Ինչո՞ւ հայ դատավորներն ազերական քրեական օրենսգրքով չեն առաջնորդվում

Ինչո՞ւ հայ դատավորներն ազերական քրեական օրենսգրքով չեն առաջնորդվում

ՀՀ դատական մարմինների կողմից Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի եւ Ստեփանակերտի քաղաքապետների դեմ մեկնարկած քրեական վարույթները վկայում են, որ Հայաստանի դատական համակարգի աշխատողներն առաջնորդվում են իրենց գերագույն ղեկավարի այն հայտնի հայտարարությամբ, որ «Արցախը Հայաստան է, եւ վերջ» (ի դեպ, չնայած վերոհիշյալ անձն այդ խոսքը սեփականել էր Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանից` հեղինակային իրավունքի կոպիտ խախտմամբ` չէր նշել հեղինակի անունը)։

Այլապես ՀՀ դատավորներն ի՞նչ իրավունքով պիտի ՀՀ քրեական օրենսգիրքն առած, քուջուջ անեին Արցախի Հանրապետությանը պատկանող պետական գույքերի խնդիրներում։ 

Եթե իրոք Արցախը Հայաստան է, Արցախի Հանրապետության քաղաքացիներն էլ ՀՀ քաղաքացիներ են, ապա այդ դեպքում հարց է ծագում, Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է ստել, ողջ աշխարհին խաբել, թե Արցախ-Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։

Հիմա, ըստ արցախցի քաղաքապետներին դատող ՀՀ դատավորների, Արցախը Հայաստա՞ն է, թե՞, ինչպես իրենց գերագույն ղեկավարն է հետո միտքը փոխել եւ հայտարարել` Ադրբեջանի մաս, որը եւ հիմք ընդունելով` ծախել են Արցախը։

Եթե Արցախը ադրբեջանական տարածք է, ապա արցախցիների նկատմամբ քաղաքական հետապնդումներ ձեռնարկած ՀՀ դատավորներն ի՞նչ իրավունքով են քննարկում Ադրբեջանին պատկանող տարածքի գույքի` ավտոմեքենաների ու այլ գույքի խնդիրները։ Արդյո՞ք դրանով նրանք քիթները չեն խոթում հարեւան երկրի ներքին խնդիրների տիրույթ։

Մնում է ենթադրել, որ ոչ մի աբսուրդ ու հակաօրինական բան չկա, եւ ամեն ինչ կատարվում է օրենքով, որովհետեւ ինչպես Ալիեւն ու ալիեւներն են հայտարարում` Հայաստանը Արեւմտյան Ադրբեջան է, Երեւանն էլ` Էրիվան, ու Արեւմտյան Ադրբեջանի ազգությամբ հայ դատավորներն իրականացնում են իրենց Ադրբեջան երկրի դատաիրավական համակարգի գործառույթները։ Այս պարագահում ամեն ինչ հասկանալի է ու պարզ։ Ուղղակի մի փոքրիկ թյուրիմացություն կա` ինչո՞ւ հայ դատավորներն ազերական քրեական օրենսգրքով չեն առաջնորդվում։

Գարեգին Վարդանյան