Էրդողանի մերժվածությունը, Փաշինյանի թեթեւսոլիկությունը

Էրդողանի մերժվածությունը, Փաշինյանի թեթեւսոլիկությունը

Օրերս տեղի ունեցան Ռեջեփ Թայիբ Էրդողանի կողմից Թուրքիայի նախագահի պաշտոնը երրորդ անգամ ստանձնելու արարողությունները։ Հայաստանում հազիվ թե տեղյակ լինեին դրա մասին, եթե Նիկոլ Փաշինյանը` ցուցամոլությունից ու թեթեւսոլիկությունից դրդված, անձամբ չմեկներ Անկարա` այդ արարողություններին մասնակցելու: Փաշինյանը մեկնեց այն Թուրքիան, որի տարածքի կեսը կազմում է Հայկական բարձրավանդակը, որտեղ գտնվում է Արեւմտյան Հայաստանը` Կիլիկիայից,  Կապադովկիայից, Կոմմագենից մինչեւ Փոքր Հայք ու Մեծ Հայքի մեծ մասը: Եվ մեկնեց ոչ թե հայկական սրբավայրերից մեկը` Կեսարիայից ու Եդեսիայից մինչեւ Կիլիկիայի հայկական ամրոցներ, Նեմրութ լեռան հայոց պանթեոնից մինչեւ բիբլիական Մասիս կամ Վանի միջնաբերդ, այդ ամենը թողած՝ մեկնեց Անկարա` Թուրքիայի հասարակության կեսի կողմից մերժվող մի անձի նախագահական պաշտոնամուտին մասնակցելու: Ինչո՞ւ: Փաշինյանի անձնական ցուցամոլությունից ու թեթեւսոլիկությունից բացի ուրիշ շարժառիթ դժվար է գտնել:

Թուրքիայի հետ հայերի եւ Հայաստանի խնդիրները մի կողմ թողնելու դեպքում էլ Փաշինյանի՝ Անկարա մեկնելն անհասկանալի էր նաեւ միջազգային հարաբերությունների,  դիվանագիտության տեսանկյունից: Բավական է միայն թվարկել երկրների ղեկավարների անունները, որոնք  ժամանել էին Անկարա: Hurriyet Daily News-ը հրապարակել էր անունները` Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆ, Լիբիայի առաջնորդ Աբդուլ Համիդ Դբեյբա, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւ, Սոմալիի ղեկավար Հասան Շեյխ Մահմուդ, Բուլղարիայի, Հարավ-Աֆրիկյան Հանրապետության, Չեռնոգորիայի, Կոսովոյի եւ Հյուսիսային Մակեդոնիայի նախագահները եւ Կիպրոսի թուրքերի առաջնորդը։ 

Միջազգային միայն երեք կազմակերպություններից էր հյուր ժամանել` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը, Իսլամական կազմակերպության ներկայացուցիչը ու եւս մի ներկայացուցիչ Թուրքական պետությունների կազմակերպությունից: Ոչ առաջին դեմքերն են ժամանել նաեւ Իրաքից, Ռուսաստանից, Չինաստանից, Բոսնիա-Հերցեգովինայից, Գերմանիայից առհասարակ` նախկին պաշտոնյաներ:

Ինչպես տեսնում ենք, առաջին դեմքերի ցանկում միայն միջազգային изгой-ներն են, համարյա ահաբեկչական պետությունների ղեկավարներ կամ առաջնորդներ՝ Թուրքիայի ազդեցության ծիրում գտնվող երկրներից: Բալկաններից այն կողմ ո՛չ Եվրոպայից, ո՛չ Մերձավոր Արեւելքից, ո՛չ անգամ Հեռավոր Արեւելքից ոչ մի ազդեցիկ կամ քաղաքակիրթ երկրի ղեկավար Անկարա չէր ժամանել: Հետեւաբար, մնում է անպատասխան հարցը` Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ էր գնացել: Ժամանածներից ո՞ւմ հետ Հայաստանի վարչապետն ընդհանրություն ուներ` Վենեսուելայի նախագահի՞ հետ, Լիբիայի՞, Հարավային Աֆրիկայի՞, թե՞ Սոմալիի: Գրողը տանի, անգամ թուրքալեզու պետությունների, իսլամական երկրների ղեկավարները չէին մեկնել Անկարա: Որքան պետք է մերժված լինի Էրդողանը դրա համար: Եվ ի՜նչ անուն տաս, որ Հայաստանի վարչապետն էր այնտեղ մեկնել: Անձամբ ես, նորից, Փաշինյանի ցուցամոլությունից ու թեթեւսոլիկությունից բացի այլ բացատրություն չեմ գտնում: 

Առավել հետաքրքրականը, սակայն, Էրդողանի երրորդ նախագահական պաշտոնամուտին առնչվող զարգացումներում ո՛չ Էրդողանի երդմնակալության արարողությունն էր, ո՛չ էլ դրա մասնակիցները: Ամենից հետաքրքրականն այն է, որ մայիսի 28-ի ուշ երեկոյան, երբ ստացվող քվեարկության արդյունքներից արդեն պարզ էր, որ 51-52%-ով Էրդողանը կհաղթի, երկրպագուները հավաքվել էին Պոլիսում, այն թաղամասում, որտեղ Էրդողանի առանձնատունն է:

Նրանց ողջունելու համար Էրդողանն իր առանձնատան առջեւ բարձրացավ ավտոբուսի թափքին եւ այդտեղից դիմեց երկրպագուներին: Պարզվում է՝ հայտարարելուց հետո, որ ինքը կարծես արդեն հաղթում է նախագահական ընտրությունում, շնորհակալություն հայտնելով իրեն ընտրողներին, հաջորդիվ Էրդողանը հայտարարել է, թե նախագահական ընտրությունում հաղթելուց հետո մի էական գործ կա` պետք է պայքարել Պոլիսը ետ բերելու համար: 
Պոլիսում Էրդողանի AK կուսակցության թեկնածուն երկու անգամ պարտվեց ներկա քաղաքապետ Էկրեմ Իմամօղլուին՝ 2019-ին, եւ այժմ էլ Էրդողանը քվեների հաշվարկով Պոլիսում պարտվեց թե՛ մայիսի 14-ին, թե՛ 28-ին: Այդ ամենը Էրդողանին հանգիստ չի տալիս, քանի որ իր բառերն են. «Ով առաջնորդում է Պոլիսը, նա առաջնորդում է Թուրքիան»: Էկրեմ Իմամօղլուն, այդ ամենին ի տես, հրապարակավ դիմել էր Էրդողանին. «Դուք ընտրվեցիք նախագահ, բայց գիշերները Պոլիս եք շշնջում: Դա այդպես էլ Ձեզ համար երազանք է մնալու: Դուք չեք կարող Պոլիսը վերադարձնել, Դուք չեք կարողանալու Պոլիսում հաղթել…»: 

Ձեռնոց են նետել ե՛ւ Էրդողանը, ե՛ւ Իմամօղլուն: Նախագահական ընտրությունում էլ հենց Իմամօղլուն պետք է լիներ Էրդողանի ախոյանը. զուտ վարչական, դատական միջամտությամբ Իմամօղլուին պայքարից հանելը հնարավորություն տվեց Էրդողանին հաղթելու, որովհետեւ Քըլըչդարօղլուն Իմամօղլու չէ: Իմամօղլուին եւ Յավաշին գործադիր փոխնախագահներ առաջադրելն օգնեց Քըլըչդարօղլուին՝ ձայներ հավաքել, բայց բավարար չեղավ հաղթելու համար:
Բոլորն էլ գիտակցում են, որ Էրդողանի իրական մրցակիցը Թուրքիայում Պոլիսի քաղաքապետ Էկրեմ Իմամօղլուն է, եւ նրանց դեմառդեմ մրցակցությունը ցույց կտա, թե ում է պատկանում Թուրքիայի ապագան: Էրդողանն ամեն միջոց գործադրեց, որ իր եւ Իմամօղլուի միջեւ դիմակայությունը չծավալվի նախագահական ընտրությունում: Փաստորեն, այդ դիմակայությունը փոխադրվեց 2024թ. եւ կծավալվի ու կհանգուցալուծվի Պոլիսի քաղաքապետի ընտրություններում:  Իմամօղլուի` վերստին հաղթելու դեպքում այդ ընտրությունը կդառնա Իմամօղլուի նախագահական թեկնածության շնորհանդեսը: