Եթե հանկարծ Իրանը խառնվի, ԱՄՆ-ն ավելի լուրջ քայլեր կձեռնարկի

Եթե հանկարծ Իրանը խառնվի, ԱՄՆ-ն ավելի լուրջ քայլեր կձեռնարկի

Իսրայելում տիրող իրավիճակի մասին զրուցել ենք Իսրայելի հայերի միության նախագահ Քրիստինե Մովսիսյանի հետ։

- Տարբեր բնակավայրերում բնակվող հայերի հետ կապ պահո՞ւմ եք։

- Այո, Աշդոդ, Աշկելոն քաղաքում, Ստդերոտ քաղաքներում հայեր կան, փորձում ենք իրենց հետ կապի մեջ լինել։ Մեծահասակ մարդիկ կան, որ Իսրայելում մենակ են ապրում, իրավիճակը շատ վտանգավոր է, անընդհատ ասում են՝ տնից դուրս չգալ, հատուկ սենյակներ ունենք՝ ռմբակոծության դեպքում պատսպարվելու համար, բայց ոչ բոլոր շենքերում։ Ապաստարաններ միայն նոր շենքերում կան, հին տներում չկան, դրա համար իրենք պիտի կա՛մ մտնեն ներսի սենյակ, կա՛մ իջնեն նկուղ։ Վիճակը շատ բարդ է, հատկապես գիտենք, որ ԱՄՆ-ից շուտով ինքնաթիռներով ու նավերով օգնությունը կհասնի, ինձ թվում է, որ մոտակա մեկ-երկու շաբաթը խառն է լինելու։

- Այսինքն՝ կարծում եք, որ բախումները կարող են այդքան ձգվե՞լ։

- Այո, մեզ արդեն այստեղ ասում են, որ դա երկար է տեւելու։ 800-ից ավելի մահացածներ կան, 2 հազար 400-ից ավելի վիրավորներ կան, որից հիսունը ծայրահեղ ծանր վիճակում է։

- Իսկ ՀԱՄԱՍ-ի մարտիկները միայն ազգությամբ հրեաների՞ն են թիրախավորում, թե՞ բոլորին։

- Իրենց համար նշանակություն չունի ազգությունը, ինչպե՞ս են տարբերելու քրիստոնյային հրեայից։ Այստեղ քաղաք կա՝ Ռամլելուդ, որտեղ մեծամասնությունն արաբներ են, Թել Ավիվի մոտակայքում Յաֆֆա քաղաք կա, որտեղ էլի արաբներ են ապրում, բայց իրենք, միեւնույն է, բոմբերը գցում են։ Չէ՞ որ Իսրայելը բազմազգ երկիր է, ու քաղաքներում տարբեր ազգություններ են ապրում։ Դա Յաֆֆան է, դա Ռամլեն է, դա Լյուդն է։ Այդ երեք քաղաքներում մեծամասնությունն արաբներ են ապրում, իսկ իրենք շարունակում են ռումբերը գցել՝ իրենց համար մեկ է։

- Հայերի մեջ վիրավորներ, գերեվարվածներ, անհետ կորածներ կա՞ն։

- Դեռ չգիտենք, ում որ գերի են վերցրել՝ 5 հազարանոց փառատոն է եղել DJ-ներով, որ տեղի է ունեցել բաց երկնքի տակ։ 5 հազարից 270-ը մահացել են՝ իրենց մեջ հայեր չկան։ Գազայի կողքի փոքր գյուղերում հայեր չեն ապրում, հայեր ապրում են ավելի մեծ քաղաքներում՝ Աշկելոնում, Աշդոդում, այդ քաղաքներում վիրավորների մեջ հայկական ազգանուններ չկան։

- Իսրայելի քաղաքացի ազգությամբ հայերին զինակոչե՞լ են արդեն։

- Այո, հայեր կան, որոնց զորակոչել են, ու արդեն առաջին գծում կանգնած են։

- Երուսաղեմի մասով որեւէ տեղեկատվություն ունե՞ք։

- Ամենաաբսուրդը գիտե՞ք որն է, որ հարձակման օրը՝ մի քանի ժամ հետո, չգիտեմ դրանց ոնց կարող եմ կոչել՝ ուղղափառ հրեաները հարձակվել են մեր հայ համայնքի վրա, տեսանյութեր կան, իրար խփել, ծեծել եւ այլն։ Գազայում կռիվ է՝ իրենք գնացել, հարձակվել են հայերի վրա։ Բայց դա իրենց հավատացյալ ֆանատներն են, այնպես որ՝ այդ նույն օրը հարձակում է եղել հայ համայնքի վրա հենց Երուսաղեմում՝ հին քաղաքում։

- Հավանական համարո՞ւմ եք, որ ռուս-ուկրաինական պատերազմի նման երկարատեւ, հյուծիչ պատերազմի վերածվի։

- Չեմ կարծում, որ այդքան երկար կլինի, բայց այն, որ մի քանի օրում չի ավարտվելու, դա՝ հաստատ։ Դեպքեր եղել են, որ Միացյալ Նահանգներն օգնեին, բայց որ գար ֆիզիկական ներկայությամբ՝ նման բան չէր եղել։ Ինձ թվում է, որ իրենք մտահոգված են՝ Իրանը կխառնվի՞, թե՞ չէ, «Հզբոլլահը» կխառնվի՞, թե՞ չէ։ Դրա համար վիճակն այնպիսին է, որ եթե հանկարծ Իրանը խառնվի, Միացյալ Նահանգներն ավելի լուրջ քայլեր կձեռնարկի, ու դա արդեն մեկ շաբաթվա, երկու շաբաթվա հարց չի լինի՝ ավելի երկար կլինի։

- Խուճապ կա՞։

- Խանութներում խուճապ կա՝ բոլորը գնումներ են անում, պատրաստվում են ավելի լուրջ վիճակների, պաշար են հավաքում։

- Տարբեր հրեաներ ասում են, որ եթե նույնիսկ մեկ քար էին շպրտում սահմանի ուղղությամբ, երեսուն վայրկյանում պատրաստված դուրս էին գալիս, այդ ինչպե՞ս ստացվեց, որ Իսրայելի նման անառիկ համարվող պետությունում նման վիճակ եղավ։

- Այդ հարցերը բոլորս էլ, որպես քաղաքացի, տալիս ենք։ Այդ հարցը բոլորիս էլ հուզում է, ու շատ հետաքրքիր է՝ այնտեղ ինչ է կատարվել։ Ես երկու տարի ինքս ծառայել եմ ու գիտեմ, թե ինչ է նշանակում, երբ մի ճանճը վերեւից թռնում է՝ բոլորը կանգնում են։ Մի բան պիտի իրենցից սովորենք, երբ որ պատերազմ է, իրենք՝ բոլորը, դառնում են մի բռունցք, ու հիմա ոնց որ իրենց քաղաքական հարցերը՝ հավատացյալ, լիբերալ, ամեն ինչ դրել են մի կողմ ու աղջիկ-տղա, բոլորը համազգեստը հագած՝ գնում են կռվի։ Արդեն 300 հազարից ավել զինվոր են մոբիլիզացրել։ Աղջիկները երկու տարի են ծառայում, իսկ տղաները ծառայությունից հետո ամեն տարի, հատկապես լավ ռազմական պատրաստվածության վիճակում գտնվողները, մեկ ամսով գնում են  կրակելու, որպեսզի ռազմական գիտելիքները չմոռանան։ Ինձ թվում է, պատերազմից հետո նոր մենք կստանանք պատասխանները։ Շատ բաներ են ասում, ասում են, որ Իրանը հենց այդ ժամերին Cyber հարձակումներ է սկսել՝ կապերը խառնվել են, բայց դա մի քիչ անհավատալի է, որովհետեւ, եթե նույնիսկ Cyber-ը խառնվի ու համակարգիչներն անջատի, իրենք բունկերներից կարող են դա այլ ձեւերով տեսնել։ Այդ ամեն ինչն աղջիկներն են անում, իսկ իրենք, ոնց հասկանում ենք, գերի են ընկել։ Դրա համար, թե իրականում ինչ է այնտեղ եղել, լրիվ հանելուկի նման է։ Կարծում եմ, պատերազմից հետո կլինի, դրանով հիմա չեն զբաղվում։ Այս պահին Լիբանանից «Հզբոլլահն» էլ է հրթիռակոծում Իսրայելի տարածքը, հիմա ոնց որ երկու կողմից են պաշտպանվում, դրա համար դա հիմա առաջնային հարց չէ։ Այստեղ միշտ պատերազմից հետո հավաքվում են, որոշում են՝ ինչ եղավ, ինչու եղավ, այդ բանակային համակարգը շատ-շատ լավ է աշխատում։

- Ո՞ր հատվածներում են ամենաշատ ավերածությունները եղել։

- Գազայի մոտակա գյուղերում՝ դրանք ամբողջովին ավերված են, իսրայելական բանակը նոր այդ բնակավայրերը վերցրել է, դա նշանակում է, որ նրանք մի քանի օր քանդել են, սպանել են եւ այլն։ Հիմա իրենք մաքրելու են Իսրայելի տարածքը ահաբեկիչներից, ու դրանից հետո նոր կսկսվի հակահարձակումը։ Իրենք Գազա մտնելու են, Իսրայելը միշտ սկսում է օդային խփել, հետո նոր զինվորներին կմտցնի։ Կմտնի ու կմաքրի, հարձակումը դեռ լինելու է։