Փաշինյանի համար մեր պատմության ավարտը համընկնում է իր իշխանության ավարտի հետ

Փաշինյանի համար մեր պատմության ավարտը համընկնում է իր իշխանության ավարտի հետ

Քանի որ համաժողովրդական պայքարի միջոցով հնարավոր չեղավ Փաշինյանին հրաժարական պարտադրել, ընդդիմությունը փոխում է մարտավարությունը՝ փորձելով համոզել նրան՝ հրաժարական տալ: Այս նոր մարտավարության ամենացայտուն դրսեւորմանն ականատես եղանք անցած շաբաթ խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի եւ Նիկոլ Փաշինյանի երկխոսության ժամանակ: Գալստյանը Փաշինյանին համոզում էր, որ իր հրաժարականի համար ընդամենը պետք է մի սպիտակ թուղթ վերցնի եւ վրան հրաժարականի դիմում գրի, իսկ որպես այդ հրաժարականի հիմնավորում՝ ասում էր, որ Փաշինյանը պատմության մեջ կմնա որպես ցեղասպանության մեղսակից եւ պատասխանատու: Փաշինյանի պատասխանը շատ ռացիոնալ էր, նա իրեն համոզելու փորձերը որակեց «անիմաստ խոսակցություն»՝ ասելով, որ ո՛չ Գալստյանը եւ ո՛չ էլ ինքը չեն տեսնի այդ պատմությունը:

«Դժբախտաբար թե բարեբախտաբար, մենք այդ պատմությունը չենք տեսնի»,- ասաց Փաշինյանը՝ հասկացնելով, որ իրեն պատմությամբ չես վախեցնի: Փաշինյանին համոզելու, նրան, այսպես ասած, գիտակցության բերելու փորձերը ցույց են տալիս, որ ընդդիմությունը կորցրել է նրան համաժողովրդական պայքարի միջոցով հեռացնելու նկատմամբ հավատը: Միայն Լիլիթ Գալստյանը չէ, որ առաջարկում է Փաշինյանին՝ հրաժարականի դիմում գրել, բոլոր այն ընդդիմադիր գործիչները, ովքեր արդեն մի քանի տարի շարունակ խորհրդարանում Փաշինյանի ներկայությամբ խոսում են նրա գործած հանցագործությունների մասին եւ կոչ անում հեռանալ, նույնիսկ կամովին «Վարդաշեն» ՔԿՀ գնալ, ըստ էության, նույնն են անում: Նրանք ուզում են, որ Փաշինյանն ընդունի իր մեղքը, գիտակցի իր գործած մեղքի չափը եւ հանձնվի արդարադատությանը, իսկ որպես դրա առաջին քայլ՝ հրաժարվի իշխանությունից, այն տրամաբանությամբ, որ քանի դեռ Փաշինյանն իշխանություն ունի, նրա նկատմամբ հնարավոր չէ արդարադատություն իրականացնել, ամբողջ համակարգը գործում է նրա հրամանով եւ հանուն նրա անվտանգության ապահովման: Փաշինյանն էլ ասում է, որ իրեն անիմաստ խոսակցություններով չծանրաբեռնեն, ինքը, միեւնույն է՝ հրաժարական տվողը չէ: 

Հնարավոր չէ պատկերացնել մի հանցագործի, ով, գիտակցելով իր մեղքը, ինքնակամ կգնա ու կհանձնվի արդարադատությանը: Նույնիսկ այն հանցագործները, ովքեր, այսպես կոչված, ինքնակամ ներկայանում են իրավապահ մարմիններին, դա անում են բռնվելու, բացահայտվելու վախից: Ունենային նրանք թաքնվելու, առավել եւս՝ արդարադատության մարմինները կառավարելու եւ ուղղորդելու հնարավորություն, հաստատ իրենց հետագա ճակատագիրը չէին հանձնի քննիչների, դատախազների կամ դատարանների տնօրինմանը։ 

Ինչ վերաբերում է պատմությամբ Փաշինյանին վախեցնելուն: Հարց է առաջանում․ եթե Փաշինյանը վերցնի սպիտակ թուղթը եւ գրի հրաժարականի դիմումը, մի՞թե նա պատմության մեջ այլ կերպ է մնալու, դառնալու է հայրենասեր, անձնազոհ եւ հաղթանակած գործիչ: Փաշինյանը գիտակցում է, որ իր իշխանության ավարտը լինելու է իր անձնական պատմության ավարտը, ուրիշ այլ պատմություն Փաշինյանը չգիտի, եւ նրան այլ պատմություն չի հետաքրքրում: Դրա համար նա պետք է ամեն ինչ անի՝ իր իշխանությունը, հետեւաբար՝ իր պատմությունը երկարաձգելու համար, այդ թվում՝ բռնության, կեղծիքների եւ այլ հանցագործությունների միջոցով:

Իսկ հետաքրքիր է՝ այս օրերի ընդդիմությունը մտածո՞ւմ է, թե ինքն ինչպես է մտնելու պատմության մեջ, պատմության դասագրքերում եւ պատմական աշխատություններում ինչպես են գնահատելու այսօրվա Հայաստանի ընդդիմության գործունեությունը: Գուցե գրելու են, որ ընդդիմությունը զբաղված էր «անիմաստ խոսակցություններով»՝ այդպես էլ չկարողանալով որեւէ գործուն քայլ կատարել Փաշինյանին իշխանազրկելու եւ երկիրը փրկելու համար: Թե՞ ընդդիմությանը թվում է, թե պատմության դասագրքերում գրվելու է, որ, ի տարբերություն դավաճան եւ հանցագործ Փաշինյանի եւ նրա իշխանության ներկայացուցիչների, ընդդիմությունն աչքի էր ընկնում Հայաստանի ճակատագրի նկատմամբ ունեցած խոր մտահոգությամբ, հայրենիքի հանդեպ ունեցած անհուն սիրով, երկիր կառավարելու եւ զարգացնելու բացարձակ հմտությամբ, պատրաստ էր Հայաստանը տանել զարգացման եւ բարգավաճման ճանապարհով: Ընդդիմությունը պատրաստ էր Հայաստանի փրկության եւ զարգացման պատասխանատվությունը վերցնել իր ձեռքը, համոզում էր դավաճան ու ցեղասպանությանը մեղսակից Փաշինյանին՝ սպիտակ թուղթ վերցնել եւ հրաժարականի դիմում գրել, բայց, ցավոք, Փաշինյանը չհամաձայնեց, ինչը եւ բերեց Հայաստանի համար ողբերգական զարգացումների: Ավաղ:

Ավետիս Բաբաջանյան