Ի՞նչ կա «Հյուսիս-Հարավ» նախագծից

Ի՞նչ կա «Հյուսիս-Հարավ» նախագծից

Օրերս՝ կառավարության 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի 4-րդ տրանշի համար, որով կառուցվելու է Սիսիան-Քաջարան հատվածը, շուտով մրցույթ կհայտարարվի։ Նախագծային արժեքը 1 մլրդ դոլար է, որը տրամադրելու են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկը եւ Ասիական զարգացման բանկը: 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից փորձեցինք ճշտել, թե ինչ փուլում են, առհասարակ, հարավային ուղղությամբ ընթացող աշխատանքները, ճի՞շտ է, որ դրանք կա՛մ կանգնած են, կա՛մ շատ դանդաղ են ընթանում։ 
Մեզ պատասխանեցին, որ աշխատանքները կանգնած չեն։ «Տրանշ 4-ի Քաջարան-Ագարակ հատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթն ամփոփման փուլում է։ Այս տարի շինարարական աշխատանքները կմեկնարկեն։ Այստեղ նախատեսվում է կառուցել շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված։ Սիսիան-Քաջարան հատվածի մոտ 60 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման հիմնական մրցույթի հայտարարումը քննարկման փուլում է։ Տրանշ-4-ի Քաջարանի թունելի եւ մոտեցումների կառուցման մանրամասն նախագիծը պատրաստ է, անցել է պետական համալիր փորձաքննություն։ Քննարկման փուլում է ծրագրի ֆինանսավորման եւ շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի հայտարարման հարցը»։

Փաստորեն, բուն շինարարությունը հարավային ուղղությամբ դեռ չի էլ սկսվել, խոստանում են, որ այս տարի նոր սկսվելու է։ Մինչդեռ շինարարության արագ իրականացումը մեզ կօգներ Իրանի հետ արագընթաց կապ ստեղծել եւ, վերջապես, ազատվել Կապան-Աղվանի-Տաթեւ հատվածի անպտուղ նորոգումներից։ Ինչպես հայտնի է, Կապանից Տաթեւ տանող ճանապարհի վրա մեծ գումարներ են դուրս գրվում, բայց այնտեղ մշտապես վատ վիճակ է՝ փոսեր, քանդված տեղեր, ոլորապտույտներ եւ դժվարանցանելի հատվածներ, որոնք խոչընդոտում են երթեւեկությանը։ 
Բայց մերոնք չեն շտապում։

Դանդաղ մրցույթներ են հայտարարում, դանդաղ անցկացնում։ Այս ընթացքում Ադրբեջանն ակտիվորեն ամրապնդվում է պատերազմի հետեւանքով գրաված տարածքներում՝ Բերձորի ճանապարհն է կառուցում, Շուշիում է ահռելի բնակելի շինարարություն իրականացնում, որի անունը «Մեծ վերադարձ» է դրել, օդանավակայաններ ու ենթակայաններ է կառուցում, այլ նախագծեր է կյանքի կոչում, իսկ մերոնք դոփում են տեղում։ 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնեցին նաեւ, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շրջանակներում այս պահին շինարարական աշխատանքներ են իրականացվում Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին)՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ-անոց հատվածում։ 

«8 կմ նոր կառուցվող ճանապարհի տարբեր տեղամասերում կատարվում են հողային աշխատանքներ, պայթեցումներ։ Իրականացվում է նաեւ կառուցվածքների շինարարությունը, մասնավորապես, կառուցվում են գյուղտեխնիկայի անցում եւ ջրատար։ Ակտիվ շինարարական աշխատանքներ են կատարվում նաեւ Տրանշ-3-ում՝ Լանջիկ-Գյումրի 23 կմ երկարությամբ հատվածում։ Տարբեր տեղամասերում կատարվում են հողային հանույթ, լիցք, կառուցվում են արհեստական կառուցվածքները, ճանապարհի հիմքը, ջրահեռացման համակարգը։ Իրականացվում են նաեւ ասֆալտապատման աշխատանքներ։ Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) 34 կմ անավարտ հատվածում այս տարի շինաշխատանքները կվերսկսվեն։ Շինաշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթն ամփոփման փուլում է»։