Նեթանյահու-Փաշինյան. հրեանե՞րը մտածելու բան ունեն, թե՞ հայերը

Նեթանյահու-Փաշինյան. հրեանե՞րը մտածելու բան ունեն, թե՞ հայերը

Հոկտեմբերի 21-ին՝ մոտ 10 օր հետո, Բենիամին Նեթանյահուն կդառնա 74 տարեկան: Այդ օրը իսրայելա-պաղեստինյան պատերազմը, հավանաբար, թեւակոխած կլինի մարման փուլ: Իմ կարծիքով՝ Իսրայելը կհաղթի եւ կուժեղացնի ժանդարմի իր դիրքերը Գազայի հատվածում, եթե ոչ ավելի հեռու: ԱՄՆ ռազմածովային ուժերը նույնիսկ չեն էլ հասցնի մտնել պատերազմի մեջ: Դա նրանց նույնիսկ պետք էլ չէ: Իրաքի պատերազմը՝ վկա, որի արդյունքում ամբողջ արաբական աշխարհը թշնամացավ ԱՄՆ-ի դեմ: Ինչ է, հիմա էլ Պաղեստինի պատճառո՞վ պետք է հարգարժան միջուկային գերտերությունն ընկնի գլխացավանքների մեջ: Բայդենի վարչակազմն արդեն ԱՄՆ հարկատուների գրպանից 8 միլիարդ դոլար է հաջողացրել Իսրայելի համար, համապատասխան հայտարարություն արել այս պատերազմում Իսրայելին սատարելու մասին, եւ այդքանը լիուլի բավարար է: Մնացածը Նեթանյահուն կանի, «не первый день замужем»`ասել ռուսները:

Նեթանյահուն արդեն վարչապետության երրորդ շրջանի մեջ է: Առաջին անգամ «Լիկուդ» կուսակցության ղեկավարը վարչապետ է դարձել 20-րդ դարի վերջին (1996-1999): Տասնամյա ընդմիջումից հետո՝ 2009թ., երկրորդ անգամ է զբաղեցրել այդ պաշտոնը եւ երկիրը կառավարել մինչեւ 2021թվականը: 2022 թվականին նա թեւակոխել է իր վարչապետության 3-րդ շրջանը, որը, կարծում եմ, կավարտվի վաղաժամ՝ անկախ այս պատերազմի արդյունքից: Նեթանյահուն հրաժարական կտա: Հրեա ժողովուրդը նրան կուղարկի գրողի ծոցը՝ չնայելով անգամ Պաղեստինի դեմ տարած հաղթանակին: Նեթանյահուն չի կարողացել ապահովել Իսրայելի եւ նրա ժողովրդի անվտանգությունը: Նեթանյահուն Հիտլերից հետո երկրորդ մարդն է, որի աչքի առաջ մի քանի ժամում հազարավոր հրեաներ զոհվեցին եւ դարձան վիրավոր, հարյուրներով գերեվարվեցին՝ ոստիկաններ, զինվորականներ, մշակույթի գործիչներ, երեխաներ… Չարժե, կարծում եմ, հատուկ նշել, որ Նեթանյահուն այս պատերազմում չհաղթելու իրավունք չունի: Նա ստիպված է հաղթել եւ պարտված հեռանալ: Այսքանը՝ Նեթանյահուի մասին:
Նիկոլ Փաշինյանը, եթե հավատալու լինենք իրեն, վարչապետության երկրորդ շրջանն է մտել՝ առաջին շրջանում հրաժարական է տվել եւ մեր ժողովրդի ճնշման տակ նորից վերընտրվել: Էն ո՜նց էինք ճնշել, էն ո՜նց էինք ուզում, որ ինքը լինի մեր վարչապետը՝ էլ չասած: 2021 թվականին, համարյա ստիպողաբար, բերինք նստացրինք վարչապետի աթոռին: Իսկ թե նրա որ հերոսության համար, այդպես էլ չիմացանք: 44-օրյա հայ-ադրբեջանական պատերազմ, մարդկային ու տարածքային հսկայական կորուստներ, դեգրադացված հասարակություն, ամբողջական ճյուղերով ոչնչացված տնտեսություն, կոլապսի մեջ հայտնված արտաքին քաղաքականություն, ՀՀ սուվերեն տարածքի նորանոր կորուստների սպառնալիք եւ հույսի ոչ մի նշույլ, որ նրա առաջնորդությամբ երկիրը դուրս կգա այս իրավիճակից: Հիտլերից, ներողություն, Թալեաթից հետո Նիկոլն ամենաշատ հայ բնաջնջած քաղաքական գործիչը դարձավ: Բայց Նիկոլ Փաշինյանին գրողի ծոցն ուղարկող չեղավ: Ավելին ասեմ՝ Նիկոլ Փաշինյանն այնպիսի պնդերեսություն դրսեւորեց, որ մարդիկ համարյա հրաժարվեցին նրան գրողի ծոցն ուղարկելու մտքից: Ասում են՝ Նիկոլը կմեռնի, բայց հրաժարական չի տա… Թերեւս այսքանն էլ՝ Նիկոլի մասին:

Իսկ հիմա՝ այն մասին, թե ինչու Նեթանյահուն Գազայի հատվածը, որ բացարձակապես կապ չունի Իսրայել պետության հետ, չճանաչեց Պաղեստինի մաս, իսկ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Արցախից եւ այն նվիրաբերեց Ադրբեջանին: Քաղաքական վեճերի միջոցով այս հարցի պատասխանը չենք կարող գտնել, քանզի հնարավոր չէ ո՛չ Բենիամին Նեթանյահուին, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանին համոզել, որ երկուսի արածն էլ էշություն է: Նեթանյահուն ձեզ կհամոզի, որ Գազայի հատվածում սկսված շինարարությամբ Իսրայելը պայքարում էր ահաբեկչության դեմ, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ կապացուցի, որ Արցախը տվել է, որպեսզի փրկի արցախցիների կյանքն ու Հայաստանի անկախությունը: Դե արի ու Նեթանյահուին համոզիր, որ հրեաների համար ուրիշի հողերը շինհրապարակ դարձնելը քաղաքագիտության մեջ կոչվում է զավթողականություն, իսկ զավթիչների դեմ միշտ էլ դիմադրություններ են լինում: Նիկոլն էլ իր հերթին չի համոզվի, որ երկրի անկախությունը պահում են դիմադրելով ու պայքարելով, այլ ոչ թե փախնել-փրկվելով: Երկուսն էլ, փաստորեն, «անհասկացող» են եւ անզիջում: Եվ, ուրեմն, ինչո՞ւ են նրանք՝ Նեթանյահուն եւ Նիկոլը, այդքան տարբեր: Պարզվում է՝ դա բացատրվում է երկու գործիչների կենսագրությունների տարբերությամբ: Նրանց կենսագրությունները կան ազատ հանրագիտարաններում, եւ ես մանրամասն կանգ չեմ առնի տարբերությունների վրա:

Նշեմ միայն մի քանիսը: Նեթանյահուն երբեք պատահաբար վարչապետ չի դարձել: Մինչեւ այդ պաշտոնին հասնելը նա երկար ճանապարհ է անցել, զանազան քննություններ բռնել, սովորել ամենալավ քաղաքագիտական դպրոցներում, հսկայական փորձ կուտակել ահաբեկչության դեմ պայքարի գործում, ծառայել բանակում, ղեկավարել բազմաթիվ ռազմական գործողություններ: Մինչդեռ Փաշինյանի սովորածը մի կիսատ համալսարան է, բանակում չի ծառայել, 44-օրյա պատերազմից առաջ ղեկավարած միակ ռազմական գործողությունն էլ մեկօրյա մարտի 1-ն է, որից հետո հազիվ է ծլկել բակերով: Այսուհանդերձ, անհերքելի իրողություն է, որ Նիկոլ Փաշինյանն էլ է վարչապետ, Նեթանյահուն էլ: Եվ ի՞նչ կանեն այդ վարչապետները՝ մեկը՝ հաղթանակի, իսկ մյուսը՝ խայտառակ պարտության դեպքում: Նեթանյահուն կհեռանա, իսկ Նիկոլը՝ երբեք: Այ, այստեղ չգիտեմ՝ հրեանե՞րը մտածելու բան ունեն, թե՞ հայերը: