Սրբազանն անցավ Ռուբիկոնը

Սրբազանն անցավ Ռուբիկոնը

Կարծում եմ, որ Նիկոլին ուղղված Բագրատ սրբազանի վերջին խոսքը նշանակում է Ռուբիկոնն անցնել: Խնդրեմ մի հատված նրա խոսքից. «Վերջին օրերդ ես ապրում քո քաղաքական կյանքի։ Շատ լավ հիշի՜ր, Նիկոլ Փաշինյան: ... Դու ամենայն պատասխանատվության առջև ես կանգնելու բոլոր առումներով»: Ինչպես տեսնում ենք, սա արդեն նշանակում է ձեռնոցի նետում, և Նիկոլը ստիպված է պատասխան տալ դրան: Իսկ նրա պատասխանի ձևը հայտնի է՝ ոստիկանական բռնություններ: Ինչը ժամանակին օգնել է թե՛ նախկիններին և թե՛ իրեն: Բայց մի անգամ ձախողվել է նախկինների դեպքում, ու կարծում եմ, որ նույնը կկատարվի նաև իր դեպքում: Իսկ չկատարվել չի կարող, քանի որ մարդիկ աստիճանաբար արթնանում են լեթարգիական քնից: Ու նրանք, որ ձայն էին տվել իրեն 2021 թվականի ընտրություններում, այսօր դեմ են գնում նրան: 

Ի դեպ, արդեն խոսվում է, որ Նիկոլը փորձել է մայիսի 24-ի ուղերձում հայտարարել երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին, սակայն իրավապահները տարհամոզել են նրան: Ու այդ պատճառով ուղերձի բովանդակություն է փոխվել, ինչի պատճառով այն դարձել էր անիմաստ: Մայիսի 25-ին էլ հայտնի դարձավ «Ani Grand Hotel Yerevan» հյուրանոցի Բագրատ սրբազանի համարում «ժուչոկի» տեղադրման հանգամանքը: Ու դրա խյտառակ տապալումը: Իսկ եթե ես լինեի սրբազանի կողքին, ապա կհամոզեի նրան գաղտնի պահել այդ հանգամանքը ու հայրենի իրավապահների հետ մուկ ու կատու խաղալ: Վերջում խայտառակ անել թե՛ նրանց և թե՛ նրանց նման հանձնարարություն տվող անձին: Որովհետև համոզված եմ, որ առանց նրա հրահանգի իրավապահները օրենսդրության նման խախտման չէին գնա:

Այնպես որ իրավապահների կողմից բռնություններ իրականացնելով շարժում ջարդելն այս անգամ կձախողվի, քանի որ նրանց դեմ կանգնած է ոչ թե քաղաքացիներին առաջնորդող նախկիններից որևէ մեկը, այլ հոգևորականը: Այն էլ բարձրաստիճան մեկը, ով չի ունեցել որևէ ձախողում կամ նույնիսկ կանոնից շեղում իր կյանքում: Ի տարբերություն, օրինակ, հենց Նիկոլի կամ նրա շրջապատի բազմաթիվ անձերի: Դա՝ մեկ: Երկրորդ, տաս տարի սրբազանը ղեկավարել է ՀԱԵ Կանադայի հայոց թեմը, ևս շուրջ տաս տարի առաջնորդում է ՀԱԵ Տավուշի թեմը: Առաջին դեպքում էլ սիրված է եղել թեմականների և ենթադրաբար ողջ համայնքի կողմից: Երկրորդ դեպքում եթե սիրված չլիներ, ապա չէր կարող առաջնորդել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը: 2017 թվականից դարձել է ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ինչը, բնականաբար, ավելի է բարձրացնում նրա պաշտպվանվածության աստիճանը: Ասվածը նշանակում է, որ նույնիսկ նիկոլական «ժողովրդավարության բաստիոնի» պայմաններում նրա նկատմամբ հնարավոր չէ շինծու մեղադրանք սարքելը կեղծ փաստերի հիման վրա: Չնայած Նիկոլն, անկասկած, շատ կցանկանար:

Բագրատ սրբազանից անցում կատարենք ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյան Նիկոլին: Վերջինս իշխանության եկավ քայլելով և ինքն իրեն Մահաթմա Գանդիի հետ նմանեցնելով: Ճիշտ է, հիմա արդեն իրեն նմանեցնում է հայոց Պապ թագավորի հետ, բայց վերադառնանք Գանդիի հետ համեմատվելուն: Ոչ բռնի մեթոդների անհնազանդության հնդիկ հեղինակի և Նիկոլի միջև սար ու ձորի տարբերություն կա: Գանդին այդ մեթոդների կողմնակից էր ոչ միայն ընդդիմադիր կարգավիճակում, այլև Հնդկաստանի վարչապետ կարգվելուց հետո: Այն էլ այնպիսի իրավիճակում, երբ կրոնի և ուսմունքի տարբերությամբ պայմանավորված՝ հնդիկները թշնամացել էին միմյանց: Արդյունքում երկիրը բաժանվեց երկու մասի՝ չհաշված առանձին կրոնական կարգավիճակ ունեցող սիկխերին: Ընդ որում Գանդին մահացավ հենց արմատական հինդուիստականի կրակոցից՝ երբ փորձում էր խաղաղություն հաստատել հինդուիստական ու մահմեդական հնդիկների միջև: Այնպես որ Գանդիի հետ կարող էր համեմատվել ոչ թե Նիկոլը, այլ հենց նրա հրաժարականը պահանջող սրբազանը: Որը փորձում է համախմբել ողջ հասարակությանը՝ հանած, բնականաբար, ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձին, որը հասարակության պառակտվածությունը հասցրել է ծայրահեղ աստիճանի:   

Ասվածի համատեքստում փորձե՛ք հայաստանյան հասարակությունն արմատականորեն պառակտած Նիկոլին պատկերացնել Գանդիի կերպարում: Դա, բնականաբար, անհնար է: Նիկոլին ավելի շատ սազում է 20-րդ դարասկզբի Իտալիայի վարչապետ, իտալական ֆաշիստական կուսակցության հիմնադիրներից մեկի՝ Բենիտո Մուսոլինիի հետ համեմատելը: Պաշտոնապես իտալական առաջնորդի (դուչեի) հետ ինքը կարող է համեմատվել թե՛ քալարշավի, թե՛ դրա հետևանքով իշխանությունը գրավելու, թե՛ սկզբնական շրջանում հսկայական հեղինակության, թե՛ վերջնարդյունքում հեղինակազրկման ու այնուհետև՝ տապալման առումներով: Ժամանակին «Հրապարակ»-ի էջերում ներկայացրել եմ Մուսոլինիի կերպարը: Մնացել է միայն վերջին փուլը՝ հրաժարականը: Դրա իրականացմամբ կամբողջանա իտալական «դուչեին» հայկական «դուխով»-ի և «փրկչի» արտապատկերման գործընթացը:

Հ. Գ. Քաղաքացիական պատերազմից ու արյունահեղությունից խուսափելու միայն մեկ ճանապարհ է մնացել. դա «մեծարգո վարչապետ, պարոն Փաշինյանի» հրաժարականն է: Թե ինչի կարող է դա հասցնել՝ եթե այն տեղի չունենա, հիանալի պատկերված է ամերիկյան «Քաղաքացիական պատերազմ» կինոնկարում: Քպականներին խորհուրդ կտայի դիտել այն: