Սրբազանը հայտարարեց այսօրվա ծրագիրը

Սրբազանը հայտարարեց այսօրվա ծրագիրը

Այսօր հրապարակվեց համաժողովրդական պայքարի վարչապետի անունը` հրապարակեց գիտությունների դոկտոր Գուրգեն Մելիքյանը, ամբողջ հրապարակը վանկարկում էր «Սրբազան վարչապետ»: Բագրատ սրբազանը հայտարարեց, որ սառեցնում է իր հոգևոր ծառայությունը: Նա հայտարարեց, որ դա իր անձնական որոշումն է, որը կայացրել է Վեհափառի և իր հոգևոր եղբայրների հետ զրույցից հետո: Ի դեպ, թերևս դա է պատճառը, որ այս անգամ Հրապարակում հոգևորականներ չկան, ի տարբերություն նախորդ հանրահավաքների:

Սրբազանը նաև հայտարարեց, որ ամեն ինչ անելու են օրենքի պահպանմամբ, որ չստացվի, թե Սահմանադրությունը ոտնատակ տված ՔՊ- ն իր առաջնորդով Սահմանադրության պաշտպանն են, իսկ նրա դեմ պայքարողները` սահմանադրություն խախտողներ: Նա հրապարակեց այսօրվա ծրագիրը` քայլում ենք դեպի Պռոշյան փողոց, կառավարական ամառանոցներ, որտեղ ապրում է Նիկոլ Փաշինյանը: Հրապարակը ողջունեց այդ որոշումը: Հաջորդ օրը` մայիսի 27-ին, առավոտյան ժամը 8-ին անհնազանդության ակցիաներ են իրականացվելու: Հետագա գործողությունների մասին կհրապարակվի առաջիկայում: