«Հրապարակ». «Հլը փախի ստուց»․ միասնական սոցիալական ծառայության Տաշիրի պետը կոպտել է հղի կնոջը

«Հրապարակ». «Հլը փախի ստուց»․ միասնական սոցիալական ծառայության Տաշիրի պետը կոպտել է հղի կնոջը

Փախստական Ինեսա Հովհաննիսյանը, ով եկել է Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղից, հղի է, բայց քնում է մահճակալի մեկ քառորդի վրա։ Այդ հին սովետական մահճակալի վրա տեղավորվում է ողջ ընտանիքը՝ Ինեսան, նրա ամուսինը, երկու երեխաները՝ 5 եւ 3 տարեկան։ 

Կինը դիմել է Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանին։ Բայց նրան տեսնել ու նրանից գույք ուզել չի հաջողվել։ Ասում է․ «Տաշիրի համայնքապետի մոտ մտնել չես կարա, ինքը ոնց որ մի սուրբ մարդ լինի։ Անորսալի։ Նրա օգնականն ասեց՝ մենք կզբաղվենք էդ հարցով։ Իսկ սոցապ բաժնի պետը մազերը ճերմակ մի մարդ ա՝ Տիգրան անունով, ասեց․ «Փախի ստուց, դուք բլոկադայից առաջ եք եկել։ Ձեզ ոչ մի բան չի հասնում»։ Եքա տարիքով, սպիտակ մազերով մարդ է, պաշտոնյա մարդ է, քաղաքացին պետք է իրենից օրինակ վերցնի։ Բա 5 ամսական հղի կինը խնդրում է՝ մի  կռավատ տուր գոնե, իրեն ասում են՝ հլը փախի՞ ստուց։ Ներքնաշորս քաշելո՞վ պետք է դուրս գայի, որ տեսնեիր՝ ես էլ եմ փախստական»։ 

Նա իրոք նոր եկած արցախցիներից չէ։ Դեռ բլոկադայից առաջ երիտասարդ ընտանիքը եկել էր Տաշիր՝ գործով, ու ճանապարհը փակվել էր։ 15 հազարով տուն էին գտել, մնացել այնտեղ։ Պատմում է, որ Քաշաթաղի շրջանի Գանձա գյուղում է աշխատել, ամուսինն էլ՝ ՀԷԿ-ում։ Պատերազմից հետո Ինեսան ու ամուսինը, որը կամավորագրվել էր 44-օրյա պատերազմին, վիրավորում ստացել, երեխաների հետ եկել են Հայաստան՝ Աբովյան քաղաք, ապրել գիշերօթիկ դպրոցում։ «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը խոստացել է վարձերը տալ, բայց չի տվել։ Միառժամանակ ապրելուց հետո ընտանիքը գնացել է հետ՝ Արցախ, Մարտունու շրջան, Ամարասի վանքի մերձակայքը։ «Գյուղը, որտեղ գրանցված եմ, կոչվում էր Կոլխոզաշեն»,- հիշում է կինը։

Այն ժամանակ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն է երիտասարդ ուսուցչուհուն ուղարկել Կոլխոզաշեն։ Իր փոքրիկների հետ նա շատ է հին տներ տեսել, կիսավեր, օտար մարդկանց հոտով։ «Մի խայտառակ տուն ուղարկեց ինձ Արտակը, ո՛չ դուռ կար, ո՛չ լուսամուտ, Համահայկական հիմնադրամով, սրանով-նրանով փողեր էին պոկել, բայց մարդկանց այդպիսի տներում էին տեղավորում։ 2-3 ամիս աշխատելուց հետո զանգեցի Բեգլարյան Արտակին, իրավիճակը ներկայացրի, այն ժամանակ էլ էի հղի։ Ասեցի՝ քաղշինը ռեմոնտ է անում տները, ամուսինս չի կարող, պատերազմի մասնակից է, ոտքը վիրահատության ենթակա, խնդրեցի՝ ինձ մոտ մի ռեմոնտչիկ ուղարկեք։ Ասեց՝ չեմ կարող, իսկ ամուսնուդ ոչ ոք չէր հրավիրել, որ գնա, կռվի։ Էդ պայմաններում երեխաս կորցրի»,- պատմում է Ինեսան։ 
Հիմա էլ մի ուրիշ տանն է մնում, որը ո՛չ դուռ ունի, ո՛չ պատուհան։ Սեփական տան տերը, որտեղ 15 հազար դրամով մնում էին, դուրս է արել Ինեսային ու նրա երեխաներին։ Իր արցախցի բարեկամներին է ընդունել՝ նորեկներից։ 
«Ստիպված՝ գտա մի սեփական տուն, 40 հազար դրամով։ Էլի՝ ո՛չ դուռ ունի, ո՛չ պատուհան։ Մի մահճակալի վրա ենք քնում չորսով։ Մոտեցել եմ, ասում եմ՝ ինձ գոնե մահճակալ տվեք, ինձ կոպտում, ուղարկում են, թե դու բլոկադայից առաջ ես եկել։ Ի՞նչ տարբերություն։ Ես էլ եմ արցախցի, երեք-չորս անգամ տուն  եմ կորցրել։ Գոնե մեզ ժամանակավոր կացարանով օգնեն։ Էս տունը տուն չի։ Հատակը՝ փտած, եթե ուժեղ ոտքդ խփես գետնին, ճկվելու է, գնա անհայտ հասցեով։ Ո՛չ լուսամուտ ունի, ո՛չ դուռ, ցելոֆաններ եմ քաշել։ Ամբողջ կյանքս ցելոֆանով տներում քնեցի»։ 

Տաշիրի համայնքապետի օգնականն ի՞նչ արեց՝ հարցնում եմ։ «Ասեց՝ Տաշիր Սամոյին զանգի, ինձ զանգել ես, ի՞նչ անես։ Բայց սա պետությո՞ւն է, թե՞ չէ։ Ես Տաշիրի պատճառով չեմ դրսում հայտնվել, էս վիճակում։ Ո՞նց կարա հինգ ամսական հղին քնի նույն անկողնում՝ ամուսնու ու երկու երեխաների հետ»,- հարցնում է Ինեսան։ Պատասխան չկա։  

ՀԳ․ Հուսով ենք, որ սույն հրապարակումը չի վրիպի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տեսադաշտից՝ գոնե կուսումնասիրեն Միասնական սոցիալական ծառայության Տաշիրի տարածքային պետի վարքագիծը եւ համապատասխան մեկնաբանությամբ հանդես կգան։ Առայժմ նախարարության արձագանքը մակերեսային է։ «Այս օրերին մեր բոլոր ՄՍԾ տարածքայինները գերլարումով աշխատում են, անկեղծորեն՝ չեմ պատկերացնում, որ որեւէ մեկը հղի կնոջը կամ, առհասարակ, քաղաքացուն իրեն թույլ կտա ասի՝ փախի ստեղից…»,- իր կարծիքը հայտնեց նախարարության մամուլի քարտուղարը։ Բայց մենք կարծիք չենք ուզում, այլ՝ հարցի լուծում։