Սահմանափակումները հանելուց հետո Չարենցավանում վիճակը նորից վատացել է

Սահմանափակումները հանելուց հետո Չարենցավանում վիճակը նորից վատացել է

Չարենցավանում կորոնավիրուսով վարակվածության դինամիկան, չնայած քաղաքում վերահսկողության գրեթե իսպառ բացակայությանը, վերջին երկու շաբաթում բավականին նվազել էր։ Եվ դա ուրախացրել էր Չարենցավանի բժշկական կենտրոնի տնօրեն Գառնիկ Սահակյանին։ Սակայն 2-3 օր առաջ արած թեստերը լավ արդյունքներ չեն ցույց տվել՝ 8 հոգուց 6 հաստատված դեպք։ Չի բացառվում՝ դեպքերն էլի շատանան, որովհետեւ սահմանափակումները հանելուց հետո մենք այցելեցինք Չարենցավանի պոլիկլինիկա, որը հիվանդանոցին կից է, եւ պատկերը, մեղմ ասած, տխուր էր։ Պոլիկլինիկայում թեպետ ջերմությունը չափում, նոր էին ներս թողնում, բուժաշխատողներն էլ պարտադիր դիմակով էին, սակայն քաղաքացիները սոցիալական հեռավորություն չէին պահպանում․ իրար գլխի լցված, շատերը՝ առանց դիմակի, շատերը՝ մի քանի օր օգտագործված ու աղտոտ դիմակներով։ Վերահսկողությունը գրեթե իսպառ բացակայում էր։ Եվ ոչ ոք չգիտի, թե այցելուներից ով է վարակակիր, ով՝ ոչ։

«Ինչպես գիտեք, սկզբնական շրջանում Չարենցավանի ազգաբնակչությունից կային որոշ մարդիկ, որոնք աշխատում էին Երեւանի հայտնի արտադրամասերում, որից էլ սկսվեց Չարենցավանում կորոնավիրուսի տարածումը։ Դեռեւս այդ սկզբնական ժամանակահատվածից ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ հիվանդների հայտնաբերման, համապատասխան բուժհաստատություններ տեղափոխման եւ կոնտակտավորների մեկուսացման ուղղությամբ, որը մինչ այս պահն իրականացվում է։ Իհարկե, սկզբնական շրջանում հայտնաբերված հիվանդների թիվը զգալի քանակ կազմեց, բայց հետագայում, հատկապես վերջին 2 շաբաթվա ընթացքում, բավականին նվազում արձանագրեցինք»,- ասաց Գառնիկ Սահակյանը։ Վերջին 2 շաբաթում մոտ 100 թեստ է իրականացվել, որոնցից ընդամենը 8-9 դեպք է հաստատվել։ Սակայն երկու օր առաջ եւս 8 հոգու թեստ են արել, որից 6-ի մոտ դրական է եղել պատասխանը։

- Մենք նկատեցինք, որ պոլիկլինիկայում դարձյալ քաղաքացիների մեծ հոսք կա, կուտակումներ, հերթեր, մարդիկ սոցիալական հեռավորություն չեն պահպանում, շատերն առանց դիմակի են, որեւէ վերահսկողություն չկա նրանց նկատմամբ։

- Էսպես ասեմ՝ ազգաբնակչության մոտ շատ արագ առաջանում է մի իրավիճակ, որ կարծես որեւէ բան չի կատարվում հիվանդության առումով, իրենց թվում է՝ ամեն ինչ վերջացել է, ու այլեւս որեւէ պարտականություն չունեն իրենք։ Բայց այդպես չէ։ Նույն այդ բնակիչների հետ բազմիցս աշխատանքներ են կատարվում, որ այդ նույն կուտակումները չառաջանան, մարդիկ լինեն դիմակներով եւ պահպանեն սոցիալական հեռավորություն, բայց ունենք այն, ինչ ունենք։

- Դուք չե՞ք կարող վերահսկել կամ դիմել ոստիկանությանը, որ գան կարգուկանոն հաստատեն։

- Մենք չենք կարող կարգուկանոն հաստատել, որ, գիտե՞ք ինչ կա, մի՛ դիմեք հիվանդանոց կամ պոլիկլինիկա կամ էս ժամերին դիմեք, կամ անպայման դիմակով եղեք։ Մենք իրավասու էլ չենք պարտադրել մարդկանց, հակառակ դեպքում մարդ կա՝ մեկնաբանում է այլ ձեւով, որին մենք իրավասու չենք հակադրվելու։ Օրինակ՝ մարդ եթե ասում է՝ ես դիմակ չունեմ, չենք կարող պարտադրել, որ գնա դիմակ առնի։ Կարող է եւ ունի ու դիտավորյալ չի դնում։ Մարդ կա՝ ասում է․ ունեմ ու չեմ դնում դիմակ, իմ իրավունքը չի՞։ Մենք փորձում ենք էդ ամեն ինչն անել բացատրելով, մարդկանց հասկացնելով։ Իհարկե, մեծ մասը հասկանում է։ Ու եթե մինչեւ հիմա մենք ունեցել ենք հիվանդացության նվազում մեր քաղաքում, դա հենց այդ աշխատանքի հետեւանքն է։

- Բայց նաեւ Ձեր աշխատակիցներն են սրա հետեւանքով հայտնվել ռիսկային գոտում, ու, եթե չեմ սխալվում, նաեւ բուժաշխատողների մեջ վարակվածներ կան։

- Բնականաբար, նրանք ռիսկային գոտում են։ Ու ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր հանրապետությունում եւ մեր քաղաքում ամենամեծ ռիսկային գոտում գտնվում է թերեւս բուժանձնակազմը։ Եվ բնական է, որ կարող ենք ունենալ նաեւ բուժաշխատողների վարակվածություն։ Բայց, հուրախություն մեզ, ասեմ, որ այս ամբողջ ժամանակահատվածում, երբ այդքան շատ հիվանդների հետ են շփվել, մենք ընդամենը 3 բուժաշխատող ենք ունեցել, որոնք վարակված են կորոնավիրուսով։ Նրանք էլ արդեն առողջացել են եւ վերադարձել աշխատանքի։

- Այս պահի դրությամբ Չարենցավանում վարակվածների թիվն ինչքա՞ն է։

- Մոտավոր երեւի 120-130-ի չափ՝ Չարենցավան քաղաքում եւ հարակից գյուղերում։ Դրանց կեսն արդեն ապաքինվել, վերադարձել է առօրյա կյանքի։ Ասեմ նաեւ, որ մեծ մասը որեւիցե բուժում չի էլ ստացել, քանի որ կարիքը չի եղել։