Բյուրոկրատական քաշքշուկ՝ սոցաջակցության ծրագրի շուրջ

Բյուրոկրատական քաշքշուկ՝ սոցաջակցության ծրագրի շուրջ

Կորոնավիրուսի սոցիալական հետեւանքների չեզոքացմանն ուղղված կառավարության ծրագրերը շրջանցում են այն մարդկանց ու խմբերին, որոնք իրականում շահառուներ են։ «Ջրվեժ» ռեստորանի շուրջ 20 գրանցված աշխատողներ, որոնք մարտի 13-ից հարկադիր պարապուրդի մեջ են, պարզվում է՝ չեն կարող օգտվել 8-րդ միջոցառմամբ նախատեսված հնարավորությունից։
«Հայտը ներկայացնում եմ, անմիջապես մերժում են ու պատասխանում, թե ուղարկում են ուսումնասիրության»,-ասաց ռեստորանի խոհարար-մատուցող Բագրատ Ալեքսանյանը։ Ըստ նրա՝ նույն բովանդակությամբ պատասխան են ստացել նաեւ իր գործընկերները։

Վերջիններս զանգել են սոցիալական ապահովության նախարարության թեժ գիծ, ամեն անգամ տարբեր պատասխաններ են լսել։ «Խելքին մոտ պատասխան միայն մեկը տվեց, ասաց՝ եթե ամբողջ կազմն է մերժվում, ուրեմն, հաշվապահական խնդիր կա, խնդիր կա դասիչ կոչվածի հետ»,-ասաց Բագրատը։

Խոսակցության բովանդակությունը նա փոխանցել է ռեստորանի տնօրենին։ Պարզվել է՝ խնդիրն իրոք դասիչի հետ է կապված եղել։ Վերացրել են եւ հույս փայփայել, որ դրանից հետո հայտը չի մերժվի։ 

Նորից է մերժվել։ Այս անգամ էլ 8-րդ ծրագիրը չի կարողացել կարդալ անհատ ձեռներեցի հարկային կոդը։ Ու սկսվել է բյուրոկրատական քաշքշուկ։ «Սոցապնախարարությունը մեղքը բարդում է ՊԵԿ-ի վրա, ՊԵԿ-ը՝ սոցապի։ Եթե մի սխալ բան արած լինեինք, համակարգն անհատ ձեռներեցի հարկային կոդը կկարդար, բայց որ փող պետք է տան, չի կարդում։ Ո՞նց հասկանանք․․․»:

Ռեստորանի տնօրինությունն էլեկտրոնային փոստով նամակ է գրել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, չի պատասխանել։ Աշխատակազմն էլ նամակ-ծանուցագիր է գրել վարչապետին, սպասում են արձագանքի։ Անպատասխան են մնում նաեւ վարչապետի օգնական, ծրագրին կցված Նաիրի Սարգսյանին ուղղված զանգերը։

«Մոտ 20 ընտանիք իրեն խաբված է զգում, արդեն երկու ամիս է՝ անփող նստել-սպասում ենք»,- ասաց Բագրատ Ալեքսանյանը։