Ֆեյսբուքյան բարեգործներ, անպատասխան զանգեր․ ինչի՞ հետ են բախվում արցախահայերը

Ֆեյսբուքյան բարեգործներ, անպատասխան զանգեր․ ինչի՞ հետ են բախվում արցախահայերը

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո Արցախից բռնի տեղահանվեցվին ու Հայաստան տեղափոխվեցին հազարավոր հայեր՝ զրկված ամենատարրական կենցաղային պայմաններից։ Արցախահայությանն օգնելու համար այս օրերի ընթացքում` հենց միայն սոցիալական ցանցերում (Ֆեյսբուք, Ինստագրամ, Տելեգրամ եւ այլն) ստեղծվեցին մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր խմբեր, որտեղ օգտատերերը կիսվում են սննդի, բնակարանների, տների, հագուստի եւ այլ ծառայությունների տրամադրման ամենատարբեր հայտարարություններով։

Միասնականության, համերաշխության, սրտացավության եւ պատրաստակամության գրառումները, ցավոք, հօդս են ցնդում, երբ գնում ես այդ հայտարարությունների հետքերով եւ բախվում բազմաթիվ չգործող, անհասանելի հեռախոսահամարների։ Ավելին՝ դրանց տակ արցախահայերի թողած գրառումներից հասկանում ես՝ օգնությունն իրակա՞ն է, թե՞ ոչ, օգնողը փիառվելու խնդի՞ր է լուծում, թե՞ աջակցում։

«Համարյա 10 օր է՝ Դիլիջանում ենք, ու մեզ ոչ մի օգնություն չի հասնում, զանգում եմ՝ կա՛մ ասում են՝ հեռու է, կա՛մ գրանցում են, ու ոչ մի բան: Քաղաքապետարանում էլ են գրանցել, ու ոչ մի բան: Մարդ իրա ամեն ինչը թողած եկած՝ ո՛չ սպիտակեղեն ունի, ո՛չ սրբիչ, ո՛չ սպասք, ո՛չ առաջին անհրաժեշտության բաներ, չունենք աշխատանք, ու ինչ օգնություն կա, սաղ քաղաքի բնակիչներին են տալիս կամ էլ մոտակայքերը։ Նենց եմ զզվել այս վիճակից, որ ուզում եմ հետ գնամ իմ տուն։ Մեզ ոչ մի օգնություն պետք չի, ինձ պետք ա իմ տունը, իմ քաղաքը։ Բայց շնորհակալ եմ այն մարդկանց, ով մեզ օգնել են ու առանց բարձրաձայնելու ու նկարելով»,- գրել էր արցախցի մի կին: «Ինչպես Ստեփանակերտի հերթերում են մի որոշ զանգվածը օգտվել, նույն մասսան հիմա էլ այստեղ է գլուխ բարձրացրել, օգնությունն ու նյութական աջակցությունն էլ պիտի կանոնակարգված լինի ու իր հասցեատերն ունենա, որ բոլորն էլ հավասարաչափ օգտվեն, բոլորն էլ դատարկաձեռն են դուրս եկել եւ հաշվառվել, պիտի ընդլայնվի կամավորականների ցանցը, որ օգնությունները հավասարաչափ բաշխվեն...»,- նշել է մեկ այլ օգտատեր։  

Տիկին Անաիդան, ում հետ ծանոթացել եմ 2020թ․ պատերազմի օրերին՝ Երեւանում, Ստեփանակերտից Հայաստան է եկել որդու, հարսի եւ 2 թոռների հետ։ Նախ տեղավորվել են Արտաշատում՝ որդու ընկերոջ տանը, բայց 5 օր անց տանտերն ասել է, որ որդին արտերկրից գալիս է Հայաստան, ըստ այդմ՝ հասկացել են, որ տունը պետք է զիջեն սեփականատիրոջը։ Մի քանի օր է, ինչ ծանոթներից մեկի հորդորով, առանց երկար-բարակ հարցուփորձ անելու, տեղափոխվել են Աբովյան։ Պարզվել է՝ խոստացված կացարանը գիշերօթիկ դպրոցում է, որտեղ իրենց պես մի քանի ընտանիք եւս տեղավորվել է, տարրական պայմաններ չկան՝ մեկ ընդհանուր լվացքի մեքենա, որը կողպված է, իրենց ասվել է, որ հատուկ օրերի կարող են միացնել։ Տիկին Անաիդան հանկարծ հուզվում է ու լաց լինելով շարունակում․ «Սա պայմաններ չի, որ այստեղ կարողանանք երեխաների հետ մնալ, չգիտենք ուր գնանք․․․»։ Զրուցակիցս նկատում է, որ այս ընթացքում 2 անգամ է օգնություն ստացել, առաջինը մի բանասեր կին է՝ Երեւանից, սննդի կապոց ուղարկել իրենց, 2-րդը՝ Արտաշատի քաղաքապետարանում է ստացել, որտեղ, սակայն, շատ է ազդվել աշխատակիցների պահվածքից, քանի որ վերջիններս երեխաների աչքի առաջ քաղցրավենիքներն արկղերից հանել-դրել են իրենց ամաններն ու տարել աշխատասենյակներ․ «Ես բանան էլ, լավաշ էլ եմ տեսել, մարոժնու մեծ ամանի մեջ կաթնաշոռ էլ, բայց դրանից ոչ մի բան ինձ չտվեցին, մի երկու բան են տվել ու ճանապարհել»։

Տիկին Անաիդան շնորհակալ է բոլոր կամեցողներին ու օգնողներին, բայց զայրացած է տների վարձակալության՝ օր-օրի աճող գներից։ Փորձում են Երեւանին մոտ մարզերում գոնե մեկ սենյականոց տուն գտնել՝ 150 հազարի սահմանում, բայց ո՛չ այդպիսի գին կա, ո՛չ այդպիսի տուն, իսկ սոցցանցերում տեղադրված անվճար կամ մատչելի տների հայտարարությունները, մեղմ ասած, իրականության հետ ոչ մի կապ չունեն։ «Այդ ցուցակների մեծ մասը սուտ է, կեղծիք, զանգում ես՝ անհասանելի է, չեն պատասխանում, իսկ ես մի համարով որ զանգում եմ ու տեսնում՝ անհասանելի է, արդեն հասկանում եմ, թե ինչն ինչոց է։ Ինստագրամով, Ֆեյսբուքով բազմաթիվ մարդկանց եմ գրել՝ մինչեւ հիմա չեն էլ պատասխանել։ Մարդկանց հետ այդպես չեն վարվում, մենք այդ մարդիկ չենք, կարող ա մեր մեջ էլ էդ տիպի 1-2-ը լինի, բայց էդպես չեն անում։ Սրանք հարց լուծող մարդիկ չեն, այլ միայն՝ օգտվողներ, բա չե՞ք ամաչում, ժողովրդին ձե՞ռ եք առնում, դուք տեսե՞լ եք վարձով տների գներն ուր են հասել․․․ դուք ձեզնից չե՞ք ամաչում, այ բեսսովեստնիներ, 2 օր պահում եք, հետո վռնդում՝ գցում դուրս ու ալարում եք նստած տեղներդ զանգերին պատասխանել։ Բա որ իրանք գային, մենք էդպե՞ս կանեինք, հերիք ա, բոլ ա, ինչքա՞ն կարելի է մարդկանց համբերության հետ խաղալ, էլ ներվերս չի հերիքում, էսքան կարելի՞ է ժողովրդին խաբել»,- նորից հուզվում է տիկին Անաիդան։

Անվճար կացարաններ, բնակարաններ տրամադրելու մասին մի շարք հայտարարությունների հետքերով անձամբ զանգահարեցինք, միայն մի քանիսը պատասխանեցին, մեկն ասաց՝ իր հեռախոսահամարը գուցե սխալմամբ են տեղադրել՝ առանց իր գիտության, ինքը վարձակալությամբ տալու տուն չունի։ Մեկ ուրիշը նկատեց, որ հենց ինքն է տուն փնտրում, բայց մինչ օրս՝ ապարդյուն։ «2 սենյականոց դատարկ տունը Հրազդանում 200 հազար է, բայց մի էդքան էլ, դրանից ավել պետք ա ծախսես, որ կահավորես․․․»,- նշեց Մերի անունով կինն ու նկատեց, որ օգնությունների մեծ մասը Երեւանում է, մարզերում չկա, հերթագրում են՝ ուղարկում տուն։       

Հումանիտար կենտրոնների հասցեները եւ պատասխանատուների կոնտակտային տվյալները, որոնք պետք է հասանելի լինեն շուրջօրյա ռեժիմով, մեծ մասը հասանելի չէ, իսկ հումանիտար օգնություն ցուցաբերող կազմակերպությունների ցանկում տեղադրված համարներից միայն երկուսը պատասխանեցին, մյուս համարներով ուղղակի զանգ չէր գնում։
Բնակարանի վարձույթից մինչեւ սննդի առաքման վերաբերյալ շուրջ 20 հայտարարությունից մեր զանգերին պատասխանեցին միայն «Արալեզ» բարեգործական ՀԿ-ից, որը, համաձայն հայտարարության, տրամադրում է «տաք սնունդ, հաշմանդամություն ունեցող անձանց՝ սայլակ, քայլակ եւ հենափայտ»։ Մեզ հետ խոսեց ՀԿ-ի համակարգող, հիմնադիրներից Սյուզաննա Պետրոսյանը, ումից հետաքրքրվեցինք, թե մինչ այս պահն ովքեր են իրենց դիմել, քանի հոգու են կարողացել օգնել, ավելի շատ ինչի կարիք ունեն մարդիկ, իրե՞նք են տաք սնունդն առաքում, թե՞ մարդիկ են մոտենում։ «Այս պահին տաք սնունդ չկա, ընդհանուր փաթեթներ է պատրաստվում՝ ըստ օնլայն հայտերի, որոնք մարդիկ լրացնում են, եւ ապա հաջորդաբար տրամադրվում են այդ փաթեթները, որտեղ հիմնականում նպարեղեն է, չփչացող սնունդ, գումարած հիգիենայի պարագաներ։ Բնականաբար, հայտերը շատ-շատ են, մենք էլ ինքնաֆինանսավորվող ենք, եւ բոլորս էլ կամավորներ ենք, դրա համար միացյալ ռեսուրսներով»։

Ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցողներին, ապա ասում է՝ իրենք են մոտեցնում, «բայց խնդրում ենք՝ եթե դրա կարիքը չունեք, վերադարձրեք, որ մեկ ուրիշին օգնենք, որովհետեւ այսօր օրավարձով սայլակներն ու քայլակները դրել վաճառում են, ու պատկերացնո՞ւմ եք՝ ինչ գներով»։ Մոտ 10 սայլակ, 15 քայլակ այս օրերի ընթացքում առաքել են այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն, բայց՝ համապատասխան թղթի դիմաց․ «Որ հանկարծ խաբեություն չլինի, էլի, դե գիտեք՝ մի մասս հայ ենք, մի մասս հայ չենք»։  

Օրվա վերջում անպատասխան զանգերից մեկը հետ զանգեց, մի տղամարդ հետաքրքրվեց, թե ինչու եմ զանգահարել, ասացի, որ տուն եմ փնտրում․․․ խոսքս ընդմիջեց ու շատ կտրուկ նկատեց, որ «արցախցիքին օգնելու թեման փակ է»։ Այսի՞նքն՝ օգնեցինք վերջացրի՞նք։ «Հա, էս համարն այլեւս չի զբաղվում էդ հարցերով»,- ասաց տղամարդն ու անջատեց հեռախոսը։