Նիկոլ Փաշինյանը «նախկին ռեժիմի մնացուկին» ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակեց

Նիկոլ Փաշինյանը «նախկին ռեժիմի մնացուկին» ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակեց

Մայիսի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատված Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, 28-ամյա Արգիշտի Քյարամյանը նախ նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա, մեկ օր անց՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ ԱԱԾ ղեկավար կազմում կարող է աշխատել միայն այն անձը, որն «առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն եւ ունի գնդապետից ոչ ցածր կոչում»: Քյարամյանն այս ցենզին չի համապատասխանում, ուստի նրան հարկավոր էր նախ նշանակել նշված խմբի պաշտոնի, տալ համապատասխան կոչում, ապա նշանակել ԱԱԾ տնօրենի տեղակալ, ինչը եւ արվեց։

Սակայն բանն այն է, որ ԱԱԾ-ում, որպես կանոն, դրսից կադրեր չեն նշանակվում, նշանակվելու դեպքում էլ՝ չեն ընդունվում անձնակազմի կողմից։ ԱԱԾ-ն սպեցիֆիկ կառույց է, եւ այստեղ աճում են ներքեւից։ Նման մի նշանակում, հիշեցնենք, ժամանակին արեց Սերժ Սարգսյանը՝ Գեորգի Կուտոյանին միջանկյալ՝ մի քանի օրով, նշանակեց գլխավոր դատախազի տեղակալ, ապա տարավ ԱԱԾ տնօրեն, սակայն համակարգը նրան այդպես էլ չընդունեց։ Փաստորեն, այս քայլերով եւս Նիկոլ Փաշինյանը սկսել է նմանվել Սերժ Սարգսյանին։ Մեր աղբյուրներն ասում են նաեւ, որ բոլոր ուժային կառույցներում, տեղակալների մակարդակով, շուտով նոր նշանակումներ են արվելու։ Նիկոլ Փաշինյանը փորձելու է ուժայիններում իր մարդկանց ներդնել, որ վերահսկեն համակարգերի ղեկավարներին, որոնք չեն արդարացնում իր հույսերը եւ բավարար հնազանդությամբ չեն կատարում իր հրահանգները։ Նոր նշանակումներն արվելու են բացառապես իրեն հավատարիմ մարդկանց, քայլածների շրջանակից։

Վերադառնանք Քյարամյանի նշանակմանը, որն իր սկանդալային բովանդակությամբ չի զիջում նախորդ նշանակումներին։ Արգիշտի Քյարամյանը հասարակությանն ավելի շատ հայտնի է ինչպես իր, այնպես էլ իր ունեցվածքի «անհայտ» ծագման մասին սկանդալային պատմություններով: Նախկինում՝ մինչ 2018 թվականի գարունը, Քյարամյանը պաշտոններ է զբաղեցրել դատախազությունում: Երբ «Սերժի մնացուկներից» բողոքող Նիկոլ Փաշինյանը նրան նշանակեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, մամուլը գրեց, որ Քյարամյանը մեծ ունեցվածք ունի եւ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քյարամյանի ապօրինի որդին է: Քյարամյանն իր ծագման մասին լուրերը շտապեց հերքել, սակայն իր ունեցվածքի ծագման մասին ստիպված էր մի փոքր ավելի մանրամասն խոսել: Կուսակրոն հոգեւորականի ենթադրյալ որդին, մեկ տարի առաջ խուսանավելով միլիոնների հասնող իր ունեցվածքի, ինչպես նաեւ անշարժ գույքի ծագման մասին լրագրողների համառ հարցերից, սկզբում ասաց, որ էթիկայի տեսանկյունից ճիշտ չէ քննարկել որեւէ մեկի ունեցվածքը, ապա «ուղղեց» սխալը՝ հավանաբար հիշելով, որ իր նշանակումների գործում ամենամեծ ներդրումն ունեցած վարչապետն ինքն է օրուգիշեր այլոց ունեցվածքը քննարկում, եւ հավելյալ պարզաբանեց, որ իր դրամական միջոցների մի զգալի մասն իրեն նվիրել է Եվրոպայում բնակվող քեռին, մի մասն էլ ձեւավորվել է Ռուսաստանում արտագնա աշխատանքով զբաղվող իր մերձավոր ազգականների եւ այլ բարեկամների պարբերական նվիրատվություններից: Որոշ ժամանակ անց էլ լրատվամիջոցները պարզեցին, որ Արգիշտի Քյարամյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում իրեն պատկանող 8 անշարժ գույքի մասին էր միայն նշել՝ թաքցնելով եւս մեկի գոյությունը:

Իսկ այս ընթացքում հանրությանն այդպես էլ անհայտ մնաց, թե ինչ արժանիքների համար է Նիկոլ Փաշինյանն Արգիշտի Քյարամյանին նշանակել Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, ինչ է վերջինս մեկ տարում արել ՊՎԾ-ում, եւ մասնավորապես՝ պետությանը մատուցած որ ծառայության համար է 28-ամյա Քյարամյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արագընթաց նշանակվել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ ընդամենը մի քանի ժամ անց՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: Եվ այս պաշտոնում 28-ամյա երիտասարդը պետք է անվտանգության գեներալներին ղեկավարի։

Մի բան պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության «նուրբ» տրամաբանությունը հասկանալու համար մտավոր սպեցիֆիկ ունակություններ է պետք ունենալ, եւ դրանում հանրությունը համոզվել է շատ վաղուց՝ այն պահից, երբ սկսել է քաղել «հեղափոխական» կադրերի աշխատանքի առաջին «պտուղները», իսկ իրականում՝ հասկացել, որ պետական ամբողջ համակարգի աշխատանքը քաոսի է վերածվել: Ի դեպ, այդ համակարգի աշխատանքից դժգոհել է անգամ վարչապետը: Ճիշտ է, նա իր դժգոհության սլաքներն ուղղում է «Սերժի մնացուկներին», իսկ ավելի պարզ ասած՝ պետական համակարգում նախկինից մնացած կադրերին՝ սովորության համաձայն, իր ամեն ձախողման մեջ մեղադրելով նրանց, սակայն դա նրան բոլորովին չի խանգարել՝ որոշ «մնացուկների» պետական համակարգի աստիճաններով բարձրացնել ավելի ու ավելի վեր՝ ունենալով, հավանաբար, սեփական դրդապատճառները, որոնց տրամաբանությունը հասկանալը մեր ունակություններից վեր է: