«Գլխավոր» փեսայի անկեղծության հետքերով. մերժվածի փեսան մերժում է մերժողին…

«Գլխավոր» փեսայի անկեղծության հետքերով. մերժվածի փեսան մերժում է մերժողին…

Օրերս իր ֆեյսբուքյան էջում «լայվով» հանդես եկավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Մինասյանն իր տեսաուղերձում պատմեց, թե ինչպես են հանդիպել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ու ինքը, ինչ զրույց է եղել իրենց միջեւ: Այդ հանդիպման մասին հեռուստաեթերում ասել էր նաեւ Արթուր Վանեցյանը, սակայն չէր մանրամասնել, թե Փաշինյանի հրահանգով տեղի ունեցած հանդիպման նպատակը որն է եղել: Իսկ սա հասարակության մեջ շատ հարցեր առաջացրեց. ի՞նչ չմաքրված հաշիվներ ունի Փաշինյանն իր կողմից մերժված նախագահի փեսայի հետ, որ հասարակությունից թաքուն նման հանդիպումներ է նախաձեռնում: Մինասյանը տվեց հարցի պատասխանը. «Ես Վանեցյանի հետ հանդիպել եմ Հռոմում՝ 2019 թվականին։ Այդ հանդիպման մասին Վանեցյանը հետո հայտարարեց եւ ասաց, որ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ։ Վանեցյանը զանգեց, ասաց, որ գիտեմ` Հռոմում ես, ուզում եմ հանդիպել։ Ես ասացի` ի՞նչն է թեման։ Ասաց` Նիկոլ Փաշինյանը քեզ մեսիջ ունի։ Ասացի` շատ լավ։ Եկավ, հանդիպեցինք սրճարանում։ Ասաց` ես այստեղ եմ որպես ԱԱԾ տնօրեն եւ իրավասու եմ խոսել Փաշինյանի անունից։ Մենք քեզ առաջարկ ունենք` դու մուծում ես սիմվոլիկ գումար, կքննարկենք` ոնց, եւ դրանից հետո դու երբեք չես գալիս Հայաստան: Ես մերժել եմ, որովհետեւ չէի կարող լավ ապրել, երբ իմ ժողովուրդն ու հայրենիքն այս վիճակում են։ Ես երբեք չեմ կարող պայմանավորվել ստախոս, անպատասխանատու մարդկանց հետ»: 

Այս «ցուցմունքը», որը կարելի է համարել հայտարարություն հանցագործության մասին, բավականին կարեւոր է եւ լուրջ. այն բացեց Փաշինյանի գործունեության շատ խաղաքարտեր: Եթե եղել է նման հանձնարարություն Փաշինյանի կողմից, ապա հաստատվում են օդում կախված այն լուրերը, թե Փաշինյանը երբեմնի պաշտոնյաներից, օլիգարխներից գումարներ է պահանջում՝ գուցե կնոջ հիմնադրամին մուծվելու համար, գուցե՝ ստվերային, դրա դիմաց նրանց տալիս է ազատություն: Ասել է, թե՝ Մինասյանը «վեթթինգի» ենթարկեց վարչապետին, ով խոստացել էր «վեթթինգի» ենթարկել բոլոր կոռումպացվածներին: Զարմանալիորեն, այս հայտարարության շուրջ Փաշինյանը «լայվ» չմտավ, ոչինչ չասաց, Արփիի կարծիքը չհարցրեց: Անգամ Մարիամիկը կամ «գլխավոր» աներձագը ոչինչ չասացին: Ինչո՞ւ է Փաշինյանների «շատվորանց» ընտանիքն այս լուրջ հայտարարության շուրջ լռում, ի՞նչ կա այդ լռության տակ: Գուցե այդ հեռակա բանակցություններին մասնակից երրորդ կողմի՝ Արթուր Վանեցյանի հանգամա՞նքն է խանգարում: Բա որ Վանեցյանն էլ հասատատի՞ Մինասյանի ասածները…

Միքայել Մինասյանն իր տեսաելույթում ասաց նաեւ, որ որոշել է սկսել տեսաշար, որով կպատասխանի հարցերին եւ կպատմի բաներ, որոնք կհետաքրքրեն հասարակությանը, խոստացավ լինել շատ ազնիվ ու պարզ: Դե, եթե խոստացավ, ապա հասարակությունն ակնկալում է լսել մի շարք հարցերի պատասխանները՝ թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ իր մասին: 

Օրինակ․
- Ճի՞շտ են այն խոսակցությունները, որ Փաշինյանը, դեռեւս ընդդիմադիր պատգամավոր եղած տարիներին, հաճախ է այցելել Իտալիա, որտեղ հանդիպումներ է ունեցել Մինասյանի հետ, քննարկել հարցեր, թե ում եւ որքան պետք է քննադատի Փաշինյանն ԱԺ-ում: Եվ ճի՞շտ է, որ Փաշինյանի բոլոր ճանապարհային եւ հյուրանոցային ծախսերը հոգացել է Մինասյանը:
- Ինչպե՞ս կմեկնաբանի Մինասյանը շրջանառվող վարկածը, որ իր աները՝ Սերժ Սարգսյանը, իշխանությունը հեշտությամբ հանձնեց Փաշինյանին։ Գուցե հետագայում էլ, բեմականացված քաղաքական պայքարի այդյունքում, պայմանավորվել են, որ նորից հանձնի իրե՞ն՝ Մինասյանին: 
- Եղե՞լ են Մինասյանի եւ Փաշինյանի միջեւ պայմանավորվածություններ, որոնցում Փաշինյանը «քցել է» Մինասյանին՝ չի կատարել պայմանավորվածությունը: 
- Ճի՞շտ են այն խոսակցությունները, թե ժամանակին Մինասյանը միջնորդավորված հոգացել է Փաշինյանների ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի ֆինանսական խնդիրները: 

Միքայել Մինասյանն անձամբ եղել է նախորդ իշխանության կարեւոր ֆիգուրներից մեկը, բայց ո՛չ ի պաշտոնե, որպես դեսպան, այլ՝ նախագահի փեսա լինելու հանգամանքով պայմանավորված: Երկրում շատ հարցեր, այդ թվում նաեւ ԱԺ պատգամավորական կազմը, գլխավոր պաշտոնների նշանակումները, տնտեսական եւ այլ հարցեր, լուծվել են անձամբ Մինասյանի միջոցով: Ոմանց կարծիքով, Մինասյանը երկրի ղեկավարն էր՝ «կուլիսների» ետեւում, քանի որ անձամբ չէր երեւում ոչ մի տեղ, հրապարակայնորեն չէր խոսում, բայց նրա խոսքն «օրենք» էր: Դա է պատճառը, որ նախկին նախագահների փեսաներին՝ թե՛ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի մյուս փեսային, հասարակության մեծ հատվածը չի ճանաչում, ի տարբերություն Մինասյանի, ով ժամանակին երկրի «գլխավոր» փեսան էր: Ուստի հետաքրքիր կլինի նրանից լսել նաեւ հետեւյալ հարցերի պատասխանները.

- Մինասյանին գոհացնո՞ւմ էր նախորդ իշխանության տարիներին երկրում տիրած բարոյահոգեբանական իրավիճակը, երբ ընտրությունից ընտրություն ՀՀԿ-ն ընտրակաշառքով, տարբեր լծակներով ու ճնշումներով գողանում էր հայաստանցու ընտրության իրավունքը, երբ երկրում իշխում էր ՀՀԿ-ամերձ քրեաօլիգարխիան: 
- Ինչո՞ւ հասարակությունը ոտքի ելավ, մերժեց իրենց ու փողոցից եկած մեկին դարձրեց երկրի ղեկավար: Եթե նախորդ իշխանությունը լավն էր, ինչո՞ւ Սերժ Սարգսյանի հրաժարականը դարձավ համաժողովրդական տոնախմբության առիթ՝ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում: 
- Երբեւէ Միքայել Մինասյանը Սերժ Սարգսյանին ասե՞լ է, որ երկրում լուրջ դժգոհություններ կան իրենց իշխանությունից, որ հասարակությունը հոգնել է, ուզում է լավ ապրել, ուզում է, որ չգողանան ընտրելու իր իրավունքը: Ժամանակին Մինասյանը Սերժ Սարգսյանին ասե՞լ է, որ պետք չէ գնալ ամեն գնով իշխանության ղեկին մնալու ճանապարհով եւ դրա համար Սահմանադրություն փոխել՝ խաբելով հասարակությանը: Այս եւ նման այլ հարցեր Մինասյանը բարձրաձայնե՞լ է Սերժ Սարգսյանի մոտ, թե՞ ոչ: 

Ցանկալի է, որ այս հարցերի պատասխանները տրվեն առանց այսօրվա իշխանության եւ իրավիճակի հետ համեմատելու: