Աշխատանք կա, միայն թե պետական աջակցություն է պետք

Աշխատանք կա, միայն թե պետական աջակցություն է պետք

«Մեզ աշխատանք տվեք, մենք աշխատող մարդիկ ենք» հոդվածում փորձել էի նկարագրել մեր երկրի աշխատաշուկայի խայտառակ վիճակը եւ գործազրկության խնդիրը: Համավարակի հետ կապված՝ աշխատանքի հարցն առավել քան հրատապ է դարձել, եւ հասկանալի է, որ մասնավոր հատվածում թափուր աշխատատեղեր չկան: Ոչ միայն թափուր աշխատատեղերն են քիչ, այլեւ բարձիթողի վիճակում է իրավական կարգավորումը գործատու-աշխատող փոխհարաբերություններում, որտեղ գործատուն, օգտվելով երկրում տիրող սոցիալական վատ վիճակից, թելադրում է իր կամքը, վճարում է կատարված աշխատանքին ոչ համարժեք, հաճախ նույնիսկ «քցում» է:

Պատկերացնում եմ, թե հոդվածս կարդացած հատուկենտ չինովնիկներ ոնց են ճպպացրել ու քմծիծաղ տվել՝ մոտավորապես այսպես. «Եթե դու այդքան ես հասկանում, բա մենք ինչքա՜ն կհասկանանք, քննադատելը հեշտ է, այ, առաջարկ ունե՞ս՝ առաջարկ արա, թե չէ…»: Նմանատիպ արձագանք եմ պատկերացրել ու որոշել եմ մի 2 առաջարկ անել: Բայց նախ սկսենք փաստերի արձանագրումից:

Այսպես. 2018 եւ 2019 թվականներին աշխարհում պողպատի մշակմամբ զբաղվող առաջատար  տասնյակը, ըստ համաշխարհային մամուլի հրապարակումների, այսպիսին է. Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա, ԱՄՆ, Հարավային Կորեա, Ռուսաստան, Գերմանիա, Թուրքիա, Իրան, Բրազիլիա։

Մի կողմ դնենք համաշխարհային արդյունաբերության մեջ դոմինանտ համարվող Չինաստանն եւ ԱՄՆ-ն։ Ճապոնիան, Հարավային Կորեան եւ, անշուշտ, Գերմանիան 2 տասնամյակ է՝ ավտոարդյունաբերության ոլորտում համարվում են առաջատար: Լրջագույն խաղացող է համարվում նաեւ Բրազիլիան, որտեղ վերջին տարիներին շատ են զարգացել հաստոցաշինությունը, նավաշինությունն ու երկաթուղային տրանսպորտը: 

Անդրադառնանք Հնդկաստանին (2-րդ հորիզոնական), Ռուսաստանին (6-րդ հորիզոնական), Թուրքիային (8-րդ) եւ Իրանին (9-րդ): Ի՞նչն է այս երկրներին միավորում, որ հայտնվել են մի տասնյակում՝ Գերմանիայի կամ ԱՄՆ-ի նման զարգացած երկրների կողքին․ գերզարգացած տնտեսությո՞ւնը կամ հզոր արդյունաբերությո՞ւնը՝ իր հավակնոտ ծրագրերով: Հազիվ թե: Թվարկածս երկրներին միավորում են զինված հակամարտությունները՝ նվազագույնը մեկ հակառակորդի դեմ: Հնդկաստանը սահմանային վեճ ունի հարեւան Պակիստանի հետ, Ռուսաստանը հակամարտության ուղղակի մասնակից է կամ կողմ է Մերձդնեստրում, Ուկրաինայում, Վրաստանում, Սիրիայում։ Թուրքիան ռազմական բախումներ հրահրելու անվերջանալի դրսեւորումների մեջ է, իսկ Իրանը, չհաշված սիրիական եւ իրաքյան թատերաբեմերը, արտաքին սպառնալիքներին դիմակայելու մեծ հրամայականի առջեւ է կանգնած: Այսինքն, նման երկրների համար պողպատը շատ կարեւոր հումք է, մանավանդ եթե այդ երկիրն ունի ռազմական արդյունաբերություն: Եվ շեշտեմ, որ այդ երկրները զբաղվում են պողպատի թե՛ մշակմամբ, թե՛ վերամշակմամբ՝ առաջնային կամ երկրորդային նշանակության թափոններից:
Հիմա անցնենք մեզ: Վարչապետը մի անգամ անդրադարձել է Հայաստանով մեկ սփռված մետաղական ջարդոնների գերեզմանոցներին եւ աղբավայրերին, որոնց գերակշիռ մասը ավտոմեքենաների թափքերից են: Նույնիսկ առաջարկել էր ազգաբնակչությանը՝ մետաղի ջարդոնը հանձնել կոնկրետ ընկերությունների, ինչը, բնականաբար, չարվեց: Պատճառն այն է, որ իրատեսական չէ քաղաքացիների կողմից անհատական մոտեցում ակնկալելը:

Օրինակ, 1 տարհանող մեքենան ունակ է բարձելու երկու մեքենայի թափք՝ չճզմած վիճակում, եւ չորսը՝ ճզմած վիճակում: Թափքի ջարդոն՝ առանց ճզմելու, ընդունում են միայն Երեւանում, ճզմած վիճակում՝ Երեւանում, Վանաձորում եւ Աբովյանում: Մեկ մեքենայի արժեքը միջինը չի գերազանցում 5 հազար դրամը: Եթե նույնիսկ հաշվի չառնենք մամլիչի կամ ճզմիչի ծառայությունը, որն էժան չէ, ապա թափք հավաքող եւ հանձնող անհատին կամ կազմակերպությանը նման գործունեությունը ձեռնտու չէ: Ես չեմ անդրադառնա տարհանող մեքենայի, վարորդի, բանվորների աշխատանքներին եւ վարձատրությանը:

Հետեւություն․ ոլորտը պետք է կարգավորվի պետական միջամտությամբ: Իսկ այն, որ մետաղական ջարդոնը շատ կարեւոր դերակատարում կարող է ունենալ մեր երկրի համար, ներկայացնեմ մի քանի փաստով: Զուտ էնտուզիազմով եւ պետությանն օգուտ տալու գաղափարով ոգեւորված մի խումբ երիտասարդներ 2019 թ․ հուլիս-նոյեմբեր ժամանակահատվածում պարբերաբար հետազոտել են Գյումրու եւ հարակից 50 կմ շառավղով տեղաբաշխված համայնքները, Վանաձորի եւ շրջակա 10 բնակավայրերի տարածքները, Սեւանի եւ շրջակա 10 բնակավայրերի տարածքները՝ միայն մեքենաների թափքից մետաղի ջարդոն հաշվարկելու ակնկալիքով: Մի օրինակ ներկայացնեմ՝ միայն Գյումրիում եւ շրջակայքում հաշվառել են անտեր եւ սեփականատերեր ունեցող 1260 թափք: Պատկերացնո՞ւմ եք: Դա միայն՝ Գյումրիում, իսկ եթե յուրաքանչյուր թափքը միջինը հաշվարկենք 500 կգ, ստացվում է 630 հազար կգ՝ 630 տոննա: Հիմա հարց․ 630 տոննան վերամշակելով, պողպատի կամ չուգունի հումքի վերածելով՝ ի՞նչ խնդիրներ կարելի է լուծել պատերազմական վիճակում գտնվող մեր երկրի համար:

Առաջինը․ պետական միջոցներով եւ պետության կառավարմամբ միայն Շիրակի մարզում, ընդամենը 5-8 միլիոն դրամով կարելի է կառուցել օրական մինչեւ 3 տոննա ծավալով մամլող-վերամշակող եւ ձուլող փոքր ձեռնարկություն՝ 12-15 աշխատողի համար (չհաշված ձեռնարկության շինարարությունը՝ եւս 20-25 հոգի շինարար)։ Սա՝ որպես աշխատատեղ: Երկրորդը․ ստացված հումքը կարելի է կիրառել բազմակի նշանակությամբ՝ շինանյութից մինչեւ ռազմական նշանակության արտադրություն (հակատանկային ականներ, ականանետեր եւ այլն):
Պատկերացնո՞ւմ եք՝ եթե մենք մեր սեփական հումքով կազմակերպենք, օրինակ, հակատանկային ականների հոսքային արտադրություն (որը, ի դեպ, բարդ գործ չէ), քանի կիլոմետր սահմանային հատված կարող ենք ապահովագրել հակառակորդի տանկային ներխուժումից: Կամ, օրինակ, պողպատի ձուլվածքներով քանի պաշտպանական հենակետ կարող ենք հուսալիորեն կառուցել, քանի ռմբապաստարան՝ սահմանային գյուղերում, քանի կիլոմետր ստորգետնյա երկաթբետոնե պաշտպանական բնագիծ՝ թե՛ առաջին եւ թե՛ երկրորդ էշելոնում: Եվ սա՝ ընդամենը մի խումբ էնտուզիաստների կողմից իրականացված հետազոտություններն են, իսկ եթե պետությունն այս խնդիրը լրջորեն իր հսկողության տակ վերցնի եւ զբաղվի դրա իրագործմամբ, կստեղծվեն աշխատատեղեր եւ կլուծվեն կարեւոր խնդիրներ:

Առհասարակ, իմ կարծիքով, պատերազմող երկրներում երկաթի ջարդոնի թափոնների նման «շռայլությունը», որը թափված է ողջ երկրով մեկ եւ աղբ է դառնում, աններելի է: Մենք պետք է ինքներս վերամշակենք այդ ռեսուրսը, ոչ թե կոպեկներով վերավաճառենք: Քանի դեռ գտնվում ենք պատերազմական վիճակում, դա եւ այլ շատ ու շատ նման ռեսուրսներ պետք է դիտարկվեն որպես պետական նշանակության առաջնահերթություններ եւ զարգացնեն որպես կարեւոր արդյունաբերական ճյուղեր:

Կարեն ՄԵԼՅԱՆ