոփոխությունը։

Արման Աբովյանն ընդգծում է, որ եթե իրանցիները հետևողականորեն պատրաստ են, իրենց ազգային շահերից դուրս գալով, պայքարել և թույլ չտալ  Հայաստանի տարածքը փոփոխվի, ուրեմն ինչ-որ միտում կա, չէ՞, փոփոխման։

«Պետք է շատ հստակ հասկանալ ու հարց տալ. պարոնայք իշխանավորներ, դուք գիտակցում- հասկանո՞ւմ եք, թե ինչ  է կատարվում։ Ի վերջո, երբ եք դուրս գալու ձեր վարդագույն, թրքահաճո և ադրբեջանամետ երազանքներից։ Այս վարդագույն երազանքները բարբարոս մարդասպանների հետ խաղաղություն կնքել՝ այն պայմաններում, որում, որ հիմա գտնվում է Հայաստանը, և որը գեներացվում  է հատուկ, ինքը բերելու է միայն  ու միայն  ամենածանր հետևանքների։ Եվ սա է այն իրողությունը, որը գոյություն ունի։ Որքան էլ մենք հրաժարվենք դա ընդունել, որքան էլ իշխանությունները հրաժարվեն դա ընդունել, որքան էլ մարդիկ ասեն՝ ուշադրություն չդարձնենք՝ վտանգները չեն չեզոքանալու, խնդիրը չի լուծվելու։ Թող ոչ ոք չկասկածի, որ Ադրբեջանը և Թուրքիան մշտապես գեներացնելու են լարվածություն Հայաստանում՝ բոլոր հնարավոր և անհնարին մեթոդներով։ Նրանց վերջնանպատակն է ցամաքով միավորվել և ընդհանուր սահման ունենալ, սա, իհարկե,  Հայաստանը մասնատելով։ Այս ամենը  իրենք չեն էլ թաքցնում»։