2025-ին պարզ կլինի՝ գնո՞ւմ ենք հաշտության, թե ոչ 

2025-ին պարզ կլինի՝ գնո՞ւմ ենք հաշտության, թե ոչ 

«Հրապարակի» զրուցակիցն է ուկրաինացի քաղաքագետ Իլյա Կուսան

- ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու ՆԱՏՕ-ն օգնեցին չեզոքացնել իրանական հրթիռները։ Եւ շատ միահամուռ կանգնեցին Իսրայելի կողքին: ԻՆչո՞ւ Իսրայելի դեպքում նման միասնական արձագանք եղավ, իսկ Ուկրաինայի դեպքում՝ ոչ։ 

- Իսրայելն ու Միացյալ նահանգները պաշտոնական պայմանագիր ունեն ստորագրած՝ ռազմական օգնության ու համագործակցության մասին։ Ուկրաինայի նկատմամբ արևմտյան երկրները նման պարտավորություններ չունեն։ Բացի այդ, քաղաքական առումով, Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն ուզում ուղղակիորեն ներգրավվել Ուկրաինայի պատերազմում՝ Ռուսաստանի հետ ուղիղ կոնֆրոնտացիայի ռիսկի առկայության պատճառով։ 

- Ինչպիսի՞ն է այժմ իրավիճակը Ուկրաինայում, արդյոք Արևմուտքը հավատարի՞մ է իր տված խոստումներին։

- Ընդհանուր առմամբ գնահատում եմ կայուն։ Այս տարի Ուկրաինային տրամադրել են ամբողջ օգնությունը, որ Եվրամիությունը խոստացել էր։ Մնում է միայն Միացյալ Նահանգների կողմից տրամադրվելիք 60 միլիարդ ԱՄՆ դոլարի օգնությունը։ Այն, ամենայն հավանականությամբ, կամ ավելի կրճատված տարբերակով կիրականացնեն կամ կտրամադրեն մասերով՝ բաժին հանելով Ուկրաինային, Թայվանին և Իսրայելին։ 

- Կարծիք կա, որ Ուկրաինային տրամադրվող ֆինանսական աջակցությունը միայն պատերազմը երկարացնելու համար է, ոչ թե հաղթելու։ 

- Գումարն օգտագործվում է տարբեր նպատակներով։ Մի մասը գնում է ռազմական արդյունաբերության վրա, մյուս մասը պաշտպանական ծախսերի համար է տրամադրվում, իսկ մի մասն էլ բյուջետային դիֆիցիտը փակելու համար։ Իսկ ընդհանուր առմամբ, բացարձակ հաղթանակ կողմերից մեկի կողմից այս պահի դրությամբ քիչ հավանական է։ Սակայն, պետք է ընդգծել, որ ժամանակն աշխատում է ի օգուտ Ուկրաինայի՝ Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառվող պատժամիջոցների շնորհիվ։ 

- Լուրեր են պտտվում, որ Արևմուտքը փորձում է համոզել Ուկրաինային՝ հաշտվել կորցրած տարածքների հետ և ՌԴ-ի հետ գնալ բանակցությունների ու ավարտել պատերազմը։ 

- Մոտակա ամիսներին բանակցություններ չեն լինի, քանի որ ոչ Ուկրաինան, ոչ էլ Ռուսաստանը դրանց պատրաստ չեն։ Տարվա վերջին միայն կձևավորվեն բանակցությունների հնարավորինս հասկանալի բնագծերը, և կախված 2025 թվականին ռազմական իրավիճակից, հասկանալի կդառնա, թե կողմերը կսկսե՞ն խոսել արդյոք հաշտության մասին։ Այս տարվա ամռանը Ռուսաստանը ծրագրում է հերթական հարձակումը, այդ իսկ պատճառով հիմա չի գնում բանակցությունների։