Պետություն ունենք՝ աշխարհը չունի 

Պետություն ունենք՝ աշխարհը չունի 

Ինչպես արդեն հաղորդել է «Հրապարակը»՝ հղում տալով ռուսական պետական ՌԻԱ Նովոստի գործակալությանը, հոկտեմբերի 28-ին կայանալու է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) արտահերթ նիստ: Քննարկվելու է «սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի»  (գործակալության նյութում այլ ձևակերպում էր տրված) կապակցությամբ Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքների վերաբերյալ զեկույցը: Իսկ հոկտեմբերի 26-ին, ինչպես արդեն գիտենք, ՀՀ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում Փաշինյան Նիկոլը հայտնել էր, որ ինքը նախաձեռնել է ՀԱՊԿ առաքելության աշխատանքի վերաբերյալ զեկույցի քննարկումը ՀԱԽ արտահերթ նիստում: Դրա վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվել հենց նույն օրը վերը նշված գործակալության կայքում: 

Այսքանը նորմալ է, սակայն աննորմալ է այդ տեղեկատվության վերաբերյալ նյութի նկարը, որտեղ Փաշինյան Նիկոլի փոխարեն մենք տեսնում ենք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Դա կարող էր լինել զուտ անփութության դրսևորում, ինչը, բնականաբար, ողջունելի չէ՝ ինչպիսի վերաբերմունք էլ ունենանք ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի նկատմամբ: Բայց խնդիրն այն է, որ առավել ինքնիշխանության կարգախոսով իշխանության եկած թիմը այնպիսի մակարդակի է իջեցրել Հայաստանի Հանրապետության իշխանության հեղինակությունը, որ կարող է տեղի ունենալ նման անփութություն: Դա՝ մեկ, և երկու՝ ո՛չ ՀՀ ԱԳՆ-ն, ո՛չ ՀՀ վարչապետի աշխատակազմը և ո՛չ էլ տեղեկատվական կոչված ՊՈԱԿ-ը չեն նկատել գործակալության վրիպումը: Հատկապես վերջինը, որը զբաղված է ոչ թե արտաքին աշխարհում Հայաստանի Հանրապետության, այլ ներքին կյանքում Փաշինյան Նիկոլի վերաբերյալ նյութերի ուսումնասիրությամբ ու դրանց, ինչպես հայաստանյան մամուլն է անընդհատ արձանագրում, փողոցային մակարդակով պատասխան տալով: Իհարկե, տվյալ կառույցի ղեկավարությունը հերքում է դա, սակայն դրան քչերն են հավատում անգամ տվյալ կառույցի ներսում: Մի խոսքով՝ պետություն ունենք՝ աշխարհը չունի…