Պարզ խնդիրը բարդացնելու արվեստի հմայքը
Բնապահպան Կարինե Դանիելյանի հիշատակին
Խորհրդային տարիներին, երբ կառուցվում ու բարեկարգվում էին Երեւանի Կիեւյան, Կոմիտասի, Հրաչյա Քոչարի, Հալաբյան փողոցները, Աջափնյակ թաղամասը, Երեւանի կլիման գնահատվում էր կիսաանապատային: Երեւանի բուսաբանական այգի-ինստիտուտն ուներ հայաստանյան բնակլիմայական պայմանները բավարարող բուսատեսակների, ծառատեսակների բուծարան։
Հիշեցման կարգով․ հին Երեւանի բակերում աճում էին թթենի, ընկուզենի, կաղնի (դուբ), ակացիա, հացենի (յասեն), սոսի (պլատան), թխկի (կլյոն), բարդի (տոպոլ), մրգատու ծառեր ու թփեր։
Խնամում էին բակի բնակիչները։ Իսկ կառուցվող նոր թաղամասերն ու պուրակները կանաչապատվում էին մեր Բուսաբանական այգում մշակված տեսականիով եւ խորհրդային քաղաքաշինական նորմերով։ Որոշիչ պայմաններն էին, որ ծառերն ունենան լայն ու խիտ տերեւներ, մեծ շառավղով ստվեր ապահովեն, ալերգիկ չլինեն, փոշի կլանեն, քամիներ մարեն ու չտապալվեն, լինեն վարակադիմացկուն, շոգեդիմացկուն, ցրտադիմացկուն, երկարակյաց… Երեւանի գլխավոր հատակագծերի կարեւոր մի բաղադրիչը կանաչապատման տեխնիկական նորմերի ապահովմամբ եւ օրենքի ուժով օժտված դենդրոնախագիծն էր։ Այսքանից հետո տարակույս չկա, որ կանաչապատ տարածքները տվյալ բնակավայրի «թոքերն» են, իսկ որպես առողջապահական եւ քաղաքաշինական բացարձակ արժեք՝ անկախ են երկրի սահմանադրական կառավարման տեսակից եւ քաղաքական իրադրությունից։
Անցել է ավելի քան երկու տասնամյակ։ Երեւանի քաղաքաշինա-բնապահպանական մասով նորություններն առավել քան ուշագրավ են։ Ամենաուշագրավը՝ Երեւանի բուսաբանական այգի-ինստիտուտն ուշքի է գալիս։ Մեկ-մեկ մամուլ են սպրդում լուրեր, թե Երեւանի կենտրոնի (խեղդվող փոքր կենտրոնի) հերթական հատակագիծն է մշակվում։ Լավ, եթե այդպես է, դուք էլ կհակադարձեք՝ հետո՞ ինչ, երբ Երեւանի կանաչ տարածքները (թոքերը) մաշվում են։ Փաստե՞ր․ խնդրեմ։ Նորք-Մարաշի լանջը սողացող տեմպով սեղմվում է, Սարալանջի Ավետ Ավետիսյան-Ազատության պողոտա միջնամասում կառուցապատումը շարունակելու համար ազատ տեղ չի մնացել։ Իսկ Ազատության պողոտայից աջ, Հաղթանակի այգու տակի զառիթափը (հուշելու կարգով) մերկ է ու տատասկոտ։ Հետո՝ «քաղաքաշինական դանակի» տակ են մայրաքաղաքի սրտում հայտնված Դալմայի խաղողաբույր միակ այգիները։ Իսկ ուշագրավ չե՞ն նաեւ Երեւանի (թեկուզ կենտրոնի) բակերի շարունակական կառուցապատումը նորակառույցներով, երեխաների իրավունքների անընդմեջ ոտնահարումը։ Ի դեպ, այս ամենի մասին բնապահպան, երջանկահիշատակ Կարինե Դանիելյանը մի առիթով ասաց, որ քաղաքաշինություն չի մնացել, համատարած ամենաթողություն է, հեղափոխությունն էլ չօգնեց, բնությունն էլ հո միամիտ չէ, պատժում է։
Անհերքելի փաստ է, որ Երեւանի կլիման օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով այլեւս անապատային է, ասել է թե՝ կանաչ տարածքները (թոքերը) օազիսային բովանդակություն եւ կարգավիճակ ունեն։
Անդրադառնանք Երեւանի փոքր կենտրոնի հերթական հատակագծին։ Եթե նախագծումն ընթացքի մեջ է, ուրեմն պետք է պատասխանատուներ լինեն, լինի գլխավոր պատասխանատու-երաշխավոր։ Վերջինս մամուլի միջոցով հանրությանը երբեւէ տեղեկացրե՞լ է աշխատանքների ընթացքի մասին...
Լռություն է եւ՝ էլի ուշագրավ։
Մի բան հստակ է, որ առայսօր մայրաքաղաքի ի պաշտոնե պատասխանատուները (նաեւ իրենց թիմակից ճարտարապետերն ու կառուցապատողները) քաղաքաշինությունից կա՛մ չեն հասկանում, կա՛մ շարունակում են քսանամյա ավանդույթը՝ մասնավոր շահի եւ պետական (կամ ազգային) շահի նույնականացման հռետորաբանությամբ «մտավորական» խաղալ։
Հիմա էլ անդրադառնանք Կիեւյան, Կոմիտասի, Հրաչյա Քոչարի, Հալաբյան փողոցների ծառաշատ ու ստվերազուրկ մայթերին։ Երեւանում գերակշռող ծառատեսակը հոլանդական, սնկային, համաճարակային հիվանդությամբ տառապող թեղին է (կարագաչ)։ Գարնան կեսից թեղիի մանր տերեւները դեղնում դառնում են թափանցիկ (ծակոտիներ, ցանցկեն) շղարշ, որից մժեղներ են թափվում, իսկ բնի երկայնքով գորշ թրթուրներ են վերուվար անում։ Կարծես դիտավորյալ հենց այս ծառատեսակի տակ են դրված նստարանները։ Նստում ես ու սկսում մեջքդ քորել։ Սովորաբար 2-3 տարին մեկ թեղին խորքից խուզում էին՝ թողնելով մեծ ու միջին բուշտերով սպիապատ ծառաբները։ Գոնե ամեն տարի, գարնանը ծառաբները գետնից 60-70 սմ բարձրությամբ կրաջրով ներկում էին, որն էլ ինչ-որ չափով խոչընդոտում էր ծառերի հիվանդանալուն։
Երկրորդ լուրջ հիվանդացող ծառատեսակը կաղնին է։ Թեեւ կաղնին ունի հզոր սաղարթ, այդուհանդերձ, պարբերաբար բուժում չստանալու դեպքում սաղարթից թանձր, մեղրածոր ավիշ է ցայվում անցորդների գլխին, նստում շորերի, ակնոցների, կայանված ավտոմեքենաների վրա։ Նաեւ՝ կաղնու հաստ տերեւները պատվելով իր իսկ արտադրած թույնով՝ չեն շնչում, չորանում են։ Ժամանակին (նաեւ անկախության սկզբի տարիներին) քաղաքաշինական եւ բնապահպանական նորմերի ուժով գարնանային մեկ-երկու սրսկումները բոլոր ծառատեսակները փրկում էին հիվանդություններից։ Այս տարի դա չարվեց։ Չարվեց` պատճառաբանությամբ, թե հիվանդությունների (հատկապես թեղիի) տարբեր տեսակներ կան, պետք է հատ-հատ ուսումնասիրել, գտնել յուրաքանչյուրի համար կիրառելի թունաքիմիկատի տեսակը եւ այլն, եւ այլն...։ Եղբայր, եթե ընթացիկ թունաքիմիկատն արդյունավետ է դեռ խորհրդային տարիներից, ինչո՞ւ տառապել, ծախս անել, հեծանիվ հորինել։ Պարզ ասեք՝ փող չկա։
Իրավիճակը, իսկապես, ծանր է բայց ո՛չ փակուղային։ Նախադեպերն ակնառու են։ Թեղին եւ բամբակ տարածող, ալերգիկ ու տապալվող բարդին վերացվել է ԱԺ եւ կից Սիրահարների այգիներից։ Վերացումից զատ՝ եղածը խնամվում է, տնկվում են այլ ծառատեսակներ՝ հատկապես սպիտակաբուն սոսի, տեսակավոր եղեւնիներ։
Արժե հիշատակել, որ Երեւանում գործող դեսպանատներն իրենց գյուղատնտես-այգեպաններն ունեն, որովհետեւ դեսպանատան տարածքի կառուցապատումը, բարեկարգումը, այգու կահավորումն ու խնամքը դեսպանության մասնավոր գործառույթն են։ Միայն մեկ օրինակ. Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանատան ավտոկայանատեղին այնպիսի ծառատեսակներով ու դասավորությամբ կահավորվեց, որ ավտոմեքենաներն ազատ ելումուտ են անում ու չեն արեւահարվում։ Տեղեկացանք, որ ԱՄՆ դեսպանատունը Երեւանի կլիմային համապատասխան ծառատեսակներ է գնել Բուլղարիայից՝ հատուկ Երեւանի դեսպանատան տարածքի համար։ Ազգությամբ «բուլղար» ծառերը դեսպանատան տարածքում կանոնավոր սպասարկվում են ու ապրում առողջ կյանքով։ Իսկ եթե Երեւանի իշխանությունները հնարավորություն չունենան դրսից ծառեր ներկրելու, կարող են դիմել ԱՄՆ դեսպանություն՝ «այլազգի» ծառատեսակների տեխնիկական (անձնագրային) տվյալներն իրենց տրամադրելու խնդրանքով, «կոնսիլիում» անցկացնել դեսպանատան գյուղատնտեսների հետ՝ կազմակերպելու հայաստանյան ծառատեսակներից նույնական տեսակներ գտնելու նպատակով։ Կամ (առավել «դաժան» տարբերակ)՝ ԱՄՆ դեսպանատնից, ԱԺ եւ Սիրահարների այգիների պատասխանատուներից պարտքով բուժիչ թունաքիմիկատ խնդրել։ Չե՞ք կարծում, որ ժամանակն է առաջնորդվել պարզ տրամաբանությամբ, գործել իրատեսորեն ու համարձակ։
ՀԳ. Հուրախություն մեզ՝ երեւանցիներիս․ Երեւանի կենտրոնի գլխավոր փողոցների մայթերի ծառերի սաղարթը, կեսգիշերն անց, թեկուզ ուշացումով, ցողում են ինչ-որ դեղանյութով։
Մարտին եւ Արամայիս Ասլանյաններ
Ճարտարագետ-նախագծողներ
Կարծիքներ