Խնդիրը կապված է ողջերի որոնողական աշխատանքների հետ, ամեն ինչը թուրքի քմահաճույքով

Խնդիրը կապված է ողջերի որոնողական աշխատանքների հետ, ամեն ինչը թուրքի քմահաճույքով

2020 թվականի նոյեմբերի 9/10-ի հայտարարության 8-րդ կետ «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»-ը դեռ ամբողջությամբ չի կատարվել, մեծ թվով հայեր շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում կամ այլ վայրերում:

«Հրապարակ» թերթը «Կարմիր խաչ» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց հետաքրքրվեց, թե այցելություններ եղե՞լ են հայ գերիներին, գերիների վերադարձի մասով ի՞նչ է անում կազմակերպությունը, իր տվյալներով՝ քանի՞ հոգի են։

Ամատունին ասաց, որ կոմիտեն գերիների վերադարձի մասով իր գործողությունները կարող է անել միայն այն դեպքում, եթե կողմերը դիմեն։ «Մենք պատրաստակամ ենք կատարել այդ գործողությունը, բայց կողմներն [հայկական և ադրբեջանական] են որոշում՝ երբ, ում և ինչպես վերադարձնել։ Մենք նման պարագայում աջակցում ենք միայն որպես չեզոոք միջնորդ։ Ինչ վերաբերում է տեսակցություններին և ընտանիքների միջև կապ հաստատելուն, դա մեր մշտական և ընթացիկ աշխատանքն է։ Դրա հետ կապված նույնպես բովանդակային տվյալներ չեմ կարող ասել, որովհետև այդ տվյալները մենք կիսվում ենք ընտանիքների և համապատասխան իշխանությունների հետ։ Քանի որ դա կազմակերպության ներքին ինֆորմացիան է, և չեմ կարող հանրայնացնել»,- պարզաբանեց Ամատունին։

«Կարմիր խաչը», ըստ նրա, չեզոք ու մարդասիրական կազմակերպություն է, ուստի նրա ուշադրություն կենտրոնում մարդիկ են, որոնք տուժում են հակամարտության, ռազմական գործողությունների հետևանքով, իսկ նրանց վերաբերող հարցերը կոմիտեն ուղարկում է միայն այն իշխանություններին ու կողմերին, որոնք պատասխանատու են այդ մարդկանց համար։

Դիտարկմանը, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերյան հայտարարությունից հետո գերի ընկածներին համարում է «ահաբեկիչներ», և հարցին՝ Ադրբեջանը դժվարություններ չի՞ ստեղծում գերիների վերադարձի հարով, ԿԽՄԿ պաշտոնյան պատասխանեց, որ կազմակերպետությունը չեզոք կառույց է, չի կարող գնահատակներ հնչեցնել։

«Գնահատել, թե մի կողմն ինչպես է աշխատում, մյուս կողմն ինչպես է աշխատում, նշանակում է բացահայտել կամ հրապարակել տվյալներ, որոնք մենք ուղղում ենք այն կողմերին, ովքեր պետք է դրա մասին իմանան, այսինքն՝ հենց պատասխանատու իշխանությունները։ Հանրությանը մենք չենք տրամադրում տվյալներ, որոնք վերաբերում են հենց մեր և իշխանությունների միջև երկխոսությանը։ Դա մնում է մեր և իրենց միջև, որովհետև դա թույլ է տալիս պարզ քննարկել բոլոր խնդիրները, անհանգստությունները, որոնք մենք նկատում ենք մեր աշխատանքի ընթացքում։ Իսկ այսպիսի իրավիճակում գտնվող մարդկանց վիճակն այդքան էլ հեշտ չէ, ուրիշ կողմում լինելը։ Ուստի իրենց պաշտպանելու համար մենք աշխատում ենք չհրապարակել այդ տեղեկությունները։ Այսինքն՝ աշխատում ենք կոնստրուկտիվ նրանց հետ, ում դա վերաբերում է, ովքեր կարող են ու պարտավոր են անել ամեն հնարավորը՝ այդ մարդկանց չվնասելու և իրենց հետ կապված իրավիճակը պատշաճ կերպով պահպանելու համար»,- ընդգծեց նա։

Հարցին՝ անհետ կորածներին փնտրելու, մարմինների վերադարձի մասով «Կարմիր խա՞չն» էլ է մասնակցություն ունենում, Զառա Ամատունին պատասխանեց, որ նոյեմբերի 13-ից սկսած

կազմակերպությունը որոնողական աշխատանքներին ներկա է եղել։ «Ռուս խաղաղապահ ուժերի հետ համատեղ, կողմերին աջակցում ենք կատարել այդ աշխատանքները, սակայն մենք անմիջականորեն որոնումներ չենք իրականացնում։ Մենք աջակցում ենք մեր ներկայությամբ, որպես միջնորդ, աշխատանքները սահուն կերպով առաջ տանելուն ու կազմակերպելուն։ Տարբեր կարևոր խորհրդատվություններ ենք տրամադրում հարակից հարցերի շուրջ։ Օրինակ՝ խորհրդատվություն աճյունների հետ կապված, որպեսզի հնարավորինս ճշգրիտ կերպով հավաքագրվեն աճյունները, մասունքները։ Այդ առումով մենք տրամադրում ենք նաև փորձագիտական աջակցություն համապատասխան ծառայություններին, օրինակ՝ Հայաստանում դա Դատաբժշկական փորձագիտական կենտրոնն է»,- եզրափակեց ԿԽՄԿ հայստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը։

Հրադադարից հետո Արսեն Ղուկասյան մասնակցում է Արցախում որոնողական աշխատանքներին։ Դեկտեմբերի 15 նրան հաջողվել է Ջաբրայլի Նյուզգարի 200 դիրքից բերել և հողին հանձնել հարազատ եղբոր մարմինը, ով զոհվել էր բեկորային վնասվածք ստանալու հետևանքով։ Սակայն նրան դեռևս չի հաջողվել գտնել եղբոր որդուն, ով կորել է հոկտմեբերի 10-ին Հադրութի դիմացի անտառներից։

Ղուկասյանից հետաքրքրվեցինք, թե ինչ խնդրի առջև են բախվում ադրբեջանական վերհսկողության տակ հայտնված տարածքներում որոնողական աշխատանքների ժամանակ։

«Խմբերն ամեն օր գնում են, խմբի ղեկավարն ամեն օր գնում է, բանակցում է, ուղղությունները ճշտվում են, խումբը մտնում է տարածք, իր գործն անում է։ Այդ գործողությունները կատարվում են, ու պահի տակ, հոպ, մի անկապ խնդիր է ծագում, և այդ անկապ խնդրի պատճառով ադրբեջանցիները չեն թողնում տարածք մտնել։ Կամ ասում են՝ «Չեք մտնում» և վերջ։ Օրինակ՝ երեկ։ Մշտական խմբի մեջ, մի մեքենայի մեջ լինում է 6 հոգի, երբ ողջերին գնում են որոնելու։ Բայց քանի որ խումբն այնպիսի տարածք պետք է մտներ, որը որ ականապատված էր, ականազերծող էին վերցրել, եղավ 7 հոգի, բայց թուրքն ասաց՝ «Հոպ, 7 հոգի չի կարելի»։ Բացատրում ես, որ մի հոգին ականազերծող է, ասում է․ «Էդ ինձ չի հետաքրքրում, պետք է մտնի 6 հոգի»։ Կապ չունի ականազերծող է, թե ոչ այդ մի հոգին, հնարավոր է, որ 7 հոգի տեսնի, ասի․ «Չեմ թողնում»։ Հնարավոր է, որ մարդ լինի, տեսնի ու չուզի, որ նա մասնակցի։ Այսինքն՝ հասկանո՞ւմ եք, այդ ամեն ինչը թուրքի քմահաճույքով է։ Ինչպես ուզում է, այնպես անում է։ Մարմինների որոնողականը քիչ թե շատ առաջ է գնում, խնդիրը կապված է ողջերի որոնողական աշխատանքների հետ։ Ամեն անգամ ինչ-որ պատճառով խնդիրներ են ստեղծվում։ Օրինակ՝ եթե մի հետքի վրա ես ընկնում, որ հույս է տալիս գտնելու, մեկ էլ կարող է՝ հաջորդ օրը ադրբեջանցիները չթողնեն։ Ասեն․ «Չենք թողնում» ու վերջ։ Օրինակ՝ իրենք իրենց օպերացիան կազմակերպեն ու իրենք գտնեն։ Ու այդպես եղել է արդեն»,- մանրամասնեց նա։

Հարցին «ողջեր» ասելով՝ նկատի՞ ունի, օրինակ՝ մեկի մասին տեղեկություններ ունեն, որ անհետ կորած է, պատասխանեց, որ ոչ, և «անհետ կորած» հիմա շատ մարդ է համարվում, և այդ անհետ կորածների մեջ են մտնում նաև այն մարմինները, որոնք որ հնարավոր չի լինում գտնել։

«Վառվել կամ մոխրացել են, կամ հնարավոր չէ գտնել։ Այս դեպքում էլ է անհետ կորած համարվում, գերի ընկածներն էլ են անհետ կորած նշվում, եթե ցուցակով նշված չէ կամ տեսանյութով ֆիքսված չէ, որ այդ մարդը գերի է։ Ադրբեջանցիները տեսանյութով ֆիքսված մարդկանց մասով են ասում, որ գերի է։ Բայց մարդիկ կան, որ տարբեր աղբյուրներից, ոչ պաշտոնական աղբյուրներից տարբեր թվեր են հնչեցնում, որ «այսքան գերի կա», այսինքն՝ խառը թվեր են նշվում։ Այսինքն՝ այս պահին մոտ 800 հոգի անհետ կորած է, բայց այս պահին 800 հոգի անհետ կորածները հո՞ գերի չեն։ Նրանց մեջ են այն մարմինները, որոնք դեռ չեն հանվել, նրանց մեջ են մարմինները, որոնք մինչև ոսկորները ոչնչացված են, որից մասունք էլ չես

կարող գտնել, որ ԴՆԹ թեստ անես։ Այդ ընդհանուրը համարվում է անհետ կորած»,- նշեց Արսեն Ղուկասյանը։

Հարցին՝ «եղե՞լ են դեպքեր, որ մարմիններ եք գտել, որ օրինակ՝ մարդիկ թաքստոցներում են եղել և մահացել են ոչ թե հրազենային կամ բեկորային վնասվածքից, այլ՝ ջրի կամ սննդի պակասից», Ղուկասյանը պատասխանեց, որ կոնկրետ որոնողական աշխատանքների ժամանակ ինքը ներս, կոնկրետ տարածք չի մտնում, սակայն մարմիններ են գտնված եղել, որ թարմ վիրավորում ստացած են եղել, ադրբեջանցիներն էլ են այդպիսի տեսանյութեր տարածել, որոնց մեջ երևացել են թարմ, մի քանի օր առաջ վիրավորում ստացած մարմիններ։

Հարցին՝ ինչ-որ տեղեկություններ ունի՞ գերիների մասով, պատասխանեց, որ ոչ։ «Եթե կա ինչ-որ մեկը, որ տեղեկություն ունի, դա խիստ գաղտնի ինֆորմացիա է»,- եզրափակեց Ղուկասյանը։